Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 8-րդ «Արմթեք-Կոնգրես-2015» համաժողովի մի շարք պատվիրակների և նրանց հետ քննարկել Արցախում ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:
Վարչապետն ուրախություն է հայտնել, որ հերթական «Արմթեք» համաժողովն անցկացվել է Ստեփանակերտում՝ այն համարելով կայացած փաստ և նոր խթան Արցախի տեխնոլոգիական բնագավառի գրավչության բարձրացման համար: Ոլորտում կառավարության ծրագրերի և անելիքների մասին Ա. Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառն առաջնահերթ ուղղություն է մեզ համար, և պատրաստ ենք դրա արագ զարգացման նպատակով համապատասխան քայլեր կատարել: Կառավարությունը պատրաստակամ է համագործակցել Արցախում գործունեություն ծավալելու հնարավորությամբ հետաքրքրված բոլոր ընկերությունների հետ: Նոր ներդրումների խրախուսման համար կաջակցենք ներդրողներին թե՛ ենթակառուցվածքների ապահովմամբ, և թե՛ արտոնյալ պայմանների տրամադրմամբ»:
Անդրադառնալով հաջողված օրինակներին՝ կառավարության ղեկավարն, ի թիվս այլ ձեռնարկությունների, շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա՝ «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմս» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին և «Լոկատոր» ընկերության տնօրեն Արման Խաչատրյանին՝ բավարար կամք ցուցաբերելու և Արցախում երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու համար: Վարչապետը բարձր է գնահատել նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ներդրումը հանրապետությունում ՏՏ ոլորտի առաջընթացի գործում:
Հյուրերը վարչապետ Հարությունյանին են ներկայացրել իրենց ղեկավարած կազմակերպությունների փորձը, գործունեության ուղղությունները և ԱՀ-ում աշխատանքներն ընդարձակելու հեռանկարները: Կողմերը մտքեր են փոխանակել Արցախում տեխնոլոգիական և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ կրթական ծրագրերի իրագործման հնարավորությունների վերաբերյալ, որոնք թույլ կտան լուծել որակյալ կադրերի պատրաստման խնդիրը: Հանդիպման ժամանակ ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ համագործակցության հետագա ընդլայնման և ընթացի ծրագրերի զարգացման ուղղությամբ:
Կարդացեք նաև
Հանդիպմանը մասնակցում էր նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին