Քաղաքագետ Արմեն Բադալյանի կարծիքով, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին հաջողվեց լրատվական դաշտում իր մասին տեղեկությունների մեծ հոսք ապահովել:
Քաղաքագետը հիշեց, որ Արա Աբրահամյանն առաջին անգամ չէ, որ քաղաքական դաշտ մտնելու հայտ է ներկայացնում. «2003 թվականին նա փորձեց մտնել խորհրդարան, բայց հավանաբար ինչ-ինչ հանգամանքներ հաշվի չէր առել, ճիշտ հաշվարկներ չէր կատարել, եւ նրան գրեցին երեք տոկոս, ու նա դուրս մնաց խորհրդարանից: Հիմա նրա երկրորդ փորձն է, բայց բավականին մեծ տարբերություն կա, փոխվել է այն միջավայրը, որտեղ փորձում է երկրորդ անգամ իր գործն իրականացնել: Եթե 2003-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ինչ-որ չափով հարակցությունն ակտիվ էր, մրցունակ միջավայր էր ու ընտրությունների ինստիտուտը վերջնականապես մահացած չէր, ապա հիմա կարող ենք ասել, որ հասարակությունը բավականին անտարբեր է, շատ ուժեղ է արտագաղթողի հոգեբանությունը, եւ ընտրությունների ինստիտուտն էլ չի աշխատում, սրանք այն գործոններն են, որոնք բավականին դժվարացնում են Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալել»:
Պարոն Բադալյանը կրկնեց իր ավելի վաղ հայտնած տեսակետը, որ գալիք խորհրդարանում քվոտա ստանալու համար մի քանի ճանապարհ կա: «Ֆինանսավարչական ճանապարհը, իսկ Արա Աբրահամյանի կուսակցությունը չի կարող ֆինանսավարչական ռեսուրսներով մրցել ՀՀԿ-ի հետ, ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի աջակցությամբ քվոտա ձեռք բերելը, իսկ թե Արա Աբրահամյանը որ ճանապարհը կգերադասի, ցույց կտա ապագան»:
Նա դժվարացավ ասել, թե ում նախագիծն է իրականացնում Արա Աբրահամյանը կամ գուցե իր անձնական որոշմամբ է քաղաքականություն մտնելու հայտ ներկայացրել.
Կարդացեք նաև
«Տպավորություն կա, որ սա ստուգողական կրակոց էր, տեսնելու համար թե Հայաստանում քաղաքական ակտիվ մասը ինչ վերաբերմունք կդրսեւորի այս հայտարարությանը: Եվ լավ պահ էր ընտրված մեկ ամիս հետո հանրաքվեն է, խորհրդարանական ընտրությունների մասին թեժ քննարկումներ չկան: Կարծում եմ՝ իշխանությունը հիմա փորձում է պարզել Արա Աբրահամյանի՞ նախաձեռնությունն է, թե՞ խորքային պատճառներ ունի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ