Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահությունն իր տարակուսանքն է հայտնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ)՝ Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու որոշման դեմ: ԵՀՄՖ-ն դատապարտում է այդ որոշումը՝ միաժամանակ հայտնելով իր կտրուկ անհամաձայնությունը թուրքերի կողմից ժխտողական քաղաքականության արդարացման այդ փորձի շուրջ: Ըստ ԵՀՄՖ-ի նախագահության, հարցի քննարկումը ՄԻԵԴ-ի կողմից կատարվել է քաղաքական նպատակներ հետապնդելով: ԵՀՄՖ-ի նախագահությունը դատապարտում է նաև ՀՀ ԱԳ նախարարի և ՀՀ նախագահի կողմից կատարված և իրականացված անպատասխանատու գործընթացները և ստացված արդյունքը համարում խայտառակություն՝ հայ դատի պաշտպանության հարցում: Անկասկած, այս խիստ զգայուն խնդիրը լուծման առավել արհեստավարժ տարբերակներ էր պահանջում: Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարում անմտածված քայլերով նման արդյունք ստանալը ԵՀՄՖ նախագահությունը համարում է սրբապղծություն՝ մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակի հարգման հարցում:
Եվրոպայի հայկական միությունների ֆորումը, ինչպես հայտնի է, բարձր մակարդակի դիվանագիտական և լոբբիստական գործընթացների արդյունքում հասել է Եվրոմիության կողմից երկու պետությունների, նախ՝ Սլովակիայի, այնուհետև՝ Հունաստանի կառավարություններում Հայոց ցեղասպանության օրենքի հաստատմանը: Ինչպես հայտնի է, 2009թ.-ին Սլովակիան ունեցավ աննախադեպ արդյունք Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենքի ընդունման հարցում: Այնուհետև, այս տարի Սլովակիայի օրինակին հետևեց Հունաստանը և ընդունեց համանման օրենք: Եվրոպայի լոբբիստական կազմակերպությունների կարծիքով, հայկական իշխանությունների կողմից հովանավորած, անմտածված դատավարությունների արդյունքում հարվածի տակ դրվեց ձեռք բերվածը: ԵՀՄՖ-ն կարծում է, որ կորցրածն այլևս ետ բերել անհնարին է և հույս է հայտնում, որ Եվրոպայի և աշխարհի հայ լոբբիստական կազմակերպությունները պետք է միավորված գործեն՝ ապագայում ՀՀ իշխանությունների կողմից սպասվող ոչ արհեստավարժ գործընթացները ժամանակին կասեցնելու և արդեն կատարած սխալները շտկելու կապակցությամբ:
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի մամլո քարտուղարություն