Լրահոս
Օրվա լրահոսը

Եսակենտրոնության վնասները

Հոկտեմբեր 16,2015 10:08

Վերջերս մեր գործընկեր Շուշան Դոյդոյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ: Թվում է, թե գոնե Շուշանի՝ արժանի լինելու հարցում չպիտի տարաձայնություններ լինեին, եւ բոլորը պիտի նրան հաջողություն մաղթեին: Պարզվում է՝ ոչ. նույնիսկ այստեղ չուզողներ հայտնվեցին եւ պնդեցին՝ քանի որ նա Պողոսին «ոսկե բանալի» է տվել եւ Պետրոսին՝ «ժանգոտ կողպեք», հենց դրա համար էլ նրան պաշտոն տվեցին:

Իհարկե, մարդկային ստորին բնազդները, այդ թվում՝ նախանձը բորբոքելը ամենահեշտ ճանապարհն է արդարամիտ եւ խիզախ երեւալու: Դա նաեւ որոշ չափով «հասարակական կոնսոլիդացիայի» հասնելու միջոց է: «Սերը, բարեկամությունը, հարգանքը այնքան չեն միավորում մարդկանց, որքան միասնական ատելությունը որեւէ բանի նկատմամբ»,- գրում էր Սերգեյ Դովլաթովը: Հարց է հնչում՝ «ովքե՞ր են այդ ոչնչությունները, որ նրանց բնակարաններ տվեցին»: Եվ մարդկանց արյունն իսկույն սկսում է եռալ՝ մի՞թե ես ավելի արժանի չեմ, որ ինձ այս կամ այն բանը տան: Բայց եթե ես ասում եմ, որ այս կամ այն մարդը ոչնչություն է, ուրեմն ես ինձ այնպիսի մեծություն եմ համարում, որ ինձ իրավունք եմ վերապահում որոշել թե ով է մեծություն, ով՝ ոչնչություն:

Նման եսակենտրոն մտածողությունն ունի բազմաթիվ բացասական կողմեր: Անձնական հավակնությունների բարձր մակարդակը խանգարում է որեւէ խնդրի շուրջ համախմբմանը: Վերցնենք թեկուզ իշխանափոխությունը, որն անկախ Հայաստանի ողջ պատմութան ընթացքում ընդդիմության թիվ մեկ նպատակն է եղել: Չխորանալով պատմության մեջ՝ անդրադառնանք այսօրվա վիճակին: Ենթադրենք, «իսկական», «արմատական» ընդդիմության խնդիրը «օր առաջ» իշխանափոխությունն է: Ենթադրենք, բնակչությունն էլ է դա ուզում՝ տատիկ-պապիկները, ինչպես միշտ, չանչեր են ցույց տալիս եւ «թաղում են նրանց բոյը»:

Ինչպե՞ս են արմատական ընդդիմադիրները պատկերացնում իշխանափոխության գործընթացը: Մի մասն ասում է՝ հանենք ժողովրդին փողոց եւ հեղափոխություն անենք: Մյուս մասն ասում է՝ քանի որ նոր Սահմանադրությամբ երկիրը ղեկավարելու է Ազգային ժողովի նախագահը, պետք է ժողովրդին բացատրել, որ Սերժ Սարգսյանը զբաղեցնելու է այդ պաշտոնը, եւ երբ ժողովուրդը դա հասկանա, նա «ոչ» կասի հանրաքվեի ժամանակ, եւ դա ինքնին իշխանափոխություն կլինի: Իսկ Պարույր Հայրիկյանն ասում է՝ եթե հետեւեք «կատարյալ ժողովրդավարության» իմ բանաձեւին, ամեն ինչ լավ կլինի: Այդպիսով, իշխանափոխության միասնական օրակարգ չկա: Անձնական ամբիցիաներ՝ որքան ուզեք:
Բայց եթե քաղաքական միջավայրում նման հակասությունները քիչ թե շատ բնական են, ապա փաստաբանների շրջանում նման երեւույթները հայաստանյան իրականության համար նորություն են: Տեսնես՝ փաստաբաններն իրարից ի՞նչ են ուզում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ստեղի տեղացիները լավ ասացվածք ունեն, ասում են՝ սուրբ տեղը դատարկ չի մնում: Ես էլ շատերի նման թողել հեռացել եմ իմ հարազատ հողից, իմ քաղաքից ու գնացել ուրիշի հողում ու քաղաքում եմ ապրում, իսկ ուրիշներն էլ իմ նման թողել են իրենց գյուղերն ու երկրները ու բնակվում են իմ հարազատ քաղաքում: Եթե մեր հայոց կրոնը դաստիարակեր մեզ ու ասեր՝ ամեն մեկդ գնացեք ձեր հողին տեր կանգնեք, նա ով դեմ կլիներ դրան, ուրեմն հայ չի: Լավ կլիներ, որ մեր հոգեւոր հայրերը մեզ սովորեցնեին, որ հարազատ հողը սրբություն է ու նման բաներ:

    • Ruben says:

      Հայկական լեռնաշխարհի տարածքում գործող կրոններն ու կրոնական հովիվները (գառնարածները) ընդհանուր ոչինչ չունեն ազգային ինքնագիտակցության, ազգային սրբությունների հետ:
      Նրանք (առաքելական ու կաթոլիկ հովիվները) գառնուկացրին, հետո էլ ամբողջ աշխարհով մեկ ցփնեցին իրենց գառնուկներին (հոտերը):
      Ո՞ր մի հովիվն է վերադարձրել գողացած գառներին ազատ, անկախ Հայաստանի Հանրապետություն:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031