Լրահոս
Օրվա լրահոսը

Օգտակար են ոչ միայն ընկուզենու պտուղները, այլ նաեւ՝ տերեւները

Հոկտեմբեր 16,2015 11:30

Ընկույզի միջուկի օգտակար հատկությունների մասին բոլորս գիտենք: Սակայն քչերը գիտեն ընկուզենու մատղաշ տերեւների եւ չհասունացած պտղի օգտակարության մասին: Այս մասին հայտնում է Food and Healthy Life.com-ը:

Հստակ չենք կարող ասել, թե որն է ընկույզի հայրենիքը, քանի որ այն լայն տարածում է ունեցել ամբողջ միջերկրածովյան շրջաններում, Հեռավոր Արեւելքում, ինչպես նաեւ Փոքր Ասիայում, իսկ Հին Հռոմում ընկուզենին համարվել է Յուպիտերի սուրբ ծառ: Պտուղն այսօր էլ օգտագործվում է բուժական նպատակներով: Բացի սրանից, այն հիանալիորեն օգտագործվում է ատաղձագործության մեջ, գեղարվեստական արհեստներում, բամբակ եւ բուրդ ներկելիս, կահույքի վրա փորագրություններ անելիս:

Ընկույզն օգտագործվում է տարբեր ձեւերով՝ ավելի հաճախ որպես տորթերի ու թխվածքների կարեւոր բաղադրիչ, ինչպես նաեւ աղցաններում, տարբեր քսուքներ պատրասելիս եւ այլն:

Ընկույզը հայտնի է որպես արյունը մաքրող միջոց եւ խորհուրդ է տրվում թոքերի հիվանդությունների բուժման, աղիների խնդիրների, մկաններն ամրացնելու եւ տեսողության համար: Որպես լվացող միջոց՝ այն օգտագործվում է վերքերի եւ էկզեմայի, մաշկի հիվանդությունների, աչքերի բորբոքումների ժամանակ: Որպես յուղ՝ այն օգտակար է մազերի համար եւ պաշտպանում է ձեզ արեւի լոգանքի հետեւանքով առաջացած այրվածքներից: Միջուկը պարունակում է 65% յուղ, սպիտակուցներ, ածխաջրեր, ֆոսֆոր, կալիում, մագնեզիում, երկաթ, B եւ C վիտամիններ: Այն նաեւ հիանալի հակադիաբետիկ միջոց է: Ընկույզի մեջ ֆոսֆորի առկայությունը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

ynkuyz_2

Հատկապես արդյունավետ է մատղաշ տերեւներով պատրաստված թեյը, որը պետք է օգտագործել մեղրով: Այն ամրացնում եւ մաքրում է օրգանիզմը, բարելավում առողջությունը: Օգտագործվում է մարսողական խնդիրների, արյունահոսության, ատամների եւ լնդերի հիվանդությունների, թարախային ցաների, ոտքերի՝ չափազանց շատ քրտնելու ժամանակ: Ընկուզենու տերեւները բարձրացնում են տոնուսը, լավացնում նյութափոխանակությունը, բուժական ազդեցություն ունենում բորբոքային խնդիրների ժամանակ:

Տերեւները հիմնականում հավաքում են հունիս եւ հուլիս ամիսներին, բայց դրանք ավելի օգտակար են, երբ փափուկ եւ կանաչ են, որովհետեւ պարունակում են բուժիչ բաղադրիչներ, որոնք արագորեն քայքայվում են: Ուստի պետք է հավաքել ավելի վաղ՝ գարնանը:

Չհասունացած կանաչ ընկույզը հարուստ է վիտամին C-ով եւ սովորաբար օգտագործվում է մեղրի հետ: Այն օգտակար է հիվանդ, թույլ ու գունատ մարդկանց համար: Ինչպես նաեւ չհասունացած ընկույզից մուրաբա են պատրաստում, իսկ հասունացած պտուղը բացի խոհարարական ու հրուշակագործության մեջ օգտագործվելուց, հիանալի միջոց է յուղ ստանալու համար:

Չնայած բազմաթիվ օգտակար հատկություններին՝ չպետք է չարաշահել ընկույզի ամենօրյա չափաբաժինը, որը չպետք է գերազանցի 100 գրամը:

Պատրաստեց ՆՈՒՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
15.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031