Լոռու մարզի Կուրթան համայնքի «Ջաղացներ» կոչվող թաղամասում բնակելի տուն է այրվել: Այս մասին հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան ահազանգ է ստացվել Լոռու մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային Կառավարման կենտրոն:
Անմիջապես ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել Լոռու հրշեջ-փրկարարները: Տեղում աշխատել է երկու մարտական հաշվարկ: Մոտ մեկ ժամ տևած հրդեհաշիջման աշխատանքներից հետո փրկարարներին հաջողվել է մարել հրդեհը:
Տեղում պարզվել է, որ ամբողջովին այրվել է Սուրեն Գևորգյանին պատկանող մեկհարկանի քարե տունը:
«Քանի որ տան նկուղը փլվել է, կասկածում ենք, որ տանտերը այնտեղ կլինի»,- նշում է Կուրթան համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանը: Վերջինս հավելեց նաև, որ Ս. Գևորգյանը տանը միայնակ էր ապրում, բայց հաճախակի այցի էին գալիս զավակները:
Կարդացեք նաև
Որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերվել է տանտիրոջ՝ 85-ամյա Ս. Գևորգյանի այրված-մոխրացած դին:
Գոհար ՄՈՎՍԻՍՅԱՆ