Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երբեմն մեր կատարողները բավական կոմպլեքսավորված են»

Հոկտեմբեր 16,2015 13:00

Ըստ թավջութակահար Արամ Թալալյանի, «Արս լունգա» դուետը
չի վախենում ոչ հայտնիների ստեղծագործությունները կատարելուց

«Արս լունգա» դուետը, որ 2009-ին հիմնադրվել է ճանաչված թավջութակահար Արամ Թալալյանի եւ դաշնակահար Ջուլիետա Վարդանյանի կողմից, ի սկզբանե իր առաջ նպատակ է դրել պահպանել եւ տարածել հայ ակադեմիական երաժշտությունը: Հենց այդ մղումով էլ «Արս լունգան» կյանքի է կոչել «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» նախագիծը, որի 1-ին մասը բաղկացած է 60 (1900-ականներից մինչ այսօր) հայ եւ սփյուռքահայ կոմպոզիտորների թավջութակի եւ դաշնամուրի համար գրված ստեղծագործությունների ձայնագրություններից (12 ձայնասկավառակ):

Ձայնասկավառակների շարքը ներկայացված է ԱՊՀ-ի, Եվրոպայի, Հեռավոր եւ Մերձավոր Արեւելքի երկրների, Իրանի, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի, Կանադայի հեղինակավոր բարձրագույն երաժշտական հաստատությունների, Կոմպոզիտորների միությունների եւ ռադիոկայանների ձայնադարաններում: Ջուլիետա Վարդանյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ այժմ «Արս լունգան» աշխատում է «Հայ կամերային երաժշտության անթոլոգիայի» 2-րդ մասի ստեղծման վրա, որն ամփոփում է հայ կոմպոզիտորների դաշնամուրային տրիոները (ստեղծագործություններ դաշնամուրի, ջութակի եւ թավջութակի համար):

«Ինչքան գրականություն եղել է, ներգրավել ենք թավջութակի եւ դաշնամուրի համար: Ոմանք նվիրել են մեզ իրենց գործերը, ոմանք էլ ոգեշնչված այս նախագծով՝ գրել են ստեղծագործություններ»,- ասաց դաշնակահարը:

Արամ Թալալյանը փաստեց, որ անթոլոգիայում միայն դասականների երաժշտությունը չէ. «90%-ով լրիվ նոր երաժշտություն է, երիտասարդների, սփյուռքահայերի եւ հայաստանցիների… Մենք ապագայի համար մեծ աշխատանք ենք կատարել, միայն այդ գործերը գտնելը ծավալուն աշխատանք է՝ կապված ամբողջ հայության պատմության հետ եւ ոչ թե միայն հայտնի կոմպոզիտորների՝ Կոմիտաս, Խաչատրյան, Միրզոյան… Զուտ մեր ճաշակով կամ ցանկություններով չենք առաջնորդվել, այսինքն՝ ինչ-որ կա, վերցրել ու ձայնագրել ենք»:

Aram_Talalyan_1

Ջուլիետա Վարդանյանը վկայակոչեց Մանսուրյանի այն սոնատը, որը երբեք չի կատարվել. «Դա մի բարդագույն ստեղծագործություն էր, եւ անգամ Տիգրան Մանսուրյանի համար էր բացահայտում, ասում էր՝ չեմ հավատում, որ լսում եմ»:

Երաժիշտներից տեղեկացանք, որ նոյեմբերի 4-ին «Արամ Խաչատրյան» փառատոնի շրջանակներում կկայանա դուետի մենահամերգը ու կհնչի միայն դասականների երաժշտությունը: Նոյեմբերի 17-ին էլ Կոմիտասի անվան թանգարան ինստիտուտում մեկ այլ համերգ կկայանա՝ բոլորովին այլ ծրագրով: «Ցանկացել ենք երկրորդ համերգում շեշտադրել ժողովրդական արվեստի արտացոլումը, երկու մեծ վարպետների՝ Կոմիտասի մշակումները՝ թավջութակի եւ դաշնամուրի համար եւ վրացի հայտնի կոմպոզիտոր Սուլխան Ցինցաձեի, որը նույնպես ներշնչված է վրացական ֆոլկլորով: Իմիջիայլոց, նույն ծրագրով հաջորդ օրը կմեկնենք Թբիլիսի, որտեղ կտոնեն Սուլխան Ցինցաձեի ծննդյան 90-ամյակը: Այդ համերգի մեկ բաժինը պատվիրել են մեզ, մյուս բաժնում ելույթ է ունենալու Սուլխան Ցինցաձեի պետական քառյակը»,- հայտնեց թավջութակահարը:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ կոմիտասյան մշակումների ձայնասկավառակին, որը թողարկվել է այս տարի ու նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ջուլիետա Վարդանյանն ուրախությամբ նշեց, որ այդ ձայնասկավառակի հետ կապված բավականին ջերմ արձագանքներ են ստացել Եվրոպայից ու մինչ օրս էլ շատերը գրում են եւ ցանկություն հայտնում այն ձեռք բերել:

Արամ Թալալյանը անչափ կարեւորեց «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» նախագիծը, ասելով, որ այն իրականություն չէր դառնա, եթե «Վիվա-Սել-ՄՏՍ»-ի աջակցությունը չլիներ. «Բավական ծախսատար ծրագիր է՝ ե՛ւ ֆինանսական առումով, ե՛ւ նյարդերի ու ժամանակի: Պարոն Յիրիկյանն ու «Վիվա-Սել-ՄՏՍ»-ը նվիրյալների նման որերորդ տարին է՝ աջակցում են, ու իրենց շնորհիվ է, որ շարունակում ենք Տրիոյի ծրագիրը, որն ավելի բարդ է, քանի որ տարբեր ջութակահարների հետ ենք աշխատում: Անթոլոգիայի ստեղծումը իսկապես եզակի դեպք է մեր պատմության մեջ, մնայուն արժեք է: Հետագայում թվայնացված տարբերակը կտեղադրենք համացանցում, որ բաց կլինի օգտագործման համար եւ հասանելի բոլորին»:

Նշենք, որ «Արս լունգան» հաճախ է մեկնում հյուրախաղերի: Պարոն Թալալյանը փաստեց, որ որոշ երկրներում ցանկանում են լսել միայն հայկական երաժշտություն, որոշներում՝ դասական կամ նոր երաժշտություն: Օրինակ, իրենց ասիական համերգաշրջանի ժամանակ պահանջել են պարտադիր Արամ Խաչատրյանի երաժշտությունը: «Մենք էլ կատարեցինք այն գործերը, որոնք երբեւէ չեն կատարվել եւ մենք առաջինն էինք, որ ձայնագրեցինք: Դրանք Արամ Խաչատրյանի վաղ շրջանի գործերն էին՝ 20-25 տարեկանում է գրել, հրաշալի ստեղծագործություններ են: Սինգապուրում, Կորեայում եւ Ճապոնիայում հենց դրանով էլ ներկայացանք: Երկրներ կան, որտեղ ուզում են՝ շեշտը դնենք Մանսուրյանի վրա… Իմիջիայլոց, ուր էլ որ գնացել ենք, Արամ Խաչատրյանի եւ Կոմիտասի հանդեպ հսկայական հարգանք եւ մեծ հիացում ենք արձանագրել, զարմանալիորեն ամենուր ճանաչում են ու տեղյակ են»,- հայտնեց մեր զրուցակիցը:

«Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ են Հայաստանում հաճախ ձգտում ավելի շատ հայտնի ստեղծագործություններ կատարել, Արամ Թալալյանը պատասխանեց. «Դա վախից է, մենք, օրինակ, կարող ենք անհայտ մեկի գործն էլ նվագել, եթե դա հետաքրքիր է, մինչդեռ մեր կատարողները բավական կոմպլեքսավորված են, չափազանց շատ են մտածում ուրիշների կարծիքների մասին, որը խանգարում է պրոցեսին»:

Ջուլիետա Վարդանյանի ձեւակերպմամբ, երբ ունկնդիրը լսում է ծանոթ ստեղծագործություն, ոգեւորվում է, ու կատարողներն էլ շահագործում են ունկնդրի այդ ոգեւորությունը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031