Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչը «Մետրոպոլիտենի» աշխատակիցների բողոքը մերժեց, «Մետրոպոլիտեն»-ինը՝ մասնակիորեն բավարարեց

Հոկտեմբեր 15,2015 14:18

Այսօր ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հրապարակեց Երևանի մետրոպոլիտենի երեք նախկին աշխատակիցների գործով վճիռը: Դատարանը որոշել է մերժել «Մետրոպոլիտենի» նախկին աշխատակիցների՝ Սեւակ Հովհաննիսյանի, Անդրանիկ Գեւորգյանի եւ Գագիկ Գալստյանի բողոքը եւ մասնակիորեն բավարարել «Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը:

Վերաքննիչ դատարանը բեկանել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով «Մետրոպոլիտենը» պարտավորվում էր՝ աշխատանքում չվերականգնվելու դիմաց հատուցել նախկին աշխատակիցներին նրանց աշխատավարձի հնգապատիկի չափով գումար:

Վճիռը՝ շուտով տեսանյութում.

Հիշեցնենք, որ այս գործով վերաքննիչ էին դիմել եւ՛ «Մետրոպոլիտենի» աշխատակիցները, ե՛ւ հենց ընկերությունը:

Aravot.am-ի հետ զրույցում «Մետրոպոլիտենի» աշխատակիցների ներկայացուցիչ Քրիստինա Գևորգյանը նշել էր, որ իրենք Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի հետ համաձայն չեն՝ աշխատանքում չվերականգնելու մասով, ինչպես նաև այն հիմքով, որ որպես ծայրահեղ միջոց աշխատանքում չվերականգնելու դեպքում որպես հատուցում հաշվարկվել է իրենց միջին աշխատավարձի հնգապատիկը, ոչ թե օրենքով սահմանված առավելագույն չափը՝ տասներկուապատիկը:

Երևանի մետրոպոլիտենն իր հերթին բողոքարկել էր վճիռը այն հիմքով, որ դատարանը պատշաճ քննության առարկա չի դարձրել իրենց կողմից ներկայացված ապացույցները՝ աշխատողների կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումների վերաբերյալ:

metropoliten vchir «Մետրոպոլիտենի» նախկին աշխատակիցները նշեցին, որ այս պահին իրենք զբաղվածության խնդիր ունեն, աշխատանք չեն կարողանում գտնել, գտածն էլ ժամանակավոր է:

Անդրանիկ Գեւորգյանը Aravot.am-ի հետ զրույցում անհասկանալի համարեց դատարանի վճիռը, նշեց, որ իրենք իրենց անելիքները կորոշեն միայն իրենց ներկայացուցիչի՝ Քրիստինե Գեւորգյանի հետ քննարկումից հետո (Քրիստինե Գեւորգյանը դատական նիստին ներկա չէր- Հ. Հ.), բայց որ պայքարելու են, փորձելու են արդարությունը վերականգնել, միանշանակ է:

Գագիկ Գալստյանն էլ նշեց. «Պայքարելու ենք: Սա մեզ ձեռնտու որոշում չէր, արդարության համար պետք է պայքարենք մինչեւ վերջ»: Նա նշեց, որ արդեն կասկածներ ունեն, որ դատական համակարգն իրենց գործում անկախ չէ:

«Արդեն կան կասկածներ, որ միշտ ճիշտ նժարով չեն դատում,- ասաց նա՝ ավելացնելով,-ոչ ոք չի մտածում, որ այս մարդիկ հնարավորություն չունեն ապրելու: Մենք ընդամենն այդ մասնագիտությունն ունենք, ուրիշ մասնագիտություն չունենք, 15 տարի աշխատել ենք, եւ չգիտես ի՞նչ պայմաններում, ում որոշումներով կատարվեց այդ քայլը: Մենք ընտանիքներ ունենք, կոմունալ վճարումներ ունենք, տուն ունենք, վարձով ենք ապրում. այդ ամեն ինչը մի կողմ են դրել, չգիտես ինչո՞ւ հիմնարկի շահերը բարձր պահելու համար… Հայաստանի քաղաքացի ենք, բայց չենք կարողանում արժանապատիվ ապրել, տեսնում ենք դատարանում այսպիսի որոշում: Ոչ ոք չի հետաքրքրվել, թե այս մարդիկ այս երկու տարիների ընթացքում ինչպես են ապրում»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031