Չնայած ռուսական կողմը նշում է, որ նա լիովին առողջ է, ոչ մի խնդիր չունի, հայկական կողմն այլ եզրակացության է եկել: Պերմյակովի վարքի հետ կապված դեռեւս ռուսական ռազմաբազայում տեղի ունեցած դատավարության ժամանակ փաստաբանների մոտ լուրջ կասկածներ էին առաջացել, որ նա հոգեպես լիովին առողջ չէ:
Փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքերով՝ փաստաթղթերից պարզ է, դառնում, որ Պերմյակովը մինչ ծառայությունը գտնվել է հոգեբույժների հսկողության տակ, պառկել է հոգեբուժական բաժանմունքներում: Երբ զորակոչվել է բանակ, տարօրինակ վարք է ունեցել: Աթոռով հարվածել է սպաներից մեկին միայն այն բանի համար, որ աթոռը տակից քաշել է: Նրա մոտ նաեւ սուիցիդալ հատկանիշներ են դրսեւորվել, ագրեսիվություն է նկատվել եւ շատ տարօրինակ վարք. «Ծառայակիցներն ասել են, որ նա 2-3 օր շատ տխուր է եղել, լացել է, հարցրել են՝ ինչու ես տխուր,ասել է, որ մայրս մահացել է: Բայց մենք գիտենք, որ նրա մայրը մահացած չէ: Օդնոկլասսնիկի կայքում էլ տարօրինակ գրառումներ է արել՝ նշել է, որ ինքը 40 հազար կրակոց է արձակում օրեկան, տանկեր է վարում: Ծառայակիցներին ասել է,որ ամուսնացած է, երեխա ունի նույնիսկ լուսանկար է ցույց տվել, մինչդեռ նման բան չի եղել: Հոգեբույժները հստակ նշել են, որ արգելվում է, որ նա զինվորական ծառայություն իրականացնի, դա փաստաթղթավորված է: Եղել է հատուկ ցուցում, բայց զենքը հայտնվել է նրա ձեռքում եւ եղել է ծառայության»:
Մյուս բացահայտումը, որ արեցին փաստաբանները, այն է, որ դեռեւս 14 տարեկանից նա օգտագործել է ոգելից խմիչքներ, նաեւ թմրամիջոցներ. «Դա մենք գիտենք, որ լուրջ ազդեցություն է ունենում անձի վրա: Մինչդեռ ռուս սպաներից մեկի ցուցմունքի համաձայն, երբ ՌԴ-ից իրենք ընտրել են զինվորների, ընտրել են լավագույնների»:
Կարդացեք նաև
Փաստաբանները նաեւ պարզել են, որ մինչ ծառայությունը Պերմյակովն ապրել է կրիմինալ բնակավայրում: Նրան անընդհատ ծեծել են տղաները, գումար է տանից տարել, տվել: Իր բնակավայրում եթե մեկը հանցագործություն է կատարում, համարում են նրան կռուտոյ. «Պերմյակովի ուսին դաջվածք կա, հարցրեցինք ինչ է սա նշանակում, ասաց՝ մարտիկ: Նրա վարքից երեւում էր, որ նա լուրջ կայացման խնդիր ունի»:
Լուսինե Սահակյանը այս սկանդալային հայտարարությունները անելուց հետո նշեց, որ շատ քիչ տոկոսն է ասում այն ամենից, ինչ կա Պերմյակովի փաստաթղթերում. «Մենք պնդում ենք, որ, ըստ էության, այդ ռազմաբազայում ծառայում են անձինք, ովքեր իրենց միշտ դրսեւորել են բացասական վարք, ըստ էության, Հայաստանը իրենց համար աքսորավայր է»:
Փորձագետները այդուհանդերձ գտել են, որ Պերմյակովը մեղսունակ անձ է, ենթակա է քրեական պատասխանատվության, թեեւ ունի հոգեկան խնդիրներ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ