Կարծում ենք, ՄԻԵԴ նման վճռի բուն շարժառիթը գտնվում է ոչ թե Շվեյցարիայի քրեական օրենսգրքում, ոչ թե Դողու Փերինչեքի հայտարարությունների զանազան նրբերանգներում ու դրանց իրավական մեկնաբանություններում, այլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի ու ընդհանրապես Եվրամիության ներկա հանգրվանի քաղաքական առաջնահերթությունների ծիրում։
Իսկ դրանց թիրախը ոչ թե Եվրոպայի սրբություն սրբոց՝ խոսքի ազատության իրավունքից «օգտված» Դողու Փերինչեքն է, այլ այն երկիրը, որն իր քր. օրենսգրքի 301 հոդվածով մինչ օրս կիրառում է «թուրքականությունը վիրավորելու» համար պատժելու «իրավական» սկզբունքը։
Այսինքն՝ եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը հստակորեն տարանջատում է խոսքի ազատության սկզբունքը եւ հայերի արժանապատվությունը հարգելու, այդ թվում՝ նրանց նախնիների ցեղասպանության ենթարկված լինելու փաստի հանդեպ հարգանք պահանջելու իրավունքը, ապա դրանով, պատկերավոր ասած, գնդակը տեղափոխում է թուրքական դաշտ եւ պահանջում, որպեսզի ճիշտ այնպես, ինչպես Դ.Փերինչեքն իրավունք ունի օգտվելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի «ծառայություններից», այնպես էլ Թուրքիայի տարածքում յուրաքանչյուր ոք իրավունք ունի հանդես գալու հայերի ցեղասպանության ենթարկված լինելու փաստի արձանագրումով՝ առանց դրա համար պատժի կամ՝ հալածանքի ենթարկվելու։
Ստացվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի հոկտեմբերի 15-ի որոշումը Եվրոպայից դեպի Թուրքիա նետված մի բումերանգ է, որը անհատ թուրքի՝ Դ.Փերինչեքի դեմ ուղղված ամբաստանությունը շուտով շրջելու է Թուրքիա պետության դեմ։ Այսինքն՝ ՄԻԵԴ երեկվա որոշումը որոշակի «եվրոքաղաքական տեխնոլոգիայի» իրավական «փաթեթավորում» է։
Կարդացեք նաև
Այն վերջնական չէ ու անպայման իր շարունակությունն է ունենալու հենց Թուրքիայի ներսում՝ ծառայեցվելով նրա ժողովրդավարացման գործընթացին։ Այսինքն՝ վաղը ինչ-որ մեկը Թուրքիայում անպայմա՛ն հանդես է գալու Դ.Փերինչեքի՝ Շվեյցարիայում հնչեցրած հայտարարությանը ուղիղ 180 աստիճանով հակասող տեսակետով եւ թուրքական պետության որեւէ իրավական կամ՝ հակաիրավական պատասխանին արժանանալու պարագայում անմիջապես դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատին։
Այդ ամենի հետեւանքով Հայոց ցեղասպանության ժխտման համար Եվրոպայում Դ.Փերինչեքի ձեռնարկած սադրանքը շրջվելու է Թուրքիայի ու թուրք ժողովրդի դեմ՝ դառնալով հզոր ազդակ նրա ինքնության հիմքերից մեկի խարխլման ճանապարհին։
Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում