Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայաստանը Փերինչեքի գործով երրորդ կողմ չպետք է ներգրավվեր». իրավապաշտպան

Հոկտեմբեր 15,2015 21:45

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի վճիռը համարում է Հայաստանի՝ որպես երրորդ կողմ անպատրաստ ներգրավվելու արդյունք:

«Գտնում եմ, որ Հայաստանը, որպես երրորդ կողմ պետք է նման անպատրաստ ձեւով հանդես չգար: Չեմ գտնում, որ սա վերջն է, որովհետեւ, այդ հարցում կլինեն նաեւ այլ դիմումներ: Բայց իմ կարծիքով, Հայաստանը  ընդհանրապես այդ հարցով չպետք է ներգրավվեր, որովհետեւ դրա պատասխանատուն Շվեյցարիան է»,- կարծիք հայտնեց իրավապաշտպանը:

Նրա խոսքով, ՄԻԵԴ-ը չէր էլ կարող այլ վճիռ կայացնել, որովհետեւ Փերինչեքի գործով քննվում էր խոսքի ազատության հարցը, այլ ոչ թե ցեղասպանությանը իրավական գնահատական տալու խնդիր կար. «ՄԻԵԴ-ը չէր էլ կարող ցեղասպանություն ճանաչող ատյան լինել, դրա համար ինքը հրաժարվեց այդ երեւույթին գնահատական տալ, որովհետեւ խոսքը վերաբերում է  կարծիք արտահայտելուն: Այսինքն, եթե լինի դատարանի որոշում, որը կճանաչվի միջազգայնորեն, ՄԻԵԴ-ը չի կարող դատարանի որոշումը հաշվի չառնել իր կողմից քննվող հարցի ժամանակ: Իսկ այժմ խուսափեց իրավական գնահատական տալուց:

Սա նաեւ մեսիջ պետք է լինի բոլորիս, այդ թվում ցեղասպանության զոհերի սերունդներին, որ հասնի իրավական գնահատականի միջազգային ատյաններում»:

Պարոն Սաքունցը մտաբերեց, որ միայն մեկ օրինակ ունենք, երբ հրեաների հոլոքոստը՝ դիակիզումը՝ որպես փաստ, հերքելը համարվում է քրեորեն հետապնդելի արարք. «Այդ դեպքում ունենք միջազգային դատարանի կողմից ուժի մեջ մտած որոշում, հոլոքոստը ճանաչված է ու տրվել է իրավական գնահատական: Հայոց ցեղասպանության դեպքում, միջազգային դատարանի կողմից այդ հարցի վերաբերյալ ընդունված որոշում չունենք, իրավական գնահատական:

Այդ պարագայում, եթե ֆորմալ իրական  տեսակետից նայենք, պետք է ասենք, որ իհարկե, եվրոպական դատարանը զուտ ձեւական ընդունեց կարծիքի արտահայտման իրավունքը ամրապնդող որոշում: Չնայած, ինձ համար մի քիչ տարօրինակ է, որովհետեւ, այնուամենայնիվ ցեղասպանությունը մարդկության դեմ հանցագործություն է: Կրկնում եմ՝ պետք է առաջին հերթին խնդիրը իրավական դաշտ տեղափոխել ու հասնել համապատասխան իրավական գնահատականի ընդունմանը»:

Հիշեցնենք, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանում այսօր հրապարակվեց Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով վճիռը: Վճռով սահմանվում է, որ Փերինչեքի նկատմամբ Շվեյցարիայի օրենսդրությունը ճիշտ չի կիրառվել:

Թուրք ազգայնական գործիչ Փերինչեք Դողուն Շվեյցարիայում հերքել է հայոց ցեղասպանության փաստը և դատապարտվել ազատազրկման: Նա դիմել է ՄԻԵԴ, որն էլ բավարարել է Դողուի հայցը՝ գործում նշելով, հայցվորի նկատմամբ խոսքի ազատության սահմանափակում է կիրառվել: Շվեյցարիայի արդարադատության նախարարը մարտին հայտարարեց, որ Շվեյցարիան հակընդդեմ հայցով կդիմի ՄԻԵԴ՝ պաշտպանելու երկրի շահերը:

Հիշեցնենք, որ Շվեյցարիան միակ պետությունն է, որտեղ ընդունված է հայոց ցեղասպանությունը քրեականացնող բանաձև:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031