Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ընտանեկան բռնությունը լրջագույն խնդիր է և հանրային առողջությունը վտանգող երևույթ

Հոկտեմբեր 15,2015 22:00

Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը կազմակերպված միջոցառումների շուրջ հնչեցված արձագանքների մասին

Ողջ քաղաքակիրթ աշխարհը ձևակերպել է  կանանց իրավունքները, կանանց դեմ բռնությունն ու խտրականությունը , որպես առանձին  խնդիր, մի  երևույթ, որն  իրավական  լուծումներ է  պահանջում:  Խնդրի խորությունը լրջորեն գիտակցվել է և արտացոլվել բազմաթիվ միջազգային փաստաթղթերում, այդ թվում Միավորված ազգերի կազմակերպությունը  կանանց խնդիրներին անդրադարձել է առանձին կոնվենցիայով՝ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին», նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոյեմբերի 25-ը հայտարարել է Կանանց դեմ բռնության վերացման պայքարի միջազգային  օր:

Հայաստանում ևս, ինչպես աշխարհի մյուս երկրներում կանանց իրավունքները խախտվում են:

Պատրիարխալ մտածելակերպի պատճառով հաճախ կանայք դառնում են բռնության զոհ: Կանանց նկատմամբ բռնությունը Հայաստանի առջև ծառացած թերևս ամենահրատապ  խնդիրներից մեկն է այսօր և ինչ-որ տեղ արմատավորվել է մեր  հասարակության մեջ: Գենդերային կարծրատիպերը ստիպում են կնոջը չբարձրաձայնել ընտանեկան բռնությունը՝ էլ ավելի խորացնելով խնդիրն ու ի վերջո հանգեցնելով բռնության մշակույթի: ԵԱՀԿ-ի իրականացրած հետազոտությունը ընտանեկան բռնության հասարակական ընկալման մասին պարզել է, որ հարցվողների գրեթե 40%-ը ընկալում է ընտանեկան բռնությունը միայն ֆիզիկական առումով, երբ զուգընկերը կամ  ընտանիքի  անդամը վիճում է մյուսի հետ՝ մարմնական վնասվածքներ հասցնելով:

Հարցվողներից միայն ամեն հինգերորդն է, որ նույնականացրել է ահաբեկումն ու սպառնալիքը՝ որպես բռնություն, և ընդամենը 5% -ը նշել է, որ ֆինանսական ռեսուրսների խիստ վերահսկողությունը ևս բռնության մի ձև է: Հարցվողների 60%-ը նշել է, որ իրենք ենթարկվել են ընտանեկան բռնության  իրենց  կյանքի ընթացքում, և գրեթե 40% -ը հայտնել է ընտանեկան բռնության դեպքեր վերջին երկու տարիների ընթացքում: Երեխայի  սեռով պայմանավորված  հղիության արհեստական​​   ընդհատման լայն տարածվածությունը հայ հասարակության մեջ գենդերային հիմքով բռնության մեկ այլ դրսևորում է: Այժմ  Հայաստանը որդեծնությամբ  երրորդ    մակարդակում է՝ ամբողջ աշխարհում, և բազմաթիվ ուսումնասիրություններ վկայում են, որ կանայք շատ քիչ դերակատարում ունեն որոշումների կայացման  հարցում:

Առհասարակ ցանկացած բռնության առկայություն անմիջականորեն ազդում է հանրային առողջության ու հասարակական կյանքի բոլոր ոլորտների վրա,  և այն, որ  մեր երկրում անգամ բարձրաստիճան պաշտոնյաները բացեիբաց արդարացնում  են բռնությունը, խոստովանում, որ իրենք էլ երբեմն ծեծում են կնոջը՝ դա համարումելով ընտանեկան կայունության բաղադրիչներից մեկը: Եվ անգամ կին պատգամավորները խորությամբ չեն գիտակցում խնդրի լրջությունը, միաժամանակ  ծաղրում են իրավապաշտպաններին, թե «Հայրենիքը ձեզ չի մոռանա», կամ  մեղադրում՝   ասելով, թե կանանց իրազեկվածությունը ընտանեկան բռնություն երևույթի մասին վտանգավոր է, քանի որ կանայք չեն հանդուրժում  բռնարարքները և չեն վերադառնում ընտանիք: Բայց մի՞թե ընտանիքը սիրո ու հարգանքի վրա հիմնված միություն չէ, արդյո՞ք լռությունն ու ամենօրյա բռնության շարունակականությունը առողջացնում է այն, կամ ինչպիսի հոգեբանական ու ֆիզիկական մթնոլորտում է մեծանում այդ ընտանիքի երեխան: Միևնույն ժամանակ հանրության մեջ կա նաև պատկերացում, թե կանանց դեմ բռնության 400 դեպքը շատ  քիչ է (ի դեպ պաշտոնական թիվն ավելի մեծ է, գրանցված 447):Սա դեռևս պաշտոնական թվերն են, որոնց վրա հիմնվում ենք, և անգամ ՀՀ ազգային-վիճակագրական ծառայությունը կանաց նկատմամբ ընտանեկան բռնությանը վերաբերող ամփոփագրերում փաստում է, որ հիմնականում ընտանեկան բռնության մասին չեն բարձրաձայնում, և քչերն են խոսում ու դիմում պատկան մարմիններին: Հայաստանում չկա ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենսդրություն: Ու շատերը դեմ են հանդես գալիս նման օրենքի ընդունմանը:

Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության վերաբերյալ օրենսդրության դեմ հանդես եկողների հիմնական առարկությունն այն է, թե  պետք է  պահապանել հայ  կնոջ  կերպարը, սակայն ո՞րն է հայ կնոջ կերպարը,  արդյո՞ք   հանդուրժողականությունը   բռնության հանդեպ:

Անընդհատ նշվում է, թե  մեզ նման օրենք պետք չէ:  Բոլոր քաղաքակիրթ երկրներում կա ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք, նույնիսկ մեր հարևան կովկասյան երկրներում:Եվ ընդհանրապես, եթե մեր երկրում նման խնդիր չլիներ, ապա  մամուլի հրապարակումներն այս թեմայով տարեց-տարի չէին ավելանա, ուստի  այն  լուծում է պահանջում, ոչ թե   լռեցում:

Հոկտեմբերի 1-ին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության  կոալիցիայի՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվան նվիրված ակցիան  առավել, քան  տեղին էր, այն   խիստ   անհրաժեշտ    էր:

Խոսենք  փաստերով.

1.ՀՀ Ոստիկանությունը 2015 թվականի առաջին կեսին գրանցել է  ընտանեկան  բռնության  447  դեպք:

2.Կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններում գրանցված ընտանեկան  բռնության դեպքերը տարեկան հասնում  են   մոտ  2000-ի:

3.2010-2015 թվականների ընթացքում ընտանեկան բռնության հետևանքով սպանվել է  30 կին,  45 երեխա  մնացել է առանց  մայրական  խնամքի:

4.Ըստ  ԵԱՀԿ-ի  2011 թվականի տվյալների`Հայաստանում հարցված կանանց  ավելի    քան 50%-ը ենթարկվում է  բռնության:

  1. 2013-2015 թվականների ընթացքում գրանցվել է թեժ  գծի  5171 զանգ.

Կանանց նկատմամբ խտրականությունն ու առավել ևս բռնությունը խախտում է հավասարության և մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի սկզբունքները, խոչընդոտում է տղամարդկանց հետ հավասար պայմաններով կանանց մասնակցությանը երկրների քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքին, անհամատեղելի է հասարակության ու ընտանիքի բարեկեցությանն ու խոչընդոտում է կանանց ինքնադրսևորումն ու հնարավորությունների լիակատար իրացումը:

                                         Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության  կոալիցիա

Ակցիայի մասին պատմող ֆիլմը՝ Հովհաննես Իշխանյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031