Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) այսօր մի շարք դպրոցների եւ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները հավաքեցին 30մ2 մակերեսով «փազլ»՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության քարտեզի տեսքով: Յուրօրինակ ինստալյացիան նվիրված էր Գերմանիայի վերամիավորման 25-ամյակին, որն այս տարի է տոնվում: «Փազլ»-ի կտորները նախապես տրամադրվել էին աշակերտներին եւ ուսանողներին՝ ձեւավորելու համար:
Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց, որ 2015 թվականն առանձնահատուկ է ոչ միայն Հայաստանի, այլեւ Գերմանիայի համար. «1989թ. խաղաղ հեղափոխությունից հետո՝ 1990թ. հոկտեմբերի 3-ին գերմանական երկու պետությունները վերջապես վերամիավորվեցին: Այդ իրադարձությունը նշում ենք նաեւ այսպիսի միջոցառումների տեսքով, եւ եթե «փազլ»-ին հակառակ կողմից նայեք, կտեսնեք վերամիավորված Գերմանիան»:
Դեսպանն ասաց, որ աշակերտների աշխատանքը բավականին գոհացուցիչ է. «Համոզվեցի, որ յուրաքանչյուր հայ թաքնված արվեստագետ է»:
Կարդացեք նաև
Հավելենք, որ նոյեմբերի 13-ից «փազլ»-ը կներկայացվի նաեւ Գյումրիի «Բեռլին արտ» հյուրանոցում:
Գերմանիայի վերամիավորման 25-ամյակի առթիվ նաեւ վավերագրական ֆիլմ է նկարահանվել՝ «2+4+X»-ը, որը ներկայացնում է վերամիավորման դժվարին ճանապարհը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ