Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Աբրահամյանը չբացահայտեց «Նաիրիտի» հետ կապված իր ծրագրերը

Հոկտեմբեր 16,2015 14:30

Նա ուշանում էր Կարեն Կարապետյանի որդու հարսանիքից

Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ պատրաստվում է կուսակցություն ստեղծել եւ մասնակցել Հայաստանի ԱԺ առաջիկա՝ 2017 թվականի ընտրություններին: Ավելի ուշ՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, Արա Աբրահամյանը հանդիպում ունեցավ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության քաղխորհրդի, քաղխորհրդի նախագահության անդամների հետ: ՀԴԿ նախագահը, հիշեցնենք, Արամ Գասպարի Սարգսյանն է: Նա նաեւ Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահն է:

Արա Աբրահամյան-ՀԴԿ հանդիպումը տեւեց մոտ երկու ժամ: ՀԴԿ քաղխորհրդի անդամները Արա Աբրահամյանին տարատեսակ հարցեր ուղղեցին: Հանդիպումից հետո Արա Աբրահամյանը շտապեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանի որդու հարսանիքին: Հարսանիքը «Փարավոն» ռեստորանում է եղել: Ներկա են եղել նաեւ ՀՀ նախագահը, քաղաքական եւ ոչ քաղաքական ողջ էլիտան:
ՀԴԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Արա Աբրահամյանի հեռախոսն անդադար զանգում էր: Զանգահարողների թվում էին նաեւ Գագիկ Ծառուկյանը, Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը: Վերջիններիս, հավանաբար, հետաքրքրել էր Արա Աբրահամյանի՝ հայաստանյան քաղաքական դաշտ մուտք գործելու հայտարարությունը:

Հանդիպումից հետո «Առավոտը» պարոն Աբրահամյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է նոր կուսակցության փոխարեն ինքը որոշի, մասնավորաբար, Դեմկուսը «ակտիվացնել», քանի որ վերջինս նաեւ կենսագրություն, որոշակի պոտենցիալ ունեցող կուսակցություն է հայաստանյան քաղաքական դաշտում, իսկ Արամ Սարգսյանի հետ ինքը վաղուց է համագործակցում: «Գիտեք ինչ, իմ միտքը նոր կուսակցություն ստեղծելն է, բայց ինչ ասեք՝ հնարավոր ա: Սա մտավորականության հետ էի հանդիպում»,- ասաց նա: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հարցեր են իրեն ուղղել մտավորականները, ի՞նչն է նրանց մտահոգում: «Ի՞նչ հարցեր կմտահոգեն, էն հարցերը, որ ձեզ են մտահոգում՝ սոցիալական հարցեր, գիտություն, կրթություն, բարոյական նորմաներ, հետաքրքրում էր՝ այսօր ո՞նց վերադարձնենք մեր հավատքը, ո՞նց վերադարձնենք մարդկանց արժանապատվությունը, ո՞նց աշխատենք միասին»,- եղավ պատասխանը: Հարցրեցինք՝ իսկ գիտե՞ր ինքը, թե այդ ամենն ինչպե՞ս պետք է անել, ի՞նչ պատասխաններ տվեց: «Հիմա ես ձեզ որ ասեմ գիտեմ, պետք է ասեք՝ Աբրահամյան Արան ասեց՝ ամենագետ ա»,- ասաց նա: Հարցրեցինք՝ օրինակ, մարդկանց մոտ հավատն ու վստահությունն ինչպե՞ս պետք է վերականգնել, այս տարիների ընթացքում թե դիմադիր, թե ընդդիմադիր քաղաքական այրերը հասցրել են ամենը հողին հավասարեցնել: «Ես որ ասեմ… թող իրենք ասեն»,- հարցն անպատասխան թողեց Արա Աբրահամյանը: Նա անպատասխան թողեց նաեւ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հետ կապված իր ծրագրերին վերաբերող հարցը, սակայն չհերքեց, որ այդ առիթով հանդիպումներ է ունեցել ՀՀ կառավարության տարբեր ներկայացուցիչների հետ: «Մենք բոլորի հետ կապված ծրագրեր ունենք: Բերեք էդ հարցին չպատասխանեմ: Մի քիչ հավատացեք: Ամեն ինչ լավ ա լինելու»,- զրույցը եզրափակեց նա:

Ավելի ուշ «Առավոտի» հետ զրույցում ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն ասաց, որ բնավ զարմանալի չպիտի լինի իր ղեկավարած կուսակցության ղեկավար մարմնի հետ հանդիպումը, քանի որ բացի գործնական հարաբերություններից՝ ինքն ու Արա Աբրահամյանը երկար տարիների ընկերներ են: «Պարզ է, որ քննարկում ենք բոլոր հարցերը: Չնայած մի բան պիտի հատուկ շեշտեմ՝ այն ժամանակ, երբ ես համաձայնեցի գալ Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ, պայմանավորվել ենք, որ իմ քաղաքական գործունեությունն առանձին խնդիր է եւ կապ չունի հասարակական աշխատանքի հետ: Դա պայմանավորվել ենք ի սկզբանե եւ այդ պայմանը չենք խախտել: Երբ վերջերս ինքը եկավ այդ եզրակացության, որ կարող է ծրագիր իրականացնել, ինքը ցանկություն ունի քաղաքական կուսակցության հետ քննարկելու եւ խորհուրդ անելու: Ու եկանք պայմանավորվածության, որ ՀԴԿ-ի հետ հանդիպի: Այստեղ գլխավոր հարցը այն է, որ մարդը ծրագիր ունի իրականացնելու, ոչ թե գալիս է պաշտոն վերցնելու, բիզնես անելու: Այդ մարդը բիզնես էլ ունի, ամեն ինչ էլ»,- ասաց Արամ Սարգսյանը: Հարցին՝ ինչո՞ւ են հայ օլիգարխները ձգտում իրենց բոլոր ծրագրերն իրականացնել քաղաքական հարթակով, ոչ թե տնտեսական, անգամ այն բանից հետո, երբ բոլորը տեսան, թե ինչ կատարվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, Արամ Սարգսյանն ասաց, որ այն մարդիկ, ովքեր հանրապետությունից դուրս են աշխատել եւ ձեռք բերել իրենց հարստությունը, եթե այլ ամբիցիաներ չունեն, կարիք էլ չունեն Հայաստանում տնտեսական քաղաքականություն վարելու: Նա նկատում է, որ ոչ միայն ՌԴ-ում, այլ երկրներում էլ մենք ունենք շատ մարդիկ, ովքեր տարբեր բնագավառներում հաջողությունների են հասել, ու եթե որոշողն ինքը լիներ, բոլորին էլ կհրավիրեր Հայաստան՝ միասին, համակարգված երկրի հզորացման համար տարբեր ծրագրեր իրականացնելու: «Արա Աբրահամյանը հայտարարում է, որ պատրաստում է այդպիսի ծրագիր: Ու եթե զուտ տնտեսական ծրագիր իրականացնի, կառավարությունը պետք է անպայման դրա հետ համամիտ լինի, իշխանությունը պետք է նրան աջակից լինի: Ես ենթադրում եմ, որ դեռ այդպիսի աջակցություն չկա: Դրանից ելնելով՝ դու պետք է քո հենքը ստեղծես: Իսկ դրա համար պետք է տնտեսական ծրագիր, քաղաքական հենարան, համապատասխան մասնագիտական թիմ, որն այդ ծրագիրն իրականացնի»,- ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ ՀՀ իշխանություններին ամեն մի այսպիսի մրցակցություն այդքան էլ դուր չի գալիս:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031