Նյոնում ընթացող ՈՒԵՖԱ-ի գործկամի արտահերթ համաժողովը բացարձակ վստահություն եւ աջակցութուն է հայտնել ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի կողմից իր պարտականություններից 90 օրով հեռացված եւ ֆուտբոլային ցանկացած գործունեությունից զրկված այդ կազմակերպության նախագահ եւ ՖԻՖԱ-ի փոխնախագահ Միշել Պլատինիին:
Շվեյցարիայի դատախազությունը սեպտեմբերի 24-ին քրեական գործ է հարուցել ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի դեմ: Նա կասկածվում է ՖԻՖԱ-ի միջոցներից ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու Միշել Պլատինիին անօրինական կարգով 2 միլիոն շվեյցարական ֆրանկ վճարելու մեջ, ինչը ինքը՝ Պլատինին հարցաքննության ժամանակ չի հերքել՝ հայտարարելով, թե ինքն այդ գումարը Բլատերից ստացել է ՖԻՖԱ-ի հետ կնքված պայմանագրի շրջանակներում:
ՈՒԵՖԱ-ի արտահերթ նիստում հատուկ նշվել է, որ հանուն եվրոպական ֆուտբոլի միասնության, եվրոպական ասոցիացիաները պետք է առավելագույն ջանքեր գործադրեն ընթացիկ ճգնաժամը հաղթահարելու եւ թիվ 1 մարզաձեւը կայուն զարգացման ուղի հանելու համար:
ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն նույն պատիժն է կիրառել նաեւ ՖԻՖԱ-ի նախագահ Իոզոֆ Բլատերի, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի նկատմամբ եւ հայտարարել, որ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես եւ այդ ժամկետը անհրաժեշտության դեպքում կարող է երկարացվել ոչ ավելի, քան եւս 45 օրով:
Կարդացեք նաև
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.10..2015