Ավետիսյանների սպանության գործով ռուսական ռազմաբազայում տեղի ունեցած դատավարության ժամանակ հայկական կողմի փաստաբանների մոտ Պերմյակովի վարքը լուրջ կասկածներ էր առաջացրել, որ նա հոգեկան խնդիրներ ունի: Հայկական կողմը հոգեբանական քննության է ենթարկել Պերմյակովին եւ նոր բացահայտումներ արել:
Այսօր «Հայացք» ակումբում հրավիրած ասուլիսում փաստաբան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ հոգեբանները եկել են հետեւության, որ Պերմյակովին հատուկ են իմպուլսիվություն, կամակորություն, իրավիճակային ագրեսիվություն, ֆանտազյորություն, պրիմիտիվություն, ադապտացիայի դժվարություններ, շտապողականություն եւ այլն: Բժիշկները եկել են եզրահանգման, որ այսպիսի հատկանիշներով է պայմանավորված նրա վարքը եւ այն, ինչ կատարվել է»:
Լուսինե Սահակյանը մի ուշագրավ դրվագ պատմեց: Երբ արդեն սպանության կատարումից հետո նա գտնվել է անազատության մեջ, նրա մոտ կատարվել է խուզարկություն, մի նամակ է հայտնաբերվել՝ ուղղված իր ծնողներին, որտեղ գրված է՝ «Այն, ինչ ես կատարել եմ, դա ես չեմ արել: Դա արել է իմ մեջի մարդը»:
Լուսինե Սահակյանի խոսքերով՝ «Նա ասել է, որ 1 վայրկյանում իմ սիրտը հազար զարկ էր կատարում՝ նկարագրելով , թե ինչ իրավիճակում է եղել սպանություն կատարելիս»:
Կարդացեք նաև
Փաստորեն, արդեն մեր հոգեբանների կողմից ունեք եզրակացություն, որ նա մեղսունակ է, թեեւ փորձագետները նշել են, որ նա ունի լուրջ խնդիրներ:
Փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ Պերմյակովը զորամասն ի սկզբանե լքել է, որպեսզի փորձի սահմանը հատի: Իսկ թե ինչու է Ավետիսյանների տուն մտնել, ըստ Պերմյակովի, երկար փնտրելուց հետո առաջին բաց դարպասն է եղել. «Նա ասում է, որ փորձել է թակել դուռը, բայց արձագանք չի եղել, կարծել է, որ տանը մարդ չկա: Բայց զենքը լիցքավորել է, որ եթե տանը լինեին մարդիկ, խոչընդոտեին իրեն հագուստ, գումար հայթայթելու հարցում, սպանելու էր»: Այսինքն, Պերմյակովը կանխամտածված է դրան գնացել: Նա լիովին գիտակցում է իր կատարած արարքը, դրա համար է, որ համարվում է մեղսունակ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ