Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեփոխումներ ուղղված հոգեբուժության ոլորտի բարելավմանը

Հոկտեմբեր 15,2015 17:46

Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) պատվիրակության հետ ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվեցին հոգեբուժության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:

Պատվիրակության անդամներ դատաբժշկական հոգեբույժ Քլայվ Միը (Օքսֆորդ, Միացյալ թագավորություն) և Խոշտանգումների կանխարգելման կենտրոնի բժշկական փորձագետ Մարզենա Կսելը ներկայացրին հայաստանյան հոգեբուժական կազմակերպություններում իրենց կատարած ուսումնասիրության նախնական դիտարկումները:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհակալություն հատնեց պատվիրակությանը կառուցողական մոտեցումների համար` առանձնակի կարևորելով կառույցի կատարած աշխատանքը, խորհուրդներն ու առաջարկները:

«Հոգեկան առողջության խնդիրները Հայաստանի Հանրապետության կառավարչության ուշադրության կենտրոնում են և այս ոլորտում կատարվում են մի շարք բարեփոխումներ»,- ասաց նա:

Մասնավորապես` ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ամբողջովին նոր խմբագրությամբ մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքի նախագիծը: Այս փաստաթղթով ի թիվս այլ կարգավորումների սահմանվել են հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքները, հարկադիր բուժման ընթացակարգերը, դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման կարգը, ժամկետները, հոգեկան խանգարումներով տառապող անձանց տվյալների, այդ թվում բժշկական գաղտնիքի պահպանմանը ներկայացվող պահանջները:

Արմեն Մուրադյանը նշեց նաև, որ 2014 թվականի ապրիլին ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019թթ.. ռազմավարությամբ նախատեսվող միջոցառումները, որոնց գործնական իրականացումն ապահովելու նպատակով մշակված ծրագիրը  2015թ. աշնանը նախատեսվում է ներկայացնել Համաշխարհային բանկին:

Հինգ տարիների տևողությամբ (2016-2020թթ.) ծրագրի նպատակն է աջակցել հոգեբուժական ծառայությունների ինտեգրմանն առողջության պահպանման առաջնային օղակին, աջակցել հոգեբուժական ծառայության կառուցվածքի օպտիմալացմանը և արդիականացմանը, աջակցել հոգեբուժական ծառայություններ տրամադրող անձնակազմի շարունակական կրթմանը և համայնքային մակարդակի հոգեբուժական ծառայությունների հզորացմանը, ինչպես նաև աջակցել Հայաստանի 4 քաղաքային համայնքներում խնամքի տների ստեղծմանը, որը կապահովի ակտիվ բուժում չպահանջող հիվանդների սոցիալական ինտեգրվածությունը:

«Հոգեկան առողջության ոլորտում մենք ունենք հստակ ձևավորված մոտեցումներ, որոնք արդեն տրված են թղթին: Մենք հաստատակամ գնում ենք դեպի փոփոխություններ, որոնց հիմքում պետք է լինեն մարդու իրավունքները և բժշկական ժամանակակից մեթոդները: Սրանք են մեր նոր ռազմավարության անկյունաքարերը»,- ընդգծեց նախարարը` հավելելով, որ հստակ քայլեր են իրականացվում իրավական դաշտի ապահովման, հոգեբուժության ոլորտի առավել արդյունավետ կառավարման և բուժօգնության որակի բարելավման ուղղությամբ:

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հարկադիր բուժման,

հոգեկան խանգարումներով տառապող անձանց օրենսդրությամբ սահմանված իրավունքներին, այլ արդիական հարցերի:

Կարևորվեց հոգեբուժության ոլորտի բարելավմանն նպատակով արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև բուժանձնակազմի գիտելիքների բարձրացմանն ուղղված շարունակական աշխատանքի իրականացումը:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031