Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսուհետև խնդիրը տեղափոխում ենք իրավաքաղաքական դաշտ». Աշոտ Մելքոնյան

Հոկտեմբեր 15,2015 15:46

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) մեկնարկել է «Հայոց Ցեղասպանություն-100. ճանաչումից հատուցում» խորագրով միջազգային գիտաժողովը:

«Վերջին հիսուն տարվա ընթացքում մենք մեր պայքարը տարել ենք Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ և սխալ ենք արել, որովհետև շուրջ կես դար ժամանակ ենք կորցրել, այն դեպքում երբ Ցեղասպանությունից հետո հիսուն տարի մեզանում պայքարն ընթացել է հայրենազրկված հայության իրավունքների վերականգնման, հայրենիքը վերադարձնելու ուղղությամբ, այսինքն՝ մարդիկ տարածքային հատուցման խնդիրն են համարել մեր պայքարի մեխը:

Կես դար զբաղված լինելով ճանաչման հարցով՝ հիմա, վերջապես, արդեն նաև պետական մակարդակով, գիտաճանաչողական տեսանկյունից այս գիտաժողովը տարբերվելու է նախորդներից նրանով, որ կարևորելու է հատուցման խնդիրը: Այսինքն, մեր խորին համոզմամբ, ճանաչման գործընթացն ավարտվել է, և այսուհետև խնդիրը տեղափոխում ենք իրավաքաղաքական դաշտ»,- այսօր՝ մինչև գիտաժողովի մեկնարկը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Նշենք, որ գիտաժողովի կազմակերպիչները ԳԱԱ-ն և ԵՊՀ-ն են:

Գիտաժողովին մասնակցում են ավելի քան 100 մասնակիցներ Հայաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Ռուսաստանից, Ավստրալիայից, Ուկրաինայից, Կանադայից, Լեհաստանից, Հունգարիայից:

Գիտաժողովը սկսվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ողջույնի ուղերձներով, որոնցում շեշտադրվում էր այն փաստը, որ չդատապարտված հանցագործություններն ավելի մեծ հանցագործություններ են ծնում:

«Կփորձենք այս գիտաժողովով հանրագումարի բերել գիտական այն նվաճումները, որոնք ունեցել ենք այս թեմայի շուրջ վերջին տարիներին»,- իր ելույթում ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ սրանով ոչ թե ավարտվում, այլ սկսվում է նոր՝ Ցեղասպանության հետազոտությունները իրավական տեսքի բերելու փուլ:

«Հատուցման պահանջին զուգահեռ, պետք է սիստեմատիկորեն շարունակել գիտական աշխատանքները: Առավել խորը ուսումնասիրելու կարիք կա Օսմանյան Թուրքիայի դաշնակից Գերմանիայի հանցակից դերը Հայոց ցեղասպանության գործում»,- իր հերթին նկատեց ԱՄՆ հայագետների ընկերակցության նախագահ Գևորգ Բարդակչյանը:

«Այս գիտաժողովը գիտական նոր մակարդակի կբարձրացնի Ցեղասպանության ուսումնասիրման, հետևանքների վերացման կարևոր խնդիրը»,- հույս հայտնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Նա կարևորեց գիտաժողովի «ճանաչումից հատուցում» վերտառությունը, որն արդեն, ըստ նրա, դարձել է գերիշխող՝ շնորհիվ նաև քաղաքական գործիչների, սփյուռքի հայրենակիցների և մասնագետների. «Շատ երկրներ շարունակում են համառորեն անտեսել ճանաչման խնդիրը: Ցավոք, դեռ կան երկրներ, որոնք կամ անտեսում կամ էլ շարունակում են օգտագործել այն իրենց անձնական նեղ շահերի համար»,- նշեց Ա. Սիմոնյանը:

Հավելենք, որ գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև վաղը՝ հոկտեմբերի 16-ին:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031