Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսքան հիմնավորումների պարագայում՝ ինչո՞ւ են ընդդիմանում մեր հարգարժան հայրենակիցները սահմանադրական փոփոխություններին»

Հոկտեմբեր 15,2015 17:26

«2013 թվականին, երբ նախաձեռնվեցին սահմանադրական փոփոխումները, ստեղծվեց մասնագիտական հանձնաժողովը, հանձնաժողովի առջեւ խնդիր է դրված նախ ստեղծել հայեցակարգ, որում պետք է լինեն հիմնավորումները եւ կոնկրետ ուղղությունները եւ նաեւ փոփոխությունների ծավալը »,- հոկտեմբերի 15-ին «Դեբատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց՝ երբ այդ հայեցակարգը հրապարակվեց, շատերը ցանկանում էին մտնել քննարկման մեջ, քանի որ հայեցակարգում է երեւում նախագծի խորությունը, սակայն, փաստաթղթին անլուրջ մոտեցում է ցուցաբերվել. «Եվ երբ ներկայումս խոսվում է այն մասին, թե արդյոք անհրաժեշտ է-անհրաժեշտ չէ, բաց է թողնվել մի էական փուլ, որտեղ պետք է քննարկվեին այդ հարցերը, հիմա, որ տեքստը հրապարակվել է հարցադրումը դրվում է առաջին փուլի վրա՝ անհրաժե՞շտ է, թե՞ անհրաժեշտ չէ: Հստակ ամրագրված է հայեցակարգում, որը հրապարակվեց եւ վերջնական տարբերակում, ընդ որում ամրագրվեց հենց պառլամենտական կառավարման ձեւին անցումը, որովհետեւ մինչ այդ հայեցակարգի նախագծում երկու ձեւն էլ կար, երկու տարբերակ կար՝ եղած կիսանախագահական համակարգը կատարելագործել, եւ երկրորդ տարբերակը՝ անցնել խորհրդարանականի:

Մենք՝ իբրեւ Դաշնակցություն, աշխատեցինք հանձնաժողովի հետ, աշխատեցինք նաեւ նախաձեռնության հեղինակների հետ, նախագահի հետ, որպեսզի հիմնավորվենք, թե ինչու է կարեւոր պառլամենտական կառավարման ձեւին անցնելը եւ ինչպես են այդ խնդիրները լուծվելու այս համակարգում: Ստացվեց այնպես, որ վերջին տարբերակում մնաց պառլամենտական համակարգի ձեւը, մինչ այդ որեւէ գրավոր հրապարակային առարկություն նախաձեռնության վերաբերյալ չի հնչել, հնչել են առհասարակ առարկություններ՝ պետք չէ եւ այլն, դրանցից մեկն էլ՝ սոցիալ-տնտեսական ներկա պայմաններում արդյոք հրատապ հա՞րց են սահմանադրական փոփոխությունները»:

Ըստ նրա՝ այդ հարցը կարող է հնչել ցանկացած ժամանակ, օրինակ 1995 թվականին շատ ավելի ծանր վիճակ էր՝ ժամանակավոր զինադադարի պայմանագիր կնքած երկիր, որը ծանր տնտեսական վիճակում էր, գերարտագաղթի պայմաններում, սակայն ընդունվեց մայր օրենքը: Նա նկատեց, որ 2005 թվականին, երբ սահմանադրությունը փոփոխման ենթարկվեց աղքատությունը կրկին բարձր մակարդակի վրա էր, չնայած սոցիալ տնտեսական փոփոխությունների՝ հասարակությունը իշխանության նկատմամբ բացարձակ վստահություն չուներ. «Հիմա 2015 թիվն է, եւ նոր փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացել, ընդ որում հիմնավորումները հայեցակարգում շատ ավելի հստակ, պարզ, մաքուր են ներկայացված՝ սկսած՝ գործող Սահմանադրության թերի կողմերից, ավարտված՝ գործող Սահմանադրության դրույթների ոչ պատշաճ կիրառմամբ, եւ որ ամենակարեւորն է գործող Սահմանադրության 2-րդ հոդվածի իշխանության փոփոխելիության սահմանադրական նորմի չկիրառության պատճառաբանությամբ: Այսքան հիմնավորումների պարագայում ինչո՞ւ են ընդդիմանում մեր հարգարժան հայրենակիցներն այս փոփոխություններին: Եթե ընդդիմացումը լինում է բովանդակային, գիտակցված եւ մոդելների նկատմամբ հստակ մոտեցումներով եւ տարբերություններով: Ես կարող եմ բանավիճել, բայց եթե մարդն ասում է՝ ես չեմ ուզում փոփոխության ենթարկվի, որովհետեւ իշխանություններն են առաջարկում, ապա ես համարում եմ ոչ ճիշտ եւ տրամաբանությունից դուրս հիմնավորում, շատ պարզ պատճառով՝ որովհետեւ բոլոր ժամանակներում սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունով թե՛ 1995 թվականին, թե՛ 2005 թվականին պետք է հանդես գան այդ պահին գործող իշխանությունները, չկա այլ մեխանիզմ: Հակառակը՝ այս փոփոխություններն առաջարկում են մի նոր մեխանիզմ նախաձեռնության, որի ներքո ժողովուրդը, հասարակությունը ինքը կարող է նախաձեռնել մի նոր փոփոխություն»:

Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով իշխանության վերարտադրման մասին խոսակցություններին, ասաց. «Վերարտադրություն ասելով պետք է հասկանալ երկու սուբյեկտի իշխանության պահպանում՝ նախագահի եւ Ազգային ժողովի, որովհետեւ մնացածը ածանցվում են այս երկուսից: Դատական իշխանությունը այս գործող Սահմանադրությամբ ստեղծվում է էլի այս երկրի իշխանությունից, եւ մնացած բոլոր պետական կառույցներն էլի այս երկրի իշխանությունից են: Եթե այս փոփոխություններով վերանում է նախագահի ուղիղ ընտրության ինստիտուտը, նշանակո՞ւմ է արդյոք, որ մի մեխանիզմը չկա:

Երկրորդ մեխանիզմը կամ երկրորդ իշխանության գլուխը՝ պառլամենտը, որտեղ մեծամասնություն է, վերարտադրությունը պետք է լինի մեծամասնության նորից մեծամասնություն կազմելով: Բոլոր քաղաքական ուժերը, հասարակական ակտիվ գործիչները բացատրում են, որ այսօրվա իշխանությունները, երեկվա իշխանությունները կարողանում են իրենց տեղը պահպանել մեծամասնականի գոյությամբ, որովհետեւ մեծամասնականը իրենց համար բոնուս է համարվում, իրենց համար պարգեւատրում, որ իրենք կարողանում են 50 տոկոս եւ ավելին ունենալ: Փոփոխություններով վերանում է սա, նշանակո՞ւմ է, որ գոնե առաջին մակարդակում կա քաղաքական ուժերի հավասար պայման, վիճակ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Այնքան հեշտ է ճշմարտանման բաներ ասել, երբ դիմացդ ընդդիմախոս չունես…
    Կարո՞ղ է արդյոք սույն գործիչը այսպիսի հռետորական հարցադրումներ անել, եթե ՛՛Դեմ առ դեմի՛՛ իր ընդդիմախոսները լինեն, ասենք՝ Վարդան Օսկանյանը, Հրանտ Բագրատյանը կամ Լևոն Զուրաբյանը:
    Եթե նման հանդիպում լիներ, ինքս մի քանի հարցեր կառաջադրեի:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031