Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել, ըստ որի՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում նախատեսվում է տպագրել 2 միլիոն 31 հազար 500 ծանուցագիր, ինչը ընտրողների ընդհանուր թիվն է: Ըստ այդ նույն տեղեկատվության՝ վերջին ընտրություններում` 2013 թվականին, ընտրողների թիվը մոտ 2 մլն 506 հազար էր, և արվել են անհիմն մեկնաբանություններ, թե իբր ընտրողների թիվը նվազել է մոտ կես միլիոնով:
ՀՀ ոստիկանությունը անհրաժեշտ է համարում պարզաբանել հետևյալը.
ՀՀ կառավարության 2015 թ. հոկտեմբերի 15-ի նիստի օրակարգի 29-րդ հարցով քննարկվող որոշման նախագծի հավելվածում նշված 2031500 թիվը վերաբերում է ոչ թե ընտրողների, այլ քվեարկության օրվա, ընտրական տեղամասի համարի, քվեարկության տեղի և ժամանակի մասին ծանուցվող անձանց քանակին, առավել ևս մեկ տող ներքև «Ցուցակների տպագրում (մարդ)» տողի դիմաց առկա է 2548654 քանակական ցուցանիշը:
ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ համայնքում մեկից ավելի ընտրական տեղամաս կազմավորվելու դեպքում լիազոր մարմինն ընտրողներին ուղարկում է ծանուցագրեր` քվեարկության օրվա, ընտրական տեղամասի համարի, քվեարկության տեղի և ժամանակի մասին, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ: Այսինքն, այն համայնքներում, որտեղ մեկից ավելի տեղամասեր չեն կազմավորվելու, քվեարկության օրվա, ընտրական տեղամասի համարի, քվեարկության տեղի և ժամանակի մասին ծանուցումներ չեն ուղարկվելու: ՀՀ ընտրական օրենսգրքով նման դրույթի նախատեսումը պայմանավորված է լրացուցիչ ծախսեր կատարելուց զերծ մնալու համար, ինչպես նաև այն կհամարվի անիմաստ գործողություն, քանի որ համայնքում տեղամասը լինելու է մեկը:
Կարդացեք նաև
Տեղեկացնում ենք նաև, որ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ հանրաքվեն նախապատրաստվում և անցկացվում է հրապարակայնորեն՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով համապետական ընտրությունների համար սահմանված կարգին համապատասխան՝ նշված օրենքի առանձնահատկությունների հաշվառմամբ: ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2015 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 61-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 28-րդ կետի համաձայն՝ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը՝ նաև յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը, պաշտոնապես հրապարակվելու է 06.11.15թ.-ին, այնուհետև վերը նշված հոդվածով և ժամանակացույցով սահմանված պարբերականությամբ՝ 16.11.15թ.-ին, 26.11.15թ.-ին և 05.12.15թ.-ին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ