Լրահոս
Օրվա լրահոսը

Հորդանանի թագավորական ընտանիքի լուսանկարիչները հայեր են. Րաֆֆի Բոյաջյանը՝ Հորդանանում ապրող հայերի մասին (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 15,2015 21:33

Այսօր Գյումրու Վարդան. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում «Հորդանանի մշակույթի օրեր» ծրագրի շրջանակներում ելույթ ունեցավ Հորդանանի հյուսիսային Ալ Ռամտա քաղաքում հիմնադրված «Ալ Ռամտա» ժողովրդական երիտասարդական համույթը, ցուցադրվեց նաեւ ֆիլմ: Ի սկզբանե հայտարարվել էր, որ Գյումրի է գալու նաեւ Հորդանանի մշակույթի նախարար Լանա Մամկեղը  և թագավորական ֆիլմերի հանձնաժողովի ներկայացուցիչ Շադի Ալ Նիմրին, սակայն նախարարը չէր եկել: Հնչեց Հորդանանի ժողովրդական երգ ու պարը, վերջիններս ցուցադրեցին տեսարաններ Հորդանանի ազգային սովորույթներից, անգամ հարսանեկան արարողություններ:

Հյուրերի հետ Գյումրի էր եկել նաեւ Հորդանանի Հաշիմյան թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի լուսանկարիչը, որն ազգությամբ հայ է: Լուսանկարիչ Րաֆֆի Բոյաջյանն ասաց, որ Զոհրապ Մարգարյանը 22 տարի շարունակ եղել է Հորդանանի թագավորի լուսանկարիչը, իսկ ինքը  նրա օգնականն է, ինքը եւս 18 տարի աշխատել է թագավորի համար: Րաֆֆի Բոյաջյանը Aravot.am-ին պատմեց, որ թագավորը իր անձնական լուսանկարները, ընտանեկան արարողությունների, հարսանիքների նկարները միայն վստահում է իրենց:

Հորդանանում 1971 թվականին ծնված լուսանկարիչն ասաց, որ ինքը 2000 թվականին վերցրել է նաեւ Հայաստանի անձնագիր: Այդ ժամանակ լսել է, որ Հայաստանի կառավարությանը անձնագիր է տալիս դրսի հայերին ու քանի որ Հորդանանում հայկական դեսպանատուն չի եղել, անձնագիրը վերցրել է Դամասկոսից: Սկզբում 10 տարի ժամանակով են անձնագիր հատկացրել, բայց հետո իմացել է, որ անժամկետ են տալու ու անմիջապես դիմում է տվել :«Ինձ համար շատ մեծ հաճույք մըն էր, որ ես 2000 թվին առաջին Երեւան այցելելս Հայաստանին անձնագիրով մտած եմ, այսինքն վիզայով չեմ մտած: Եւ Դամսոկսին մեջը դեսպանը ինձ հետ, երբ որ ինտերվյու ըրավ, ասեց՝ դու ասիկա առաջ Հայաստան եղա՞ծ ես իբր ուսանող, իբր տուրիստ գնացա՞ծ ես: Ըսի ՝ոչ, ժպտաց, որ էս տղան Հայաստանի անձնագրի համար է դիմում տակավին Հայաստանը չէ տեսած: Նա ըսեց՝ վստա՞հ ես, որ անձնագիրը ուզում ես վերցնել, ըսի՝ վստահ եմ առանց Հայաստան չայցելած, որովհետեւ մենք Սփյուռքի հայեր ենք, Հայաստանը մեզ համար մեծ նշանակություն ունի, հայրենիքը միշտ տարբեր կըլլա, քաշում է: Ճիշտ է մենք Հորդանանի մեջը մեզ օտար չենք զգա, շատ լավ կառավարություն, շատ լավ թագավոր ունինք. հայերուն շատ լավ կնայե, բայց ըսենք մեկի արմատներ գրված է անձնագրին մեջ անուն-ազգանունը, որ դու հայ ես: Ես առաջին դիմում տվողներից եղա ու անձնագիրը ստացա, եւ հենց լսեցի, որ անձնագիրը այլեւս չեն նորոգեր, անմիջական դիմում տվեցի ու մշտական անձնագիրը արի, շատ ուրախ եմ, հիմա կըրնամ ըսեմ, որ ես 100 տոկոսով հայ եմ: Առաջ կզգայի, որ հիսուն տոկոսով հայ էի, հիմա այլեւս 100 տոկոսով հայ եմ»:

Լուսանկարիչն արդեն 18-րդ անգամ է Հայաստանում: Aravot.am-ի այն հարցին, թե ինչո՞վ են զբաղվում հայերը Հորդանանում, Րաֆֆի Բոյաջյանն ասաց, որ տղամարդիկ հիմնականում արհեստավորներ են, լուսանկարիչներ են, ավտոմեքենաներ վերանորոգող վարպետներ են, ոսկերիչներ են, իսկ կանայք, ի տարբերություն տղամարդկանց, կրթված են,ուսյալ, համալսարան են ավարտում:

Ի դեպ, մեր զրուցակին ասաց, որ պարոն Զոհրապին ԱՄՆ են ուղարկել, որ սովորի համալսարան, իսկ ինքը Իտալիայում է սովորել: «Պարոն Զոհրապ Մարգարյանը Հորդանանի թագավորին կծառայե 22 տարի, իսկ ես իրեն փոխօգնականն եմ 18 տարեն ի վեր կծառայեմ, մենք երկուսով թագավորին ընտանիքի անձամբ լուսանկարիչներն ենք»,- ասաց մեր զրուցակիցը:

IMG_0719 IMG_0720 IMG_0725 IMG_0733 IMG_0745 IMG_0748

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031