Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա բոլորը շշկռված են այս իրավիճակից»

Հոկտեմբեր 16,2015 15:00

Քաղաքագետը՝ Հայաստանի
եւ Եվրամիության հնարավոր համագործակցության մասին

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը պատահական չի համարում, որ հենց այժմ է Եվրամիությունը ցանկանում Հայաստանի հետ սկսել նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները. աշխարհաքաղաքական իրադարձությունները լի են նոր զարգացումներով եւ նոր իրադարձություններով:

Հիշեցնենք, որ օրերս Եվրամիության արտգործնախարարները Եվրահանձնաժողովին տվել են Հայաստանի հետ ընդգրկուն նոր համաձայնագրի շուրջ բանակցության մանդատ: Նախատեսվում է, որ բանակցության պաշտոնական մեկնարկը կտրվի մինչեւ տարեվերջ: Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ մինչեւ տարածաշրջանում այսպիսի իրավիճակ ստեղծվելը, արդեն Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագիր ստորագրելու մասին խոսակցություններ կային, բայց, այնուամենայնիվ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ամեն ինչ պետք է այս պահին ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում նայել: Պարոն Սարգսյանը հատկանշական է համարում, որ այս ընթացքում, երբ Ռուսաստանն ինքն էլ ներգրավված է «Իսլամական պետության» դեմ պայքարում, Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ եղած հարաբերությունները փոխվել են, նկատում է. «Հիմա կարծես Ուկրաինայում խաղաղվեց ամեն ինչ, կարծես թե մեկ օրում բոլոր կողմերը համաձայնության եկան»,- ասում է պարոն Սարգսյանը եւ նշում, որ Ռուսաստանը այսպիսի քաղաքականությամբ փորձում է նաեւ իր վրայից գցել Ուկրաինայի ճգնաժամից առաջացած «բեռը»: «Փոփոխություն եղավ Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ: Հիմա գուցե եվրոպացիներն էլ են հաշվի առել, որ կարող են Հայաստանին ինչ-որ մի պայմանագիր առաջարկել, որովհետեւ այդ կոշտ հակամարտությունը Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ չկա»:

Քաղաքագետը նշում է, որ արդեն ակնհայտ է՝ գերտերությունները համաձայնեցված են աշխատում, եւ դա փոխում է իրավիճակը: Ըստ մեր զրուցակցի՝ այս ընթացքում տարածաշրջանում կատարվող ցանկացած երկրի հետ կապված քաղաքական գործընթաց պետք է դիտարկել գերտերությունների նախնական պայմանավորվածությունների հետ:
Նա կարծում է, որ Ռուսաստանը փոխել է իր տարիներ առաջ որդեգրած քաղաքականությունը՝ կախված այս պահին տեղի ունեցողից: «Եթե Ռուսաստանը մի ժամանակ այլ կերպ էր որոշ խնդիրների վերաբերում, չի նշանակում, որ հիմա նույն խնդրին նույն կերպ պետք է նայի»,- ասում է նա:

Այս իրավիճակում Հայաստանի դիրքորոշման մասին քաղաքագետն ասում է. «Երբ սկսվում են նոր գործընթացներ, պետք է ամեն պետություն պարզ հասկանա, թե իր դիրքորոշումը որն է, ինչ դեր է ինքը վերցնում այդ գործընթացների մեջ: Մեկուսանալ ոչ ոք չի ուզում եւ չի էլ կարող: Սահմանում, օրինակ, սրացումների ժամանակ հայտարարություններ եղան, բայց դրանք ընդամենը հայտարարություններ էին, պետք է որոշումներ լինեին, որ արդեն կարողանանք ասել, որ ձեւավորվում է ինչ-որ քաղաքական գիծ: Ես կարծում եմ, որ մեկը պետք է հստակեցնի մեր քաղաքական ուղղությունը: Եթե Ռուսաստանի եւ Թուրքիայի մեջ հարաբերությունները սրվեն, բնական է, որ դա ազդելու է մեզ վրա: Եթե Հայաստանը Ռուսաստանի քաղաքականության ֆորմատների մեջ է, նշանակում է՝ ինչ վերաբերում է Ռուսաստանին, վերաբերում է նաեւ Հայաստանին: Հիմա ՀԱՊԿ-ի այդ ժեստը, որ ասաց, թե դուք ինքներդ կարող եք պատասխանել հակառակորդին, ինչ-որ ճանապարհ է բացում, տեսնենք, թե ինչ է որոշվում մեր կողմից. կախվո՞ւմ ենք ինչ-որ կազմակերպությունից, թե՞ ինչ-որ քայլերի ենք դիմում անվտանգության համակարգը ամրապնդելու համար: Նորից քայլեր չկան, ընդամենը հայտարարություններ են»:

Մեր տարածաշրջանում իրականացվող գործընթացները դժվար ընտրության առջեւ են կանգնեցնում ոչ միայն մեզ: Քաղաքագետը բերում է Իրանի օրինակը, որը չի կողմնորոշվում՝ դեպի Արեւմո՞ւտք, թե՞ Ռուսաստան գնա: «Հիմա բոլորը շշկռված են այս իրավիճակից»,- ասում է նա: Պարոն Սարգսյանը նշում է, որ հիմա այլեւս դժվար է հասկանալ՝ ով ում հետ է համագործակցում, ում դեմ է գործում:

Լավագույն տարբերակը, ըստ Մանվել Սարգսյանի, իրադարձություններին հետեւելն է եւ վերլուծություններ ու եզրահանգումներ անելը. «Եվրամիությունը մի առաջարկ է արել Հայաստանին՝ պայմանագիր կնքել, հիմա Մինսկի խումբն է գալու առաջարկի Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին հանդիպում, պետք է նորից դիրքորոշում հայտնել, նորություն է նաեւ, որ ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները հանդիպեցին ԵԱՀԿ-ի հետ՝ Ղարաբաղի խնդրի հետ կապված: Այս ամենը պետք է անընդհատ վերլուծվի, որ հասկանանք, թե ինչ է սպասվելու»,- ասում է նա:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031