Մոսկվայի Փարաջանովի անվան թատրոնը ` ՀՀ Մշակույթի նախարարության և «Բիլայն» ընկերության աջակցությամբ` խաղացանկով հանդես կգա Երևանում: Այսօր «Հայելի» ակումբում տեղի ունեցած ասուլիսում Մոսկվայի Փարաջանովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Գաբբեն խոսեց երևանյան խաղացանկի, մոսկովյան թատրոնի անցած ուղու, առաջիկա հյուրախաղերի և հայ հանդիսատեսի պահանջկոտության մասին:
Aravot.am-ի հարցին,թե ինչ է սպասվում հայ հանդիսատեսին, Վլադիմիր Գաբբեն ասաց. «Նախ խոսեմ թատրոնի մասին: Մեր թատրոնի 20-ամյակն է լրանում այս տարի: Երևի կպատկերացնեք, թե ինչքան դժվար էր երկու տասնամյակ առաջ Մոսկվայում ստեղծել Փարաջանովի անվան թատրոն և պահել այն` մոսկովյան թատերական դաշտում: Կարող եմ ասել, որ չնայած բազմաթիվ դժվարություններին մենք լուրջ հաջողությունների հասել ենք: Ես վստահությամբ կասեմ, որ մեր խաղացանկը տարբերվում է մնացած թատրոններից: Իսկ ինչ վերաբերում է Երևանում ներկայացումներով հանդես գալուն ասեմ` Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում` հոկտեմբերի 19-ին, ժամը 19:00-ին կլինի «Կյանքը չես խաղա կրկին» ներկայացումը: Բազմաթիվ թատերասերների խնդրանքով նաև կլինի «Արմենիադա» ներկայացումը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության տարելիցին: Այն, որ հայ հանդիսատեսը հավանել է ներկայացումը`«Արմենիադա»-ն, մենք արդեն դրանում համոզվել ենք սեպտեմբերի 22-ին և 23-ին: Մենք չենք ներկայացնում հայոց պատմությունը: Այլ հրավիրում ենք հանդիսատեսին հոգևոր ճանապարհորդություն դեպի անցյալ: Ես ուզում եմ, որ ոչ թե թատրոնը գնա հանդիսատեսի հետևից, այլ հանդիսատեսը թատրոնի»:
Խոսելով հայ հանդիսատեսի մասին, Գաբբեն ասաց, որ Հայաստանի հանդիսատեսն ամենաքմահաճն է, և ամենապահանջկոտը: «Ուրախ եմ, որ այստեղ կա մտավորականության լայն զանգված, որոնք գնահատում են մեր աշխատանքը: Առաջիկայում հյուրախաղերով հանդես կգանք նաև Ֆրանսիայում, և այլ երկրներում ևս: Սա շատ լավ առիթ է փարաջանովյան կոլորիտը ներկայացնել նաև Մոսկվայի և Երևանի սահմաններից դուրս»:
Կարդացեք նաև
Հայկ ՄԱԳՈՅԱՆ