Այսօր «Դիալոգ» ակումբում Ռուսաստանից ժամանած երկու փորձագետներ հրավիրված էին ասուլիսի. նրանք, բառի բուն իմաստով, Ռուսաստանի քարոզչությունն էին տանում, ներկայացնում էին, թե ինչքան լավն է Ռուսաստանը եւ ինչքան վատն են Եվրոպան ու Ամերիկան: Ասուլիսը ռուսերեն էր, առանց թարգմանչի: Հայաստանյան լրատվամիջոցների լրագրողներն էլ հարցերը եւս ռուսերեն էին հնչեցնում:
Մոսկվայի նորագույն տեսությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը ասաց, որ Ռուսաստանը բարեկամ է Հայաստանի հետ, եթե քարտեզը նայենք, մի անկյունից Իրաքն է, մյուս կողմից՝ Թուրքիան, մի քիչ այն կողմ էլ՝ Սիրիան: Մարտինովն ասաց, որ աշխարհն այլեւս միաբեւեռ չէ եւ Ռուսաստանը հակակշիռ է Եվրոպային ու Ամերիկային:
Անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը, Մարտինովն ասաց, որ քննադատություններ շատ կան, Հայաստանը ինտեգրվել է ոչ թե ռուսական տնտեսությանը, այլ ԵՏՄ-ի, որտեղ պայմանները հավասար են. «Ռուսաստանը Հայաստանին ամենաէժան գնով է գազ տալիս: Միությունում կա Ռուսաստանի եւ Ղազախստանի ամենամեծ շուկան, որը մեծ հնարավորություններ է տալիս Հայաստանին եւ այնպես չէ, որ հենց մտանք շուկա՝ միանգամից ամեն ինչ լավ է լինելու: Միությունը հնարավորություն է Հայաստանի կառավարության եւ բիզնեսի համար»:
Մանրամասն՝ տեսանյութում
Ասուլիսի մյուս բանախոսը՝ Մոսկվայի տնտեսագիտական բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Օլեգ Մատվեյչեւը նշեց, որ ոչ ոք դեմ չէ, որպեսզի Հայաստանը համագործակցի Եվրոպական միության երկրների եւ ԵՏՄ ոչ անդամ պետությունների հետ: Մատվեյչեւի խոսքերով՝ տնտեսական ճգնաժամը կամ վատ իրավիճակը միայն Ռուսաստանում չէ, ամբողջ աշխարհում էլ վատ է եւ ավելի վատ է լինելու: Բանախոսները նկատեցին, որ պետք է ազնիվ լինել եւ մարդկանց տեղեկացնել, նախապատրաստել, որ տնտեսական իրավիճակը վատանալու է:
Բանախոսները վստահեցրին, որ ԵՄ-ն շուտով կվերացնի տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, քանի որ հիմա Եվրոպայում իրավիճակը շատ վատ է, միլիարդներ են կորցնում, խեղդվում են միգրանտների հոսքից:
Մանրամասները՝ տեսանյութում:
Անդրադառնալով Ռուսաստանի ներգրավվածությանը Սիրիայում պատերազմին, Մարտինովն ասաց. «Մենք չէինք պատրաստվում պատերազմել, բայց Ռուսաստանի համբերությունը սպառվել է»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ