Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանների պալատի պատասխանը Երվանդ Վարոսյանի եւ Լուսինե Սահակյանի հայտարարությանը

Հոկտեմբեր 15,2015 15:04

Տիկին Լուսինե Սահակյանը և պարոն Երվանդ Վարոսյանը 14.10.2015թ. հայտարարություն են տարածել, մի քանի հարցերով մեղադրանքներ ներկայացնելով ՓՊ նախագահին։
1. Լրագրող Փայլակ Ֆահրադյանի հայտարարության վերաբերյալ

Լրագրող Փայլակ Ֆահրադյանի կողմից 30.07.2015թ. հոդվածի վերաբերյալ, փաստաբանների պալատի մամուլի խոսնակի առնչությունը առավել քան իրավաչափ է, քանի որ այդ հոդվածով ՓՊ աշխատակից հանրային պաշտպան Լիանա Գրիգորյանը հնարավորություն է ունեցել ներկայացնել իր տեսակետը դեռևս 24.07.2015թ. մեկ այլ կայքում հրապարակված Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի վստահորդի հայտարարության կապակցությամբ։

Պետք է տեղեկացնեմ նաև, որ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի վստահորդի գրավոր դիմումի հիման վրա հանրային պաշտպան Լիանա Գրիգորյանի նկատմամբ ՓՊ նախագահի 07.08.2015թ. որոշմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Մամուլի խոսնակը մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ է կազմակերպել և կազմակերպում նաև մյուս փաստաբանների համար։

2. Հաստիքացուցակի վերաբերյալ

Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը հայտարարել են, որ իրենք նախկինում դեմ են եղել պալատի հաստիքացուցակի փոփոխություններին, քանի որ իրենց կարծիքով շեշտակի ավելացվել է աշխատակազմը։

Մինչև 2013 թվականի հոկտեմբերի 4-ը՝ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի պաշտոնը ստանձնելու պահը, Պալատի հաստիքացուցակը (չհաշված ՀՊԳ-ն) կազմված է եղել 17 աշխատողից, Պալատը տեղակայված է եղել ք.Երևան, Զաքյան 3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի առաջին հարկում մոտ 356քմ փաստաբանների քանակը կազմել է՝ 1370։ Միջին աշխատավարձը կազմել է 139.432 ՀՀ դրամ։

2013 թվականի հոկտեմբերի 4-ից հետո առ այսօր՝ Պալատի հաստիքացուցակը (չհաշված ՀՊԳ-ն) կազմված է 23 աշխատողից, Պալատը տեղակայված է ք.Երևան, Զաքյան 2 հասցեում գտնվող շենքի չորրորդ հարկում, մոտ 757քմ (չհաշված մյուս հարկերը, ընդհանուր օգտագործման մյուս տարածքները), փաստաբանների քանակը կազմում է՝ 1583։ Միջին աշխատավարձը կազմում է 131.926 ՀՀ դրամ։

Ի դեպ, պալատը 2014 թվականից սկսած վերապատրաստման դասընթացները հիմնականում ինքն է կազմակերպում (նախկինում միայն դպրոցն էր և պալատը վերապատրաստման համակարգողի հաստիքի անհրաժեշտություն չուներ)։ Նոր շենքի մաքրման, անվտանգության ապահովման, մինչև երեկոյան ժամերին ( 21.30-ը) հերթափոխ ընդունարանի պատասխանատուների հաստիքների անհրաժեշտությունը իհարկե նախկինում չկային։

Այս պայմաններում, կարծում եմ, որ 6 հաստիքի ավելացումը շեշտակի նշելը փոքր ինչ չափազանցում է։

Հատկանշական է, որ հաստիքացուցակի փոփոխություն նախաձեռնած Արա Զոհրաբյանի առաջարկով ՓՊ նախագահի համար նախատեսված 750.000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձը, դեռևս 2013թ. հոկտեմբերից իջեցվել է 300.000 ՀՀ դրամով։
Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը, որպես խորհրդի անդամներ ազատ են եղել իրենց դիրքորոշումը ներկայացնելու, որը և իրականացրել են և իրականացնում են բացառապես իրենց հայեցողությամբ։

3. Փաստաբանների պալատի հետ կապված թեզերի վերաբերյալ
Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը հայտարարել են, որ իրենց կողմից առաջարկվել են օրենքի փոփոխության հետևյալ թեզը՝

– Պալատի խորհրդի անդամներին պետք է օրենքով արգելել միաժամանակ պաշտոններ զբաղեցնել պալատի աշխատակազմում, փաստաբանական դպրոցում և հանրային պաշտպանի գրասենյակում։

Ըստ բանախոսների այս և նմանատիպ առաջարկները ՓՊ նախագահի կողմից ընդունվել է թշնամաբար։

Նախ պետք է նշենք, որ ՓՊ-ն օրենք ընդունելու լիազորություն չունի և կարող է առավելագույն դեպքում այդպիսի առաջարկ ներկայացնել իրավասու մարմիններին։
Երկրորդ, բանախոսների հիշյալ առաջարկը խիստ սուբյեկտիվ էր, քանի որ մինչև Ա. Զոհրաբյանի կողմից ՓՊ նախագահ ընտրվելը, պալատը նույն կերպ էր աշխատում. փաստաբանական դպրոցի նախկին տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը հանդիսանում էր խորհրդի անդամ, խորհրդի որոշ անդամներ պաշտոններ էին զբաղեցնում պալատում։

Խնդիրը կայանում է նրանում, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ Փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբանների պալատի գործադիր մարմին է և պալատի ֆինանսատնտեսական գործունեության անմիջական հսկողն ու վերահսկողը։ Պալատի խորհուրդն է թույլ տալիս մեկ միլիոն ՀՀ դրամը գերազանցող գործարքներ կնքելը, խորհուրդն է հաստատում հաստիքացուցակը, անդամավճարի չափը և վճարման կարգը և այլն։ Այլ բան է, եթե սկզբունքորեն օրենքով փոխվի խորհրդի կարգավիճակը և լիազորությունները, որպեսզի վերջինս գործադիր մարմնի կարգավիճակից զրկվի։ Բանախոսների կողմից, այդ իմաստով, փաթեթային առաջարկ չի ներկայացվել, որպեսզի խորհրդի մյուս անդամները կարողանան գնահատել առաջարկի ողջամտությունը, հիմնավորվածությունը և անհրաժեշտությունը։

4. Երվանդ Վարոսյանի առնչությամբ հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ
Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը ակնարկում են, որ Երվանդ Վարոսյանի առնչությամբ հարուցված կարգապահական վարույթները կապված են վերջիններիս խորհրդի ներսում ակտիվ գործունեության հետ։

Երվանդ Վարոսյանի և Տիգրան Խուրշուդյանի նկատմամբ 02.06.2015թ. հարուցվել է կարգապահական վարույթ, ինչպես արդեն մամուլում շրջանառվել է, խորհրդի նիստում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։

Որպես ՓՊ նախագահ, ի՞նչ պետք է աներ Արա Զոհրաբյանը։ Արդյո՞ք չպետք է այդ հարցը բարձրացներ նույն խորհրդի առջև։ Խորհուրդը ինքն է արդեն որոշում կարգապահական գործի (գործերի) ճակատագիրը, այդ թվում՝ վարույթը կարճելու, գործը չքննելու, պատասխանատվության ենթարկելու հարցերը։ ՓՊ նախագահը այստեղ միջամտելու իրավունք չունի։ Հակառակը, նա չի մասնակցել և իրավունք էլ չունի մասնակցել կարգապահական գործերին։

Այդ հարցը խորհրդում չբարձրացնելու (վարույթ չհարուցելու) դեպքում, երբ կար առիթը և հիմքը, արդյո՞ք ՓՊ նախագահը չէր խրախուսի փաստաբանների, առավել ևս՝ խորհրդի անդամների նման պահվածքը։

Անձամբ իմ կարծիքով, ՓՊ խորհրդի անդամը պետք է իրեն ավելի պատասխանատու պահի, քանի որ իր մասնակցությամբ ընդունվող որոշմամբ այլ փաստաբանի է պատժում։ Ինչպես կարող է նա փոքր «զանցանք» կատարած փաստաբանին պատասխանատվության ենթարկել, երբ ինքը որևէ «զանցանք» է թույլ տալիս։

Եվ ի վերջո, Երվանդ Վարոսյանին և Տիգրան Խուրշուդյանին պատասխանատվության ենթարկելու մասին պալատի խորհրդի որոշումը դեռ ուժի մեջ մտած չէ և դատական կարգով կարող է բողոքարկվել։

Ի դեպ, տեղեկացնեմ նաև, որ փաստաբանների պալատի խորհրդի այլ որոշումներ էլ են բողոքարկված, և դատարաններում այդպիսի գործեր կան։ Անձամբ ես եմ ներկայացնում պալատի շահերը դատարաններում։

Երվանդ Վարոսյանի նկատմամբ մյուս կարգապահական վարույթը հարուցվել է փաստաբան, հանրային պաշտպան Լիանա Գրիգորյանի դիմումի հիման վրա՝ 12.08.2015 թվականին։ Լիանա Գրիգորյանը պալատին հայտնել էր, որ Երվանդ Վարոսյանն իր facebook-յան էջում կատարել էր հետևյալ գրառումը. «Կարելի է միայն հպարտանալ նրանով, որ քո դեմ որոշ չորքոտանիներ ճղճիմ հոդվածներ են պատվիրում (հատկապես պնդուկ ուղեղով չորքոտանիները): Դա նշանակում է, որ դու ճիշտ ուղու վրա ես»: Այնուհետև իր գրառման տակ մեկնաբանություն էր գրել. – «Մեկ էլ կայֆ ա, որ քեզնից հղիներով հավաքվում ու նյութի տակ լայքադրսևորվում են )))»:
Խնդիրը պետք է լուծի պալատի խորհուրդը՝ ընդհանուր ժողովի կողմից 4 տարի ժամկետով ընտրված 12 անդամներով, առանց ՓՊ նախագահի մասնակցության։

Ինչպես արդեն վերը նշել եմ, հանրային պաշտպան Լիանա Գրիգորյանի նկատմամբ էլ է հարուցվել կարգապահական վարույթ։

5. Ամփոփիչ խոսք 
Հորդորում ենք մեր գործընկերներ Լուսինե Սահակյանին և Երվանդ Վարոսյանին փաստաբանների պալատում տեղի ունեցող բնականոն գործընթացներին ծայրահեղ վերաբերմունք չցուցաբերել։

Հիշեցնում ենք, որ միևնույն է Դուք մեր գործընկերներն եք, և մենք հարգում ենք Ձեզ։

 

Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
նախագահի առաջին տեղակալ՝ 
Արթուր Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031