Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ էր քննվում, որը կապված էր Իջեւանի տարածաշրջանի Գետահովիտ գյուղի հարակից տարածքում «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման ընթացքում բնությանը պատճառված վնասների հետ: Քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 290 հոդվածով («Հողը փչացնելը») եւ 296 հոդվածի 2-րդ մասով («Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը, որը կատարվել է բնության հատուկ պահպանվող տարածքներում»):
Քրեական գործով նշանակված էր փորձաքննություն: Փորձաքննությունների ազգային բյուրոյի եզրակացության արդյունքներով բնությանը էական վնաս չի պատճառվել, հողի շերտին պատճառվել է ընդամենը 190 հազար դրամի վնաս, իսկ հատված ծառերի փոխարեն ընկերությունն ավելի շատ ծառ է տնկել եւ այլն: Իրավապահներից տեղեկացանք, որ այդ պատճառով «Մեգաէներջի» ՍՊԸ-ի դեմ քրեական գործը կարճվել է:
Հիշեցնենք, որ 2012թվականի մայիս ամսից Գետահովիտ գյուղի տարածքում «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ կառուցելու նպատակով, առանց համայնքի կողմից տրված շինթույլտվության շինարարական աշխատանքներ են կատարվել: Դրա ընթացքում աշխատել է ծանր տեխնիկա, բազմաթիվ ծառեր են հատվել, հողի շերտի փոփոխություն է եղել:
2012թ. աշնանը Գետահովիտ համայնքի բնակիչների բողոքի արդյունքում դադարեցվեց Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարությունը: 2012թ. դեկտեմբերին Գետահովտի բնակիչները դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ առանց շինարարական թույլտվության ՓՀԷԿ-ի կառուցման ժամանակ բնությանը պատճառված վնասի համար քրեական գործ հարուցելու համար: Այդ դիմումը ուղարկվել էր Տավուշի մարզի դատախազություն, այնտեղից՝ ոստիկանության Իջեւանի բաժին:
Կարդացեք նաև
Այդ ընթացքում «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարությունն իրականացնող «Մեգաէնէրջի» ՍՊԸ ղեկավարության կողմից Գետահովիտ համայնքում զանազան ծրագրեր իրականացնելու խոստումներ են տրվել, փոքր ՀԷԿ-ի շինարարությունը վերսկսվել է: 2013թ. հունիսի 3-ին ՓՀԷԿ-ի շինարարությունում աշխատող էքսկավատորի վրա ընկել էր ժայռ, որի հետեւանքով վարորդ, Եղվարդի բնակիչ, 1986թ. ծնված Արտյոմ Խալաթյանը տեղում մահացել է:
2014թ. փետրվարի 17-ին Գետահովիտ գյուղում կայացել են «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի շինարարության վերաբերյալ հասարակական լսումներ, որոնք վերաբերում էին ՀԷԿ-ը սնուցող ջրատար խողովակի տրամաչափը 1000 միլիմետրից 1200 մմ դարձնելուն եւ ՓՀԷԿ-ը սնուցող խողովակաշարի երկարությունը 1 կիլոմետրով երկարացնելուն:
Գետահովտի բնակիչները բողոքել են «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից ՀԷԿ-ի շինարարության դեմ, որ ՀԷԿ-ի գործունեությունը նվազեցնում է Պաղջուր գետի հոսքը, վնասում գետի ձկնային պաշարները: Բողոքները մարեցին,երբ «Մեգաէներջի» ՍՊԸ-ն սկսեց որպես նվիրատվություն Գետահովտում աշխատանքներ կատարել: «Մեգաէներջին» Գետահովտում կառուցել է գիշերային լուսավորության ցանց, համայնքին նվիրաբերել է տրակտոր, գյուղի մանկապարտեզի խոհանոցի, ճաշարանի եւ զուգարանի տարածքը նորոգել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ