«Ցանկացած մրցույթում հնարավոր է հասնել հաջողության, եթե ճիշտ ես պատրաստվում: Մեզ էլ կհաջողվեր հասնել, եթե չերգեի մի երգչուհու հետ, որն իրեն ոչ սթափ էր պահում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր վրդովմունքն արտահայտեց «Նոր ալիք» մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացրած երգիչ Գրիգոր Կյոկչյանը:
«Քանի որ Հայաստանն այս տարի հեռարձակման լիցենզիա ձեռք չէր բերել, ենթադրում էի, որ ինձ կպարտադրեն որոշ բաներ, բայց չէի կարծում, որ այդ ամենը վերջին օրով կլինի: Մրցույթում ամեն ինչ լավ էր ընթանում: Առաջին օրվա ելույթը տպավորիչ էր, իսկ ահա երկրորդ օրը խնդիրներ առաջացան: Պետք է զուգերգով հանդես գայի Սոնա Շահգելդյանի հետ, բայց իմ երկրի՝ լիցենզիա ձեռք չբերելու պատճառով զրկվեցի այդ իրավունքից: Կազմակերպիչների որոշմամբ՝ պետք է երգեի իրենց ընտրած երգը իրենց ընտրած արտիստի հետ:
Այդպես որոշվեց, որ մրցութային երկրորդ օրը IOWA-ի հետ եմ ելույթ ունենալու: Թե´ ես, թե´ IOWA-ն Իգոր Նիկոլաևի «Երկու աստղ» երգի մեր գործիքավորումներն ունեինք: Մրցույթի հիմնադիր Իգոր Կրուտոյը պետք է որոշեր, թե որ գործիքավորումն է ավելի լավ, և ընտրեց իմը: Սակայն վերջին փորձի ժամանակ միանում է IOWA-ի գործիքավորման տարբերակը, և ասում են, որ հենց դա պիտի կատարենք»,- պատմեց Գրիգոր Կյոկչյանը:
Երգիչը վիրավորված է անարդարությունից և երգչուհու «անլուրջ վերաբերմունքից», սակայն չի մտածում այս մրցույթին այլևս չմասնակցելու մասին:
Ասաց, որ դրանից հետո որոշել է հրաժարվել «Նոր ալիք»-ին մասնակցելուց, բայց մի քանի պատճառներ նրան հետ են պահել այդ որոշումից. «Սկանդալ կլիներ, և Հայաստանը հետագայում այդ մրցույթին մասնակցելու իրավունք չէր ունենա: Հրաժարվելն իմ կողմից էգոիզմի դրսևորում կլիներ: Բացի այդ, հրաժարվելու դեպքում խաչ կքաշեի այդ տարածաշրջանում գործունեություն ծավալելու վրա»,- ասաց երգիչը:
Հիշեցնենք, որ Սոչիում հոկտեմբերի 2-11-ն անցկացվեց երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը, որին մասնակցում էին 12 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը գրավել է 7-րդ հորիզոնականը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ