ԿԲ նախկին նախագահ, «Գառնի ինվեստ» վարկային կազմակերպության ղեկավար Բագրատ Ասատրյանը վերջերս տհաճ պատմության մեջ է ընկել։ Կազմակերպության խոշոր հաճախորդներից մեկը կիբեռհանցագործության զոհ է դարձել։ Նա էլեկտրոնային փոստով բանակցություններ է վարել լոնդոնյան գործընկերոջ հետ, գործարք է կնքել։ Եվ երբ հերթը հասել է գումարի փոխանցմանը, հաշվեհամար է ստացել, ապա այդ հաշվեհամարով մոտ 70 հազար եվրո գումար է փոխանցել Լոնդոն։ Սակայն հետագայում պարզվել է, որ գումարը ստացել է ոչ թե հասցեատերը, այլ բոլորովին ուրիշ անձ։
«Գառնի ինվեստի» ղեկավար Բագրատ Ասատրյանը չմանրամասնեց խարդախության մեխանիզմը։ Նա միայն ասաց, որ հաքերները կոտրել են իր հաճախորդի էլեկտրոնային հասցեն։ «Գումարին տիրացել են էլեկտրոնային փոստը ջարդելու միջոցով։ Ջարդել են, մտել են, այստեղից գումար են տարել։ Դիմել ենք ոստիկանությանը եւ Կենտրոնական բանկին, որտեղ կա փողերի լվացման եւ ապօրինի շրջանառության կանխմամբ զբաղվող ստորաբաժանում։ Հիմա Ինտերպոլով քննություն է ընթանում։ Արդյունքներին սպասում ենք»։
Բագրատ Ասատրյանը վստահում է մեր իրավապահներին եւ կարծում է, որ խնդիրը Լոնդոնում է։ Առաջիկայում նա պատրաստվում է փաստաբան վարձել այնտեղ, որը կպաշտպանի իր կազմակերպության շահերը։ «Ակնհայտ է հանցագործության փաստը, եւ որ գումարներին տիրանալու մեջ բանկային պրոցեդուրաներ են խախտվել։ Գումարը փոխանցվել է մեր հաճախորդի հանձնարարությամբ մի անձի հաշվի վրա։ Այսպիսի կարգ գոյություն ունի՝ եւ այստեղ, եւ այնտեղ, որ մեծ փոխանցումներ կատարելիս բանկը պետք է համոզված լինի, որ գումարը ստացողը հենց նշված անձն է»,- ասաց ԿԲ նախկին նախագահը:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում