Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանները վիրավորված էին Գյումրու քաղաքապետից՝ կապված այն հարցի հետ, որ Գյումրու օրվան նվիրված մշակութային միջոցառումներին իրենց չէին հրավիրել: Ավելին, այդ օրը քաղաքապետարանի ծրագրում տեղ էր գտել թատերագետ Լեւոն Մութաֆյանի «100 տարի և կես դար» գրքի շնորհանդեսը, որն անմիջականորեն վերաբերում էր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին. մշակութային ամենամեծ օջախը տոնում է իր 150-ամյա հոբելյանը, սակայն այն տեղի էր ունեցել առանց թատրոնի դերասանների մասնակցության:
Aravot.am-ի՝ այս թեմայի մասին հրապարակումից հետո Գյումրու քաղաքապետը իր մոտ էր հրավիրել թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանին ու մենեջեր Տիգրան Վիրաբյանին ու փորձել էր ուղղել իր սխալը:
Իսկ այսօր Գյումրու ավագանին քաղաքի բյուջեից 3 միլիոն դրամ նվիրեց թատրոնի 150-ամյակը կազմակերպելու համար: Ինչպես պարզաբանեց քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը, բեմը զարդարելու, սարքավորումներ տեղադրելու համար թատրոնի ռեժիսորական խումբը խնդրել է քաղաքապետին 2 միլիոն 100 հազար դրամ կազմող ծախսը դնել ավագանու նիստի քննարկմանը:
Քաղաքապետարանը 800 հազար դրամ էլ նախատեսել է հատկացնել վաստակաշատ թատերական գործիչներին պարգեւատրումներ, նվիրատվություններ կատարելու համար:
Կարդացեք նաև
Նկատենք, որ թատրոնի անձնակազմը բաղկացած է մոտ 150 հոգուց ու այս մշակութային օջախին թշնամացնելը այնքան էլ չի բխում քաղաքապետ Բալասանյանի շահերից, հատկապես որ ընտրություններին քիչ ժամանակ է մնացել ու նաեւ այն պատճառով, որ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիից ընտրված պատգամավորներ Մարտուն Գրիգորյանն ու Սուքիաս Ավետիսյանը ջանքեր չեն խնայել թատրոնի 150-ամյակի հանդիսավոր միջոցառումների կազմակերպման համար:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Գյումրու թատրոնի մասին գիրքը պետք է կրկին գրվի: Կոլեկտիվը կասի ինչու: