Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական դեպարտամենտի նախկին պետն ուշադրություն հրավիրեց իր դեմ կաշառքի մասին հաղորդումների ժամանակագրությանը

Հոկտեմբեր 16,2015 13:30

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավորներ Կարինե Ղազարյան, Մխիթար Պապոյան եւ Վազգեն Ռշտունի կազմով, այս շաբաթ երկու նիստ է հրավիրել միայն դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի, դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին աշխատակից Անգին Ղուկասյանի բողոքների հետ կապված:
Երեկ Միսակ Մարտիրոսյանի միջնորդության հիման վրա հետազոտվեցին 15-րդ հատորում առկա այն գրությունները, որոնք ոստիկանության հետաքննիչները ուղարկել էին Երեւան քաղաքի քննչական վարչություն: Ըստ այդ գրությունների, 2013թ. սեպտեմբերի 23-ին այս գործով վկա Լիլյա Պետրոսյանը հաղորդում էր տվել, թե 1000 դոլար կաշառք է տվել Անգին Ղուկասյանին, որպեսզի նա գումարը տա Միսակ Մարտիրոսյանին՝ որդուն աշխատանքի տեղավորելու համար: Մեկ այլ գրություն էլ վերաբերում էր Ռուզաննա Դարբինյանի՝ Անգին Ղուկասյանի բարեկամի հաղորդմանը, որը 1000 դոլար գումար էր տվել Անգինին՝ եղբորորդուն աշխատանքի ընդունելու համար: Ըստ այդ գրության էլ, Անգինը 800 դոլարը տվել էր Միսակին, 200-ը վերցրել:

Միսակ Մարտիրոսյանն այս միջնորդությունն անելիս, հղում էր կատարել մեղադրողների բողոքի 65-րդ էջում արձանագրվածին:

Մեղադրանքը պաշտպանողներն իրենց բողոքում բառացի գրել էին հետեւյալը. «Հարկ է նշել, որ առավել քան կարեւոր հանգամանք է հանդիսանում այն, որ կաշառք ստանալու եւ տալու 3 դեպքերի վերաբերյալ տեղեկություններին քննությունը տիրապետել է բացառապես Անգին Ղուկասյանի կողմից հայտնած տվյալներից` արձանագրված 2013թ. սեպտեմբերի 21-ին, 24-ին, 30-ին եւ դեկտեմբերի 3-ին կատարված հարցաքննությունների ժամանակ, իսկ դրանց վերաբերյալ մյուս ապացուցողական նշանակություն ունեցող տվյալներն արդեն ձեռք են բերվել այդ ցուցմունքների բովանդակությունից բխող տվյալների շնորհիվ: Նույն կաշառք տվողները, որոնց նկատմամբ հետագայում կայացվել են քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումներ, իրավապահ մարմիններին հաղորդում, հետագայում ցուցմունքներ են տվել Ա.Ղուկասյանի ցուցմունքներից հետո միայն, լրացնելով եւ ամրապնդելով դրանք: Այսինքն, Անգին Ղուկասյանի կողմից նման տվյալներ չհայտնելու պարագայում քննությունն իրական որեւէ հնարավորություն չէր կարող ունենալ այդ ծանր հանցագործությունների բացահայտման համար»:

Datakan_Departament_2
Ըստ Միսակ Մարտիրոսյանի, սա իրականում առանձնահատուկ դեպք է, երբ մեղադրողները բողոքով արձանագրում են մի միտք, որը իրավապահ մարմիններում բնութագրվում է՝ որպես «մեղայականով» ներկայանալ:

Միսակ Մարտիրոսյանը դիմելով վերաքննիչ դատարանին՝ առարկել է, ասաց, թե. «Մեկ տարվա նախաքննության եւ մեկ տարվա դատաքննության ընթացքում բազմիցս հայտարարել ենք ու ներկայացրել ապացույցներ, հանդես եկել միջնորդություններով, որ նախաքննական մարմինը եւ հսկող դատախազները Ա.Ղուկասյանի հետ հակաօրինական գործարքի մեջ են մտել, որի արդյունքում ինձ կեղծ եւ շինծու մեղադրանք է առաջադրվել եւ, որ Լ.Պետրոսյանի, Ռ.Դարբինյանի կողմից 3 տարի առաջ, իբր կաշառքներ տալու վերաբերյալ հայտարարություններ տալիս, կամավոր եւ ինքնակամ չեն ներկայացել իրավապահ մարմիններին ու դա հիմնավորում էինք իրենց ցուցմունքներով եւ քրեական գործով ձեռքբերված այլ տվյալներով: Մասնավորապես՝ հաղորդում կատարված հանցագործության մասին, որտեղ նշված էր, որ հանցագործությունը բացահայտվել է «օպերատիվ տվյալներ իրականացնելիս»:

Միսակ Մարտիրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ուշադրություն հրավիրելով ժամանակագրության վրա: Նա ասաց, որ սեպտեմբերի 24-ին, ժամը 01-ից 02-ը ոչ միայն անհնար էր քաղաքացիների կողմից բացատրություն վերցնելը, այլ այդ պահին «օպերատիվ տեղեկությունների» հիման վրա քրեական գործ հարուցելը: Ըստ նրա, փորձ չի արվել անգամ քրեական գործ հարուցել, առանց քրեական գործ հարուցելու որոշման մարդիկ «վեցերորդ վարչությունում» արդեն իսկ բացատրություն են տվել. ինչպե՞ս:
Ուշադրության արժանի է այն, որ երեք դատավորներն էլ ցանկացած ապացույց հետազոտելիս տալիս էին հետեւյալ հարցը. դուք առաջին ատյանում դրանք ներկայացրե՞լ եք, հետազոտվե՞լ են այդ ապացույցները:

Datakan_Departament_3
«Ա. Ղուկասյանի հետ համապատասխան աշխատանք տանելուց հետո վերջինս գործարքի մեջ է մտել նախաքննական մարմնի հետ եւ դրա արդյունքում 23.09.13թ. բացատրություն է գրել ոչ միայն այն մասին, որ Լ.Պետրոսյանից 1.000 ԱՄՆ դոլար գումար է վերցրել ինձ փոխանցելու համար ու իբր 800 ԱՄՆ դոլարը փոխանցել է ինձ, այլ նաեւ մի նոր դրվագ է ստեղծագործում, թե իր ամուսնու ազգական Ռ. Դարբինյանից եւս 1.000 ԱՄՆ դոլար է վերցրել ու իբր ինձ փոխանցել, քանի որ այդ ամենը սահուն չի ընթացել, դրա համար էլ հարկադրաբար Լ. Պետրոսյանը, Ա. Պետրոսյանը, Ա. Եղիազարյանը եւ Ա. Ղուկասյանը մեկ օրից ավելի ապօրինաբար զրկվել են ազատությունից ու պահվել ոստիկանությունում»,- ասաց Մ. Մարտիրոսյանը:

Մեկ օր առաջ վերաքննիչ դատարանում այս դրվագի հետ կապված Մ. Մարտիրոսյանն ասել էր. «Ա. Ղուկասյանին ինձ հետ առերեսելուց հետո նախաքննական մարմինը տեսնելով, որ փչած փուչիկը պայթեց, քանի որ իրենց համար էլ ակնհայտ էր, որ Ա. Ղուկասյանը թշնամանք է տածում եւ դա արձանագրվեց նաեւ առերես հարցաքննությամբ, եւ եթե կրկին Ա. Ղուկասյանի միջոցով ստեղծագործեին անգամ 30 դրվագ, դա, միեւնույն է՝ հավատ չէր ներշնչելու»: «Դրա համար ստեղծագործվում է 3-րդ դրվագը՝ Վ.Կարապետյանի մասով, փորձ անելով այն ներկայացնել որպես առանձին դրվագ, նաեւ այն պարզ պատճառով, որ իրենց հետ համագործակցող Ա.Ղուկասյանի մեղադրանքի ծավալը հանկարծ չմեծանա, տեսնելով, որ այդ դրվագով եւս, առերես հարցաքննությամբ, դա էլ հօդս ցնդեց, խափանման միջոց է ընտրվում ստորագրություն չհեռանալու մասին, ու երբ ավարտում են բոլոր դրվագներով քննությունը, որոշվում է 8 հոգանոց քննչական խումբ ստեղծել եւ սկսվում է մասսայական օպերատիվ աշխատանքը ոստիկանության կողմից, որի էությունը կայանում է նրանում, որ ոստիկանություն են հրավիրում հարյուրավոր նախկին եւ ներկա դատական ծառայողներ, դատական դեպարտամենտի կարիքների համար մրցույթներում ոչ միայն հաղթող ճանաչվածները, այլեւ՝ մասնակիցներ, որպեսզի պարզեն, թե ումից եմ կաշառք պահանջել: Տպավորություն չստեղծվի, թե ես ցանկանում եմ կարծիք հայտնել, թե ինչու է դա արվել, ավելի լավ, բոլորն էլ տեսան եւ համոզվեցին, որ իմ կողմից չի կատարվել եւ ոչ մի հանցագործություն, բացի գործը քննող քննիչներից եւ հսկող դատախազից»,- հավելել էր Մ. Մարտիրոսյանը:

Ի դեպ, Մ. Մարտիրոսյանը դատական նիստի ժամանակ տվել էր մի լրագրողի անուն, որից քննիչը իր վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ է խնդրել. «Այսինքն՝ ինչ ծանր վիճակի մեջ են իրենք իրենց դրել, որ ստիպված այդ անհույս քայլին էլ են դիմում»:
Մ. Մարտիրոսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ քրեական գործի նախաքննության ընթացքում տեղի է ունեցել աննախադեպ բան, այն է՝ քրեական գործի նախաքննությունը Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթից տեղափոխվեց ՀՀ գլխավոր քննչական վարչության վարույթ եւ ընդամենը երեք շաբաթ հետո, առանց որեւէ հիմնավորման, իհարկե, ոչ պատահականորեն, վերադարձրել է Երեւան քաղաքի քննչական վարչություն:

Մինչ վերաքննիչ դատարանը կանցներ ճառերին, միջնորդությամբ հանդես եկավ դեպարտամենտի կին հաշվապահ Հովհաննիսյանի պաշտպան Վարդանյանը: Նա ասաց, որ մի երիկամից 2011-ին հրաժարվել է իր պաշտպանյալը, նա տարել է ծանր վիրահատություն, բայց չի կարող հրապարակել, թե ինչ վիրահատություն է դա, ասաց, որ դատարանը թող դիմի կադաստրին, իմանալու համար, որ իր պաշտպանյալը որեւէ անշարժ կամ շարժական գույք ձեռք բերե՞լ է: Դրան առարկեց ինչպես դատարանը, այնպես էլ ամբաստանյալ Գեղամ Գրիգորյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը՝ ասելով, որ պաշտպանը հնարավորություն ունեցել է առաջին ատյանում պահանջել այդ տեղեկատվությունը, եւ որ առաջին ատյանի դատարանը հետազոտել է վիրահատությանն ու բուժմանն առնչվող տեղեկությունները:

Պաշտպանի կարծիքով՝ «մեղմացուցիչ հանգամանքների մեջ» դատարանի գնահատականը «նվազ» էր:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031