Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Առուստամյանի առողջական վիճակը խաթարվել է ոստիկանների բռնությունների պատճառով

Հոկտեմբեր 15,2015 19:22

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գայանե Առուստամյանն ընդդեմ  ՀՔԾ-ի բողոքի քննությունն էր:

Հիշեցնենք, որ լրագրող Գայանե Առուստամյանը այս տարվա  մայիսի 8-ին Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել` նախորդ օրը՝ մայիսի 7-ին ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ ցուցաբերած վատ վերաբերմունքի վերաբերյալ:

Իսկ մայիսի 7-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում Գ. Առուստամյանը «Օպերայի» հարակից մասում փողոցը հատելիս հավասարվել է ոստիկանի համազգեստ կրող անձի, ով, այդ պահին գտնվելով նրանից կես քայլ հեռավորության վրա, բարձր սուլել է սուլիչով:

Ոստիկանի սուլոցից անակնկալի եկած Գայանե Առուստամյանը ոստիկանին հարցրել է՝  «ինչ՞ ես ականջիս տակ սուլում, է՛շ»: Ոստիկանության աշխատակիցը փոխադարձ վիրավորանքներ է հասցրել Առուստամյանին, այնուհետև հայտնվել են ոստիկանության այլ աշխատակիցներ, ըստ Գայանե Առուստամյանի, բռնություն գործադրելով՝ ձեռնաշղթաներ են անցկացրել նրա ձեռքերին և ոստիկանության ավտոմեքենայով տեղափոխել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին: Նրան, մեքենայի մեջ սպառնացել են, հայհոյել, անգամ հարվածներ հասցրել:

Ոստիկանության բաժնում երեք ժամ շարունակ չեն կարողացել հանել ձեռնաշղթաները, ԱԻՆ աշխատակիցների օգնության կարիքն է զգացվել: Գայանե Առուստամյանը պնդում է՝ Ֆիզիկական և հոգեբանական ճնշման հետևանքով իր  ինքնազգացողությունը վատացել է, անհրաժեշտություն է եղել Շտապօգնության բրիգադ կանչելու:

Ի դեպ, այս դեպքով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդում էր ուղարկվել ՀՔԾ և ՀՀ Գլխավոր դատախազություն:

Հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում Գայանե Առուստամյանը ճանաչվել էր տուժող, իսկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը՝ տուժողի ներկայացուցիչ: Հարուցված քրեական գործի շրջանակներում որոշ քննչական գործողություններ կատարելուց հետո կայացվել էր քրեական գործը կարճելու մասին որոշում, որը բողոքարկվել էր նախ վերադասության կարգով, ապա՝ դատական կարգով:

Դատական նիստը շատ կարճ տեւեց, այն հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի մեկը, որ Արթուր Սաքունցը հասցնի ծանոթանալ քրեական գործի նյութերին:

Իսկ մինչ հետաձգումը Արթուր Սաքունցը ներկայացրեց բողոքը՝ նշելով, թե ինչու են պահանջում չեղյալ համարել քրեական գործը կարճելու քննիչ Թադեւոսյանի որոշումը:

Պարոն Սաքունցը պատմեց, որ ներկայացվել է փորձաքննություն ներկայացնելու մասին միջնորդություն՝ Առուստամյանի առողջական վիճակում առաջացած որոշ խանգարումների պատճառը պարզելու համար. «Թե ինչ պատճառով կարող էր այդ հիվանդությունը կամ խանգարումն առաջանալ, հնարավոր է որոշել հիվանդության վաղեմությունը, ինչը կրկին մերժվել է: Գայանե Առուստամյանը հայտնել էր, որ մինչեւ նշված դեպքը ինքը բժշկական զննություն էր անցել ու նշված խանգարումներն ու խնդիրները չեն արձանագրվել… գտնում եմ, որ քրեական գործի կարճումը կայացվել է Առուստամյանի իրավունքների եւ ազատությունների խախտմամբ, ենթակա է վերացման հետեւյալ հիմնավորմամբ՝ նախաքննության մարմնի կողմից ձեռնարկված միջոցառումները կատարվել են թերություններով, օբյեկտիվորեն չեն գնահատվել գործում առկա ապացույցները, հիմք են ընդունվել ոստիկանների ցուցմունքները, անտեսվել տուժող կողմի ցուցմունքները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Vahe says:

    Ինչ որ մեկը կասի, սա անեկդոտ էր թե ինչ

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031