Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում հոգեհանգստի պատճառով անգամ պատարագներն են արագացված կարգով արվում

Հոկտեմբեր 16,2015 14:00

Շրջապատի բնակիչները կամաց-կամաց հրաժարվում են այս եկեղեցի այցելել, քանի որ չեն ուզում երեխաներով ու թոռներով ամեն անգամ անծանոթի հոգեհանգստին ներկա գտնվել:

Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցին, որն այս տարիների ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու հազարավոր հետեւորդների էր հավաքել իր շուրջը, եւ մարդիկ անգամ մայրաքաղաքի այլ ծայրամասերից այցելում էին այս եկեղեցի՝ աղոթելու, պատարագների մասնակցելու եւ Աստծո խոսքը լսելու, կամաց-կամաց հրաժարվում են այցելել Սուրբ Սարգիս եկեղեցի: Պատճառն այնտեղ գրեթե ամեն շաբաթ կատարվող հոգեհանգստի արարողություններն են, որոնք այնքան հաճախակի են դարձել, որ շրջակա շենքերի բնակիչները գերադասում են այլեւս եկեղեցի չայցելել, քան ամեն անգամ երեխաներով, թոռներով անծանոթի հոգեհանգստի արարողությանը ներկա գտնվել:
Որեւէ մեկը դեմ չէ ինչ-որ արարողությունների միջոցով եկեղեցու սպասավորների գումար աշխատելուն, սակայն հոգեհանգստի արարողության միջոցով գումար աշխատելու այս եկեղեցու ցանկությունն ու ախորժակն այնքան է մեծացել, որ իր հոտի անդամների դժգոհությունների վրա անգամ եկեղեցին աչք է փակում:

Ըստ չճշտված տեղեկությունների՝ այստեղ հանգուցյալ դնելը եւ հոգեհանգստի արարողությունը կազմակերպելը մի քանի հազար դոլար արժե: Եվ հիմնականում փողատեր զանգվածն է կարողանում այդ ծառայությունից օգտվել: Եվ ամենեւին կապ չունի, թե հանգուցյալն իր կենդանության օրոք հայտնի է եղել, թե ոչ:

Տարածքի բնակիչների խոսքերով՝ երբ որոշվեց, որ ի թիվս այն մի քանի եկեղեցիների, որտեղ թույլատրվեց հոգեհանգիստ կազմակերպել, Նոր Նորքի Սուրբ Սարգիսում էլ պետք է նման արարողություն լինի, հոգեւոր դասի պատասխանատուները վստահեցրել էին, որ այն բացառիկ դեպքերում է լինելու, եւ միմիայն հանրաճանաչ մարդկանց հոգեհանգստի միջոցառումներն են այստեղ կազմակերպվելու, որը այսպես հաճախակի բնույթ չէր կրելու, այլ տարին մեկ-երկու անգամ էր եկեղեցու բակը սգո ծաղկեպսակներով պատվելու, դիակ տեղափոխող մեքենաներով լցվելու եւ թաղման թափորով շրջապատվելու: Բայց սգո այդ արարողություններն այստեղ այնքան են հաճախակիացել, որ շրջապատի բնակիչները եկեղեցի այցելելու ճանապարհին միմյանցից պարտադիր ճշտում են՝ հո դիակ չկա՞ր եկեղեցում: Եվ եթե իմանում են, որ կա՝ հետ են դառնում:

Հոգեհանգստի պատճառով այս եկեղեցում անգամ պատարագներն ու ժամերգություններն են արագացված կարգով կազմակերպում: Բնակիչների խոսքերով՝ պատարագի կեսից մեկ էլ տեսնում ես՝ եկեղեցու սպասավորները նստարանները սկսում են հանել, այս ու այն կողմ տանել ու սրահը ձեւափոխել սգո արարողությանը պատրաստելու համար:
«Պարզվում է՝ մեր հանրապետության 80 տոկոսը հայտնի մարդիկ են, ու մենք այդ մասին տեղյակ չենք: Հարսանիքների ժամանակ ոչ մի մեքենայի՝ անգամ հարս ու փեսայի մեքենային թույլ չեն տալիս եկեղեցու բակ մտնել, բայց հոգեհանգստին դռները բացում են, ու մեքենաները բակում երթեւեկում են»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում էին բնակիչները:

Նրանք մի դեպք պատմեցին, երբ նոր ամուսնացած զույգը ուրախ-ուրախ եկել է եկեղեցի՝ ամուսնությունն ու մատանիները օրհնելու, ընկճված ու անտրամադիր հետ է դարձել, քանի որ եկեղեցում հանդիպել է հանգուցյալի: Ամուսնացած շատ նոր զույգեր անգամ հրաժարվում են այստեղ պսակադրության արարողություն կազմակերպել, երբ տեղեկանում են, որ իրենց արարողությունից անմիջապես հետո հոգեհանգիստ է լինելու: Սակայն եկեղեցու հոգեւորականներն ավելի շուտ պսակ անելուց կհրաժարվեն, քան կմերժեն այս եկեղեցում հոգեհանգիստը կազմակերպել ցանկացող հանգուցյալի հարազատներին:

Մեզ հետ զրույցում բնակիչները նշեցին, որ այլեւս ամիսներով այս եկեղեցի չեն այցելում, շատերն էլ անգամ ընդհանրապես հրաժարվել են այցելելուց. «Երբ այսքան պարբերական բնույթ չէին կրում հոգեհանգստի արարողությունները, բոլորս էլ սիրով գնում էինք եկեղեցի՝ երեխաներով, թոռներով, ամուսիններով, հատկապես, որ եկեղեցու բակը լավ խնամված է, եւ ամռան սեզոնին երեխաներն այնտեղ խաղում են, զբոսնում, մեծահասակները նստում՝ հանգստանում: Այսինքն՝ շփումը մեր եկեղեցու, մեր հավատքի հետ մշտապես էր, հետո էլ ասում են՝ աղանդավորները շատանում են. եթե եկեղեցին նման գործելակերպով իրենից վանում է իր հավատացյալներին, ստիպում, որ հրաժարվեն եկեղեցի հաճախելուց, աղանդավորներն էլ պիտի առիթից օգտվեն ու ակտիվանան, հոգեորսությամբ զբաղվեն ու իրենց շարքերը համալրեն: Մեր եկեղեցին հակառակ քարոզչությունը տանելու եւ ամեն գնով իր հավատացյալին ամուր պահելու փոխարեն՝ ընկած է գումար աշխատելու հետեւից»:

Այդ տարածքում ապրող այն բնակիչներն էլ, որոնց շենքերի պատուհաններն այդ ուղղությամբ են նայում, գրեթե օրումեջ ականատես են լինում այդ ճնշող տեսարաններին: Այդ շենքերի բնակիչները երեխաներին ընդհանրապես արգելում են այդ կողմերում խաղալ ու եկեղեցու բակ մտնել:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Փիրուզ says:

    Հերթական ոչ ճիշտ կառավարման արդյունք է: Անհրաժեշտ է գերեզմանատներին կից, տարբեր հատվածներում մի քանի մատուռներ կառուցել եւ վերջ ու անպայման չի, որ դրանք լինեն Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու չափերին: Անընդունելի է, երբ մարդը ցանկանում է եկեղեցի այցելել, իսկ այնտեղ դրված է ինչ որ մեկի հանգուցյալը ու կողքը նրա հարազատներն են սգում ու ողբում: Դա հոգեբանական մեծ ճնշում է առաջացնում: Սա հայ եկեղեցու առջեւ ծառացած հերթական ժամանակակից մարտահրավերներից է: Կամ նա լուծում կգտնի կամ կկորցնի հավատացյալների մի զգալի հատված:

  2. Անահիտ says:

    Հարգելի լրագրող։ Նախ Ձեր տոնը շնորհավորելով, կխնդրեի այդքան ծանր չնկարագրել։ Կարող է մի քանի բնակչի դուրը չի գալիս, բայց հարակից շենքերի ամբողջ բնակչության անունից մի գրեք ստեր։ Նախ՝ հոգեհանգիստը երեկոյան 7-ից է սկսվում (այդ ժամին ո՞վ է մոմ վառում)։ Հետո՝ շրջապատի բնակիչներն էլ շատ հաճախ ներկա գտնվում ազգի շատ մեծերի վերջին հրաժեշտին ու հաստատ եթե այլ տեղում լիներ այդ արարողությունը շատ մեծ ցանկության դեպքում հաստատ չէին գնա։ ՈՒ հետո շաբաթը մեկ չի, համարյա օրը մեջ հոգեհանգիստ կա այդ եկեղեցում։ Վերջում էլ մի հարց եմ ուզում ուղղել. էդ շրջապատի բնակիչներից ոչ ոք Ձեզ չի՞ դիմել եկեղեցուց քիչ ներքև ավելի մեծ գումարներ աշխատող ու շրջապատի բնակչությանն ավելի զզվեցնող աղանդավորական կառույցը։ Իսկ միգուցե Ձեզ դիմող այդ անձանց ավելի ձեռնտու՞ է իրենց թոռներով ու հարսներով այդ օբյեկտ այցելելը։ Բա գրեք, ես էլ եմ շրջապատի բնակիչ կամ էդ դիմողների անունները գրեք էլի։ Փաստորեն Աշոտյանը ճիշտ է մաղթել՝ լավ սևագրեք։

  3. Արմինե says:

    Վաղուց էր պետք այս թեմային անդրադառնալ։ Ես ինքս տարածքի բնակիչ եմ և մոտ մեկ տարի է ինչ տարածքում չեմ զբոսնել։ Շատ տհաճ են նման տեսարանները։
    Հարգելի լրագրող՝ շնորհակալ եմ այս խնդրին անդրադառնալու համար, հուսով եմ հաշվի կառնեն այս նյութը։
    Հարգելի Անահիտ՝ դուք դեմ չե՞ք, ձեզ դուր է գալիս ամեն երեկո տեսնել հանգուցյա՞լ։ Ողջ Նոր Նորքն է դեմ։ Երեխաների հոգեբանության վրա է ազդում։ Եվ պետք չէ քննադատել լրագրողին։ Ի միջայլոց ժամերն էլ սխալ նշեցիք։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031