Բրյուսելը որոշակի շոկից դուրս եկավ,
մնում է ՀՀ իշխանություններն ապացուցեն, թե որքան են անկեղծ
Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը Եվրահանձնաժողովին թույլատրեց նոր իրավական հիմքի վրա Հայաստանի հետ բանակցություններ սկսել, այսինքն՝ պաշտոնապես մանդատ տրվեց մեր երկրի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու համար։
Սա, միանշանակ, Հայաստանի համար խիստ կարեւոր քայլ է: Եվրամիության Ասոցացման համաձայնագրի ստորագրման տապալումից հետո ձեւավորված անվստահությունը, անորոշությունը պաշտոնական Երեւանի եւ Բրյուսելի մեջ այսպիսով մնաց անցյալում, եւ սա դրական փաստ է:
Նույնիսկ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը կամ ավելի ճիշտ՝ դրա անհեռանկարային լինելը, թերեւս, գիտակցում է նաեւ պաշտոնական Բրյուսելը եւ չի ցանկանում կորցնել գործընկերներին: Սա եւս գովելի է:
Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության որոշումը չի կայացվել Հայաստանի հասարակության համաձայնությամբ, իսկ դա նշանակում է, որ մեր հասարակությունը համամարդկային արժեքների ընտրության հարցում ամենեւին էլ դեպի Եվրասիական տնտեսական միություն չէ հակված, որքան էլ Ռուսաստանում ՀՀ հազարավոր քաղաքացիներ են աշխատում եւ իրենց ընտանիքներին ֆինանսապես աջակցում: Միեւնույն է՝ բոլորն էլ ձգտում են ավելի զարգացած, կայուն, օրինական երկրների հետ գործ ունենալ, քան Ռուսաստանի եւ նրա դաշնակիցների:
Հայաստան-ԵՄ հարաբերությունները, իհարկե, նոր հնարավորություններ են առեւտրա-տնտեսական հարաբերությունները կանոնակարգելու առումով: Որեւէ մեկն, իհարկե, չի պատկերացնում, թե Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը ստանձնած պարտավորությունների շրջանակներում դա ինչպես է հնարավոր:
Կարդացեք նաև
Պարզ է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը որոշակի սահմանափակումներ, այսպես թե այնպես, արդեն ենթադրում է: Նշանակում է՝ Բրյուսելը հաշվի է նստելու այդ հանգամանքի հետ նույնպես եւ արդեն իսկ պատրաստ է դրան:
Փաստորեն, առաջիկայում մեկնարկելու է բանակցային գործընթաց Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ապագան սահմանելու հարցում, եւ հնարավոր է, որ Հայաստան-ԵՄ բանակցություններում նաեւ երրորդ կողմի՝ Ռուսաստանի դերն էլ հաշվի առնվի: Թերեւս, հենց այդպես միայն Հայաստանին Մոսկվան հնարավորություն կտա Բրյուսելի հետ հարաբերվելու ու նոր մակարդակի հարաբերությունները փաստաթղթային տեսքի բերելու:
Այդ փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ կունենա ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական բաղադրիչ, եւ բոլորին է հասկանալի, որ եթե քաղաքական բաղադրիչով ամեն ինչ այնքան էլ բարդ չէ, տնտեսական մասով իսկապես բարդություններ կլինեն, քանի որ Հայաստանն իրեն սահմանափակել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պատճառով:
Քաղաքական մասով Հայաստանի իշխանություններից ընդամենն անկեղծություն ու քաղաքական կամք է պահանջվելու: Հայաստանում իրական ժողովրդավարության, օրենքի գերակայության հաստատման, մարդու իրավունքների պաշտպանության, ԶԼՄ-ների ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսությունում մենաշնորհների վերացման մասին բաժակաճառեր հիշեցնող ելույթների ժամանակները պետք է ավարտվեն. կա՛մ համամարդկային արժեքները սահմանելու ու ամրապնդելու հարցում կոնկրետ քայլեր պետք է իրականացվեն, կա՛մ ձեւականություններն արդեն որեւէ մեկը թույլ չի տա:
Իհարկե, ԵՄ-ի հետ նոր փաստաթուղթը Ասոցացման համաձայնագրի ազդեցությունը, նշանակությունն ու ծավալը չի ունենա, բայց ամեն ինչ ավարտված չէ: Պաշտոնական Բրյուսելը որոշակի շոկից հետո ցույց տվեց, որ Հայաստանի՝ «եւ-եւ»-ի քաղաքականությունը պատրաստ է ընդունել:
Եթե պաշտոնական Երեւանի կողմից արդեն տեւական ժամանակ հնչող հայտարարությունները, թե Հայաստանը ձգտում է ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնել, իսկապես անկեղծ են, ուրեմն Հայաստանի իշխանություններին մնում է միայն գործնականում ապացուցել, որ պատրաստ են իրականացնել այն բոլոր քայլերը, որոնք մեր պետությունը կմոտեցնեն եվրոպական համամարդկային արժեքներին:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.10..2015