Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատի՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճռի հրապարակումից հետո լայնորեն քննարկվում է այն հարցը, թե այս վճիռը որ կողմին է ձեռնտու՝ Թուրքիայի՞ն, թե՞ Հայաստանին:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը նշեց, որ Եվրոպական դատարանի վերին պալատի վճիռն այն առումով, որ եվրոպական դատարանի լիազորությունների շրջանակում չէ որոշել Հայոց ցեղասպանության հարցը, ավելի ծանրակշիռ է: Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է պատահել, որ վճռից գոհ են երկու կողմերն էլ, պարոն Թաթոյանը պատասխանեց.
«Փերինչեքը դատվել էր այդ երկրում. իր տեսանկյունից դա նորմալ է, բայց Թուրքիայի համար սա ընդհանրապես ընդունելի վճիռ չէ: Թուրքիան էլ էր այս գործով կողմ և այն ներգրավվել է ավելի գլոբալ խնդիր լուծելու համար, որ դատարանն արձանագրի, որ ընդհանրապես ցեղասպանություն չկա և դա ցեղասպանություն չէ: Բայց դատարանն արեց հակառակը»:
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը ուշադրություն հրավիրեց վճռի հետևյալ հանգամանքի վրա. «Դատարանի վերին պալատը բեկանեց ստորին պալատի այն որոշումը, որ Հայոց ցեղասպանությունն այս շրջանակներում պետք է քննարկվեր: Կարևոր կետ կա այն մասին, որ Թուրքիայում օրենսդրության մեջ լայնորեն կիրառվող 301-րդ հոդվածն այլևս եվրոպական օրենսդրության մեջ տեղ չունի»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ