Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան տոնում է հիմնադրման 70-ամյակը, ինչի առթիվ այսօր մի շարք միջոցառումներ տեղի ունեցան: Մասնավորապես, նկարիչների միությունում բացվեց հոբելյանական ցուցահանդես, որում ներկայացված են ակադեմիայի տարբեր տարիների շրջանավարտների գեղանկարներն ու քանդակները:
«Կար մի լավ ժամանակ, երբ ակադեմիան կոչվում էր Գեղարվեստաթատերական ինստիտուտ եւ կյանքի ուղեգիր էր տալիս թե նկարիչներին, թե թատերական գործիչներին: Ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ակադեմիան տալիս է ապագա նկարիչներ եւ քանդակագործներ, իսկ թե ինչի կհասնեն կյանքում, իրենցից է կախված»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ լրագրողների հետ զրույցում նկատեց, որ Գեղարվեստի ակադեմիայի հիմնադրման տարեթիվը՝ 1945-ը, խորհրդանշական է. «Պատերազմի վերքերը չամոքած, բայց զարգացման հեռանկարներով երկիր ունեինք, բայց հավատացինք, որ աղետալի իրավիճակում էլ կարելի է լավ գործի սկիզբը դնել: Գեղարվեստի ակադեմիան մեր յուրահատուկ բուհերից է, որի շրջանավարտները պատիվ են բերում ոչ միայն բուհին, այլեւ հասարակությանը: Նրանք մեր մշակութային բրենդներն են դարձել»:
Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ, ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ձեւավորվել նրա ստեղծագործական ճանապարհը: Նկարիչը պատմեց, որ 1971 թվականին ավարտելուց հետո 3 տարի դասավանդել է հարազատ բուհում. «Ակադեմիան ինձ շատ բան է տվել, հրաշալի դասախոսներ ունեինք, ինչպիսիք են Գրիգոր Աղասյանը, Էդվարդ Իսաբեկյանը…նրանց շնորհիվ ստացանք այն ամենը, ինչ ուզում էինք եւ մինչ օրս էլ զգում ենք նրանց ազդեցությունը»:
Կարդացեք նաև
Ցուցահանդեսում ներկայացված է Վլադիմիր Աբրահամյանի «Հովհարով կինը» կտավը. «Երիտասարդ, ինքնամփոփ կին է նկարի հերոսուհին: Ինձ ոգեշնչում է կնոջ ներաշխարհը»,-ասաց վարպետը:
Նշենք, որ Վլադիմիր Աբրահամյանի գեղանկարները կարելի է տեսնել մի շարք թանգարաններում, իսկ որոշ աշխատանքներ պահվում են ԱՄՆ-ում, Լիբանանում եւ Ֆրանսիայում գտնվող անհատական հավաքածուներում: Նա նաեւ 300 հրատարակության, այդ թվում՝ Հովիկ Հովեյանի, Հրաչյա Հովհաննիսյանի, Ռազմիկ Դավոյանի, Դավիթ Մուրադյանի գրքերի գեղարվեստական ձեւավորման հեղինակն է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ