Հայաստանում տնտեսական աճ է գրանցվում, սակայն ֆենոմենալ մի բան է, որ աճ կա, բայց աղքատությունը չի նվազում: Այսօր նման կարծիք հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նրա խոսքերով՝ թեեւ միջազգային կառույցների գնահատականով 3.5 % աճ է նախատեսված, սակայն դա բավարար չէ. «Մրցունակության զեկույցներով նշում են, որ Հայաստանում երկնիշ աճ պիտի լինի, եթե 5% էլ լինի՝ բավարար չէ, 9%-ը նոր տեսանելի կլինի: Տնտեսական աճ կարծես թե կա, բայց միգրացիայի տեմպերը նույն են, աճ կա, բայց աղքատությունը չի նվազում, գործազրկության մակարդակը նույնն է: Պատահական չէ, որ մյուս տարվա բյուջեում 800 միլիոնն ուղղվելու է սոցիալական ոլորտին»:
Մանրամասն՝ տեսանյութում
Պարոն Մակարյանը նկատեց, որ հարկահավաքության ցուցանիշներն էլ գոհացուցիչ չեն, չնայած խոշոր գործարարների հետ վարչապետը հանդիպումներ ունեցավ, ստվերի դեմ պայքար էր հայտարարված, բայց արդյունքները բավարար չեն. «Այսօր բոլոր պաշտոնյաների քույրեր- եղբայրները, փեսաներն ընդգրկված են բիզնեսի մեջ: Բիզնեսմենները գիտեն, թե ովքեր են իրենց մրցակիցները, ովքեր են նրանց թիկունքում կանգնած: Այդ մարդկանց կողմից աստիճանաբար բիզնեսի զավթում է տեղի ունենում, եւ ովքեր կապեր չունեն պաշտոնյանների հետ, տանիք չունեն՝ դուրս են մղվում: Այն մարդիկ, որոնք նախարարների բարեկամներ են, վարչության պետերի ծանոթ-բարեկամներ են, սկսած քաղաքապետարանից մինչեւ նախարարներ, նրանք ոչ միշտ են հարկերը մուծում: Բնականաբար, անհավասար մրցակցություն է ձեւավորվում, դրա համար էլ դժվարանում է հարկերի հավաքման խնդիրը: ՀՆԱ-ի մեջ հարկերը 22%-ի հազիվ են հասել: Մեր հարեւան երկրները մեզանից բարձր են այդ ցուցանիշով: Մեր իրավիճակը փրկում են այն մարդիկ, որոնք անընդհատ բարեգործություն են անում, եթե մնայինք բյուջեի հույսին, շատ վատ վիճակում կլինեինք»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Aravot.am-ի այն հարցին՝ արդյոք ՀՀ վարչապետի վստահեցրած՝ 4.1% տնտեսական աճը կապահովվի այդ տարվա, թեեւ միջազգային կառույցներն ավելի քիչ աճ են կանխատեսել, պարոն Մակարյանն ասաց, որ այս տարի որոշակի ակտիվություն կա շինարարության, արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտում, եւ այս ոլորտները եկել են որոշակի օպտիմալ թվերի. «Ճանապարհաշինություն, բնակարաշինություն կա, դպրոցների նորոգում եւ այն, արդյունաբերական արտադրություն կա: Մի հետաքրքրիր բան էլ կա, ինձ մոտ Ռուսաստանից եկած գործարարներ կային, նրանք ասում են, որ Ռուսաստանում հայկական արտադրության մի շարք ապրանքներ մեծ հեղինակություն ունեն, եւ որակի եւ էկոլոգիապես մաքուր լինելու առումով: Մի ուրիշ բան էլ կա, այսօր գործարարներ կան, որոնք միասին աշխատում են, ասենք՝ մեկը ունի արտահանման կապեր, մյուսը 2-ն իրենց ապրանքը տալիս են նրան, ու այդ մեկի միջոցով արտահանում կազմակերպում: Ես կարծում եմ, 3%-ով տարին կամփոփվի, դա իսկական 3% կլինի, բայց էլի բավարար չէ, մի քանի հարյուր միլիոն դոլար է, ինստիտուցիոնալ խնդիրներ կան»:
Պարոն Մակարյանն ասուլիսի վերջում ասաց, որ կան 2 նախարարներ, որոնց պետք է հեռացնել աշխատանքից. «Դա էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարներն են»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ