Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Հայորդյաց տների 140 մանկավարժների հետ

Հոկտեմբեր 15,2015 17:38

Հոկտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում, Ուսուցչի օրվա կապակցությամբ ընդունեց Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդյաց տների 140 մանկավարժների` ուղեկցությամբ Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանի:

Մանկավարժների անունից երախտագիտության խոսք ասաց Հայր Կոմիտասը` նշելով, որ մանկավարժները մեկտեղվել են Սուրբ Էջմիածնում ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի պատգամը, Նորին Սրբության օրհնությամբ առավել խանդավառվելու և զորանալու իրենց առաքելության մեջ:

Այնուհետև ներկաներին իր օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Հայր Կոմիտասին, ապա նաև Հայորդյաց տների տնօրեններին ու մանկավարժներին իրենց բերած նվիրյալ և ջանադիր ծառայության համար:

15-Youth Centers 2

«Մենք մշտապես հետևում ենք Հայորդյաց տների աշխատանքներին և ուրախություն ենք ապրում այն հաջողություններով, որոնք արձանագրվում են Հայորդյաց տների հարկից ներս», – ասաց Վեհափառը` հույս հայտնելով, որ ժամանակի ընթացքում հայորդյաց տներ կստեղծվեն նաև Հայաստանի խոշոր բնակավայրերում, որտեղ եկեղեցականների և ուսուցիչների նախանձախնդիր աշխատանքների արդյունքում պատանի հայորդիները կզորացնեն իրենց շնորհներն ու ձիրքերը, կստանան հոգևոր դաստիարակություն:

15-Youth Centers 5

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Մայր Աթոռի Հայորդյաց տների համակարգն իր բնույթով տարբերվում է նմանատիպ հաստատություններից, որովհետև նրանց հարկի ներքո կարևորվում է ոչ միայն կրթությունը, տաղանդների և ձիրքերի բացահայտումն ու հղկումը, այլ, նախևառաջ, բարոյական կերպարի ձևավորումը: Վեհափառ Հայրապետը հավելեց, որ հայորդյաց տների մանկավարժների առաքելությունն է կերտել հայրենասեր ու հայրենանվեր անհատների, Եկեղեցու արժանավոր զավակների:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Աստծու Ս. Աջը հովանի և պահապան լինի մանկավարժներին, իսկ Հայորդյաց տները շարունակեն իրենց վերելքի և ծաղկման ուղին:

Այսօր Երևանի, Գյումրիի, Էջմիածնի, Վանաձորի, Աշտարակի թվով ութ հայորդյաց տներ հաճախում են շուրջ հինգ հազար մանուկներ և պատանիներ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031