Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեր տանը մշտապես խնկարկվել է հայ երգը»

Հոկտեմբեր 16,2015 12:30

Լույս է տեսել Սամվել Հարոյանի
«Ազգային երգարան գրպանի» 21-հատորյա ժողովածուն

Շուտով գրատներում կհայտնվի մշակութային գործիչ Սամվել Հարոյանի «Ազգային երգարան գրպանի» 21-հատորյա ժողովածուն:

Ժամանակին հայկական հավաքույթների ժամանակ օգտվում էին երգարաններից: «Առավոտի» հետ զրույցում անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ասաց, որ երգարան՝ որպես այդպիսին, առաջին անգամ տպագրել են չինացիները՝ Քրիստոսի ծնունդից առաջ 11-5-րդ դարերում, որը կոչվել է «Չինական երգերի ժողովածու»: Արվեստաբան Սերգեյ Առաքելյանն էլ հայտնեց, որ հայ իրականությունում երգարանները երեւան են եկել 1800-ական թվականներից:

«Ազգային երգարան գրպանի» 21-հատորյակը ներառում է նոտայագրված ու տեքստերով 659 երգ՝ հայ երգարվեստի հոգեւոր (շարականներ, գանձեր, տաղեր), գեղջկական (աշուղական, քաղաքային, հեղինակային), կոմպոզիտորական եւ մանկական: Առաջին անգամ են ներկայացվում երգերի շուրջ 30%-ը նոտագրված եւ սփյուռքահայ երգահանների ու բանաստեղծների ստեղծագործությունների մոտ 20%-ը: Հիշեցնենք, որ 2012թ. Սամվել Հարոյանն իրականացրեց «Գրպանի երգարան» ժողովածուն 7-հատորյակով ու CD-ով (223 երգ) եւ 2013-ին «Կոմիտաս վարդապետ» գրքույկը: Մեզ հետ զրույցում պարոն Հարոյանը հավաստիացրեց, որ 7-հատորյակը պահանջարկ է ունեցել նաեւ գաղթօջախներում եւ իր մոտ միտք է առաջացել շարունակել այդ գործը. «21-հատորյակի վրա աշխատել եմ շուրջ 5 տարի: Նախագծին մասնակցել են Ազգային երաժշտական գրադարանը, մեր կոնսերվատորիան, «Սայաթ-Նովա» աշուղական կենտրոնը, ճանաչված երաժիշտներ, այդ թվում՝ կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը, Մարտին Վարդազարյանը, Արամ Սաթյանը, երաժշտագետներ Արաքսի Սարյանը, Ալինա Փահլեւանյանը, աշուղագետ Էլինար Շահենը, գրականագետներ Հենրիկ Բախչինյանն ու Սերժ Սրապիոնյանը: Ձեռնարկն իրականություն դարձավ սփյուռքի նախարարության եւ լիբանանահայ բարերար Յարութ Խաչատուրեանի աջակցությամբ»:

Samvel_Haroyan_1
Հիշեցնենք, որ Մոսկվայում բնակվելու տարիներին Սամվել Հարոյանը հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է եղել 2006-10թթ. անցկացված «Կարոտ» փառատոնի, ավելի քան 200 միջոցառումներ է կազմակերպել Կրեմլի պալատում եւ երեւանյան մշակութային օջախներում՝ նվիրված անվանի արվեստագետների, այդ թվում՝ դերասաններ Վարդուհի Վարդերեսյանի, Ազատ Գասպարյանի, գրող Պերճ Զեյթունցյանի եւ այլոց հոբելյաններին: Երեք տարի էլ հանդիսացել է սփյուռքի նախարարության կողմից անցկացվող «Իմ Հայաստան» փառատոնի ղեկավարը, ավելի քան 5 տարի էլ տնօրինել է Մոսկվայի «Հայորդի» անսամբլը (ղեկավար՝ Անահիտ Սարգսյան): Մասնագիտությամբ ինժեներ փիլիսոփայից հետաքրքրվեցինք՝ որտեղի՞ց է գալիս երգարվեստի հանդեպ սերը: Մեր զրուցակիցը պատասխանեց, որ քույրերը՝ Նունեն պրոֆեսիոնալ երգչուհի է, մասնագիտությամբ՝ բանասեր, Կարինեն այս տարի ընթերցողին ներկայացրեց «Հայ երգարանների մատենագիտություն» աշխատանքը:

Շեշտեց, որ իրենց տանը մշտապես խնկարկվել է հայ երգը: Ավելորդ չհամարեց նշել նաեւ, թե «Ազգային երգարան գրպանի» 21-հատորյակը գրանցված է «Հայհեղինակում», Ազգային գրապալատում, աշխատանքներ են տարվում Yergaran.am կայք ստեղծելու ուղղությամբ: Մեր զրուցակցի ձեւակերպմամբ՝ այսօր լայն հանրությունը չգիտի, ասենք՝ հորովել, գորանի եւ այլ բառերի ստուգաբանությունը, եւ դրանք եւս կարելի է գտնել ժողովածուի հանրագիտակում: Հավաստիացրեց նաեւ, թե շատ երգերի հեղինակների ինքն է հայտնաբերել, օրինակ՝ «Տեսեք աղավնին» երգի տեքստը Մանուկ Զգոնյանինն է (եթե չենք սխալվում՝ մինչ օրս այն ներկայացվում էր Կոմիտասինը): Մեր կեսկատակ-կեսլուրջ դիտարկմանը, թե՝ իսկապես այս ահռելի աշխատանքի դիմաց գուցե ակնկալվում է պետական պարգեւ կամ կոչում, Սամվել Հարոյանը հակիրճ պատասխանեց. «Հայ-ռուսական մշակութային կապերի մեջ ներդրմանս համար արժանացել եմ Լոմոնոսովի անվան շքանշանի, Երեւանում էլ՝ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալի»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031