«Պարոն Աբրահամյանը հայտ չի ներկայացնում բանասիրական ֆակուլտետ ընդունվելու համար, դրա համար լեզվի մասը թողնենք մի կողմ: Նա քաղաքական հայտ է ներկայացնում: Մարդն ասել է`սպասեք մինչեւ գարուն: Սպասենք»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց Ազատ Արշակյանը:
Հայաստանում ստեղծվող նոր քաղաքական իրավիճակի, սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասին նա պետք է բանավիճեր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի հետ: Վերջինս, սակայն, բանավեճին չէր ներկայացել:
Արա Աբրահամյանի` հայաստանյան քաղաքական դաշտում հայտ ներկայացնելու մասով Ազատ Արշակյանը նաեւ կարեւոր է համարում, թե ի՞նչ անձնակազմով է գալու: Բայց քանի դեռ ծրագիրն ու թիմը տեսանելի չեն, ավելին ասել, Ազատ Արշակյանը ձեռնպահ է մնում:
«Կարելի է ասել, որ քաղաքական առումով Հայաստանը խոպան է»,- կարծում է Ազատ Արշակյանը` հավելելով, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումից հետո, իշխանությունը հրաժարվել է իշխանությունից: «Հարթակը դատարկ է, դրա համար Արա Աբրահամյանի հայտը ես համարում եմ բնական: Կարծում եմ, որ դեռ նոր հայտեր կլինեն: 2017 թվականի նախընտրական կամպանիան է»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Նա չի կասկածում, որ Հայաստանում լուրջ իշխանության հավակնորդները ՌԴ-ի կողմից «դաբրո» չստանան: «ՌԴ-ն խանդոտ է: Անգամ հայրենադարձ մի քաղաքացի, ով հայերեն ակցենտով է խոսում, գնում է Կրեմլից դաբրոյի»,- ասաց բանախոսը` նկատի ունենալով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհանիսյանին:
Դեկտեմբերիի 6-ին, սահմանադրական բարեփոխումների քվեարկության օրը, Ազատ Արշակյանը սպասում է ջախջախիչ հաղթանակի`ժողովրդի հաղթանակին. «Ժողովուրդը իր «Ոչ»-ը կասի»:
Սահմանադրական բարեփոխումների նախագիծն, ըստ Ազատ Արշակյանի, իշխանության ներսում հարաբերությունները կարգավորելու, կարկանդակը բաժանելու մասին է. «Հայ ժողովուրդը զրկված է իշխանության գործերին միջամտելու իրավունքից»: Ըստ Ազատ Արշակյանի, նախորդ Սահմանադրությունը պետք էր բարելավել, օրինակ նախագահ-ԱԺ հարաբերություններում հավասարակշռելու շատ բաներ կան, բայց ոչ ստանալ այն նախագիծը, որն ունենք:
Aravot.am-ի հարցին`կհաջողի՞ «Ոչ»-ի ճակատի այն հատվածին, որը սպառնում է սահմանադրական բարեփոխումների գործընթացը իշխանափոխության վերածել, Ազատ Արշակյանը պատասխանեց. «Իշխանափոխությունից առաջ չեն սպառնում: պետք չի հակառակորդին տեղյակ պահել, պետք է գնալ ու փոխել»:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին է, որտեղ, վերջինս բացասական վերաբերմունք էր հայտնել սահմանադրական բարեփոխումների մասին, բանախոսն ասաց, որ կարեւոր է համարում, որ ՀՀ-ում նախկին բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարություններ են անում, մասնակցում են քաղաքական կյանքին: Նա կարծում է, որ ՀՀ երկու նախկին նախագահները, ԱԺ նախագահները պետք է մշակեին սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ու նոր տային մասնագիտական հանձնաժողովին:
ՌԴ-ում ընթացող վերջին քսան օրերի իրադարձություններից, Ազատ Արշակյանը ենթադրություն է անում, որ այդ երկրում երկրորդ վերակառուցման գործընթաց է սկսվում: Հույս ունի, որ այդ ալիքը Հայաստան էլ կհասնի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ