Հոկտեմբերի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Աստանայում կայացած ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին:
ԱՊՀ մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ու հավանություն տվեցին ԱՊՀ շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող շուրջ երկու տասնյակից ավել փաստաթղթերի նախագծերի:
Նիստի ընթացքում համաձայնեցվեցին նաև ԱՊՀ մասնակից պետությունների իրավապահ, քննչական, արտակարգ իրավիճակների, անչափահասների իրավունքների պաշտպանության, մշակութային և կրթական բնագավառներում փոխգործակցությանն առնչվող մի շարք փաստաթղթեր:
ԱՊՀ երկրների արտգործնախարարները հավանության արժանացրին Չերնոբիլի ողբերգության 30-րդ տարելիցի կապակցությամբ ԱՊՀ պետությունների ղեկավարների ուղերձի նախագիծը։
Կարդացեք նաև
Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին ԱՊՀ գործունեության օրակարգային հարցեր։
Ելույթ ունենալով ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին՝ նախարար Նալբանդյանը անդրադարձավ Միավորված ազգերի կազմակերպության ստեղծման 70-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՊՀ պետությունների ղեկավարների հայտարարության նախագծին։ Նա կարևորեց ՄԱԿ-ի առաջնորդող դերը աշխարհում խաղաղության և անվտանգության պահպանման գործում։ Էդվարդ Նալբանդյանի խոսքերով՝ ԱՊՀ մասնակից երկրների ղեկավարների կողմից հայտարարության ընդունումը վկայում է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին հավատարմության մասին։ «Կարծում ենք, որ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների ուղղակի կամ անուղղակի խախտումը, դրանց սելեկտիվ կիրառումը, միակողմանի պատժամիջոցները, այդ թվում` շրջափակումը, այլ երկրների հաշվին սեփական անվտանգության ամրապնդումը, անընդունելի են»,- ընդգծեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
ԱԳՆ ղեկավարը խոսեց նաև ահաբեկչական խմբավորումների դեմ համակարգված պայքարի անհրաժեշտության մասին. «Առաջնային խնդիր է այսպես կոչված «օտարերկրյա ահաբեկիչ-գրոհայինների» երևույթի կանխարգելման նպատակով համատեղ աշխատանքը»։
ՀՀ ԱԳՆ