Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմիտասի երազանքն իրականացավ 110 տարի անց

Հոկտեմբեր 15,2015 17:43

Երեսունչորս տարեկանում արդեն Կոմիտասն Արևելյան և Արևմտյան Հայաստանների շրջաններից մոտ 2000 երգ էր հավաքել: Եվ որոշեց ընտրել դրանցից 100 լավագույներն ու տարածել աշխարհում: Սակայն չկարողացավ գումար գտնել դրանք հրատարակելու համար: Ստիպված եղավ ձեռքի ափի փոքրության երկու գրքույկներով այդ երգերի միայն բառերը հրատարակել (1905 թ.):

Եվ ահա 110 տարի անց «Մշակութային վերածնունդ» հիմնադրամը որոշել է իրականացնել Կոմիտասի երազանքը:

«Մենք այդ բառերին ավելացրինք համապատասխան նոտաները, և առաջին անգամ հրատարակվեց Կոմիտաս վարդապետի նախատեսած «Հազար ու մի խաղ» հարյուր երգից բաղկացած ընտրանին: Այստեղ կան սիրո, բնության, աշխատանքային, հարսանյաց, մանկական և այլ երգեր: Այդ երգերի արժանիքն այն է, որ դրանք ոչ թե պարզապես երգեր են, այլ բնության օրենքներ, ազգի գենետիկա: Ամեն մի երգ որոշակի ինֆորմացիա է պարփակում, որը գալիս է դարերի խորքից: Մեր ազգի արյան, ոգու կանչն է ամփոփված այդ երգերում, մեր տեսակը, էությունը, աշխարհայացքը, կյանքը, անցյալը, ապագան… Այս երգերը հասկանալը հեշտ չէ»,- ասում է կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը:

Կոմիտասն ուներ իր ուրույն փիլիսոփայությունը, որի համաձայն երգը միաժամանակ բնության ու ժողովրդի ստեղծածն է. «Արևմտյան և Արևելյան Հայաստաններն ու հայ մարդն իրարից առանձին չեն, մի մարմին են: Հայ մարդն իր հայրենիքի շարունակությունն է: Չի կարող լինել հայ մարդ առանց իր հող ու ջրի, բնության, և չի կարող լինել բնություն՝ առանց հայ մարդու: Ու այդ հողը, բնությունը ոչ թե անկենդան բան է, այլ կենդանի շունչ, բանականություն ունեցող էակ: Կոմիտասը համարում էր, որ երգի ստեղծողը միայն ժողովուրդը չէ: Նա տեսնում էր, որ Սասունի երգերը նման են Սասունի լեռներին ու ձորերին, Մշո դաշտի խաղաղ երգերը նման են այդ դաշտին… Սա էր Կոմիտասի փիլիսոփայությունը»,- ասում է կոմիտասագետը:

Ա. Շահնազարյանի փոխանցմամբ՝ Կոմիտասի գրի առած մոտ 3000 երգերից այսօր պահպանվել է են միայն 1500-ը: Դրանցից 1200-ն ընդհանրապես չեն երգվել որևէ տեղ, ոչ մի տեղ չեն հնչել, չեն լսվել: Ժողովրդի մեջ շրջանառվում է ընդամենը 15-20 երգ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031