Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլոսի ամբիցիաները կամ՝ երբ սովորում ես աղբին

Հոկտեմբեր 15,2015 16:42

ՆԱԽԱԲԱՆ

Նայում եմ ոմանց փառահեղ դնչին

ու զարմանում եմ`

Թե ինչու է դարն այսքան վիթխարի,

Իսկ սրանք այսքան մանր ու չնչին:

Ե.Չարենց

 

Հասարակական ընթացքը զարմանահրաշ բան է: Տնտեսական աճը կարող է ուղեկցվել արտագաղթով (ով չի զգում մաշկի վրա՝ հազա՜ր ամոթ), բարեփոխումները՝ մենաշնորհների ամրապնդմամբ, քաղաքական «զարգացումը»՝ արժեքների խոր անկումով:

Սպասվող սահմանադրական հանրաքվեի և նոր ստեղծվելիք իրավիճակի ֆոնին իր քաղաքական ամբիցիաների մասին հայտարարությամբ մեզ պատվել է Ֆիլոսը: Նա բացելու է (ուշադրություն՝ ԲԱՑԵԼՈՒ Է, ինչպես բացում են օֆիս, խանութ, կամ կազինո) կուսակցություն և մասնակցելու է Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններին: Արդեն դժվար չէ կանխատեսել սպասվող քաղաքական գործընթացի որպիսությունը և որակը:

Ինչպես ասում են՝ հասանք, իջեք:

Բայց նա մեղավոր չէ, նա, սովետական քրեագիտության տերմիններով ասած՝ «բարեխիղճ մոլորյալ» է, մեղավորը մենք ենք, որ պարարտ հող ենք ստեղծել նման մոլորյալների հավակնությունների համար:

Մենք ենք, որ իջեցրել ենք Հայոց խորհրդարանի պատգամավորի նշաձողը մինչև Շմայս ու Լֆիկ, գիտության թեկնածուինը՝ մինչև անհոդաբաշխ պաշտոնյաներ, հայ երգի բանաստեղծական շիրազյան և չարենցյան հանգը մինչև ավետբարսեղյանական պրիմիտիվիզմ, վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը մինչև Արմենչիկ, և այլն, և այլն:

Մեղավորը մենք ենք, որ չենք շրջվում ու վճռական ընդդիմանում տգիտությանն ու զոռբայությանը, խոր գավառամտությանն ու հայրենասիրության քյաբաբային դրսևորումներին, իսկ եթե ընդդիմանում էլ ենք, ապա՝ ընտրողաբար ու քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:

Չենք շրջվում ու հաստատակամ ասում՝ հարգելիներս, ախր դուք ոչ մի լեզվով հոդաբաշխ խոսք չես կարողանում ասել, ձեր մի կերպ արտաբերած բառերով «պատահական թվերի գեներատոր» կոչվող սարքը մի ամփոփ միտք չի կարող խմբավորել, իսկ բառերի՝ միայն ամփոփ միտք արտահայտող խումբն է, որ կոչվում է նախադասություն:

Չենք ընդդիմանում օտարապաշտ ու ինքնակոչ փրկիչների ազգապահպան մղումներին, չենք հակադարձում, որ նրանց «դրսի» հաջողությունները միայն «շուստրիությամբ» են պայմանավորված, իսկ արժանիքներից գերագույնը՝ այլահպատակությունն է:

Եվ հիմա, իր մարտնչող տգիտությունը ամբիցիա համարող հերթական ամբարտավանը հայտարարում է, որ բացառիկ է, և առաքելություն ունի հայրենի երկրի ու ժողովրդի ճակատագրում… Եվ մեկը չկա՝ հարցնի. Դու իրո՞ք պատրաստվում ես քաղաքականությամբ զբաղվել, այս անհանգիստ ու վտանգավոր աշխարհում կայացնել մեր պետության համար քաղաքական որոշումներ: Հո դու պատուհաս չե՞ս մեր երկրի ու ժողովրդի գլխին…

Այո, մեղավորը մենք ենք, որ ժամանակին չբռնեցինք Ֆիլոսի նախորդների ձեռքը, իսկ եթե բռնեցինք էլ, ապա՝ ուշացած ու ընտրողաբար, պուշկինյան հանճարին դառնալով չասացինք մերօրյա հավակնոտ սապոժնիկներին «Суди друг не выше сапога»:

Citatum:    Մարդը կարող է հեռանալ գյուղից, գյուղը մարդուց՝ երբեք

Ֆիլոս Սենեկա

Եվ հիմա, աղետավոր այս գործընթացները կանգնեցնելը խիստ մշուշոտ է թվում…

Մենք այնքան ենք տեղ տվել միջակությանն ու անհաղորդությանը, անգիտությանն ու գաղափարական սնանկությանը, որ ներծծվել ենք դրանցով, դարձրել դրանք մեր էության անբաժան մասը:

Մենք այնքան ենք կեղտոտել մեր շրջապատը, որ ակամա սովորել ենք աղբին, և հիմա այդ աղբի մեջ նստած ապրում ենք մեզ համար՝ լավ ու ներդաշնակ կյանքի սին երազանքով…

Մի առիթով անվանի գեղանկարիչ Բաժբեուկ-Մելիքյանը իր աշակերտին ասել է. «Վատ ցուցահանդեսի մի՚ գնա, հանկարծ մի նկար պատահաբար դուրդ կգա, ու … ճաշակդ միանգամից կընկնի»:

ՎԵՐՋԱԲԱՆ

Ապա առաջնորդել են մեզ տարիներ երկար
Ֆեոդալներ շվայտ ու իշխաններ չնչին,
Հազար երանգներով իրենց դեմքը ներկած,-
Եվ մեր անմահության ակունքները այն ջինջ
Պղտորել են ոխով ու ոչնչությամբ…

Ե.Չարենց, Պատմության քառուղիներում
Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Հայի ընդվզումը արտագաղթն է: Լավ էլ ընդվզում են:

  2. Ashot says:

    ավաղ,տգիտությունը ամենուր է և համատարած,ցավ է`մեծ ցավ

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031