«Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև այն աշխատանքը, որը կատարվել է սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակման ընթացքում, եղել է թափանցիկ, և այդ աշխատանքներին մասնակցել են նաև ընդդիմադիր քաղաքական ուժերը: Տարբեր փուլերում տարբեր քաղաքական ուժեր իրենց ներդրումն են ունեցել սահմանադրական բարեփոխումները կյանքի կոչելու գործում»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն, որը պատահական չի համարում սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական կոնսոլիդացիայի առկայությունը:
Ըստ նրա, Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների քվեարկությանը նախորդած իրադարձությունները ցույց էին տալիս, որ քաղաքական կոնսոլիդացիան ի վերջո կայանալու էր:
Գագիկ Մինասյանը կարևորում է այն, որ սահմանադրական բարեփոխումների նախագծի վերջնական տարբերակում տեղ են գտել նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացրած բազմաթիվ առաջարկներ. «Եվ պատահական չէ, որ սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվողները խուսափում են նախագծի բովանդակությանն անդրադառնալուց, քանի որ նախագծի վերջնական տարբերակում լուծված են նրանց բոլոր մտահոգությունները»:
Իշխանական պատգամավորը բացարձակ անհիմն է համարում հնչող կարծիքները, թե սահմանադրական բարեփոխումներն արվում են իշխանությունների վերարտադրումն ապահովելու համար:
Կարդացեք նաև
«Ես կարող եմ ասել, որ վերջին 20 տարիներին Հայաստանում իրականացված սահմանադրական գործընթացները եղել են դինամիկ զարգացող հասարակության պահանջ և մեկ քայլ առաջ են եղել»,- հավելեց Գագիկ Մինասյանը:
Aravot.am-ի հարցին`«Ոչ»-ի ճակատի մի հատվածը սպառնում է սահմանադրական բարեփոխումների գործընթացը վերածել իշխանափոխության գործընթացի, կարծում եք կհաջողե՞ն: «Կարծում եմ, չեն հաջողի»,- կարճ պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավորը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ