Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նույնականացման քարտը նույնպես համարվում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ

Հոկտեմբեր 15,2015 15:44

Գործադիրը դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանի, Արտակ Դավթյանի, Գագիկ Մինասյանի և Գագիկ Մելիքյանի օրենսդրական նախաձեռնության կար­գով ներկա­յաց­րած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրա­­ցում կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենք­ների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Նախագծերի փաթեթի նպատակն է ապահովել նույնականացման քարտերով քվեարկությանը մասնակցելու քաղաքացիների սահմանադրական իրավունքը՝ սահմանելով, որ քվեարկության ժամանակ նույնականացման քարտը նույնպես համարվում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ: Միաժամանակ, նախատեսվում է, որ նույնականացման քարտը չի դրոշմակնքվում:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է ավելացնել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, ինչպես նաև Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թվակազմը: Ներկայացված նախագծով նախատեսվող փոփոխությունների արդյունքում էականորեն կթեթևանա այդ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների ծանրաբեռնվածությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի գործերը ողջամիտ ժամկետում քննելուն:

Կառավարության նիստում քննարկվել է ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Մհեր Շահգելդյանի և Լևոն Դոխոլյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն` նախագծի ընդունման անհրաժեշտությունն այն է, որ վարչական իրավախախտումներ կատարած ՀՀ քաղաքացիների մի մասն արտասահմանում գտնվելու, իսկ մյուս մասը` հարգելի այլ պատճառներով հնարավորություն չեն ունեցել վեց ամսվա ընթացքում իրականացնել տուգանքների վճարումները և առաջարկվում է «վեց ամիս» բառերը փոխարինել «մեկ տարի» բառերով: ՀՀ կառավարությունը բացասական եզակիություն է տվել ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը, քանի որ, մասնավորապես, ներկայացված առաջարկության հիմնավորվածությունը լիարժեք գնահատելու համար անհրաժեշտ են վիճակագրական տվյալներ այն մասին, թե տոկոսային հարաբերակցությամբ որքան է այն անձանց թիվը, ովքեր հնարավորություն չեն ունեցել 6 ամսվա ընթացքում իրականացնել տուգանքների վճարումները և դրանք տվյալ ժամանակահատվածում թույլ տրված իրավախախտումների որ մասն են կազմում:

Կառավարությունը քննարկել է նաև վերոնշյալ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած մեկ այլ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրինագծի վերաբերյալ: Ըստ ներկայացված հիմնավորման` նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհատրանսպորտային երթևեկության նվազ վտանգավորություն ունեցող խախտումների համար սահմանված տուգանքների չափի նվազեցմամբ՝ նկատի ունենալով ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը: Կառավարության եզրակացության համաձայն, նախագծում պատշաճ հիմնավորված չէ տուգանքների չափերի նվազեցման անհրաժեշտությունը և օրինագծի հիմնավորման մեջ բացակայում են վիճակագրական տվյալները, համապատասխան վերլուծությունները և այլն: Նշվել է նաև, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ներկայումս մշակում է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը, որում ամրագրվում են նոր մոտեցումներ և սկզբունքներ: Բացի այդ, նշված է, որ սեպտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում ստեղծված հանձնաժողովի աշխատանքների օրակարգում է ճանապարհային երթևեկության նվազ վտանգավոր, միտում չպարունակող խախտումների համար տուգանքները նախազգուշացմամբ փոխարինելու, ինչպես նաև տուգանքների կրկնակի վճարման (գանձման) դեպքերը բացառելու համակարգի ներդնումը: Կառավարությունն օրենսդրական նախաձեռնության հեղինակներին առաջարկել է ներկա փուլում ձեռնպահ մնալ օրենսդրական նախաձեռնության քննարկումից:

Քննարկվել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է վերացնել պետական մարմինների կողմից մատուցվող այն ծառայությունների համար պետական տուրքը, որի չափը հիմնականում չի գերազանցում երկու հազար դրամը: Կառավարությունը նախագծի ընդունումը համարել է ոչ նպատակահարմար:

Օրինագծերն ու կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031