Վերջերս Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղի դպրոցին կից ինտերնետ-ակումբն անվանակոչվեց Աղաձորի բնակիչ, այս տարվա մարտի 19-ին թշնամու հետ անհավասար մարտում հերոսաբար նահատակված ժամկետային զինծառայող Հակոբ Խաչատրյանի անունով: Անվանակոչությանը ներկա էին նաև ամերիկահայ 3 բժիշկներ: Միջոցառումից հետո այցելեցի Իշխանաձորի բուժկետ, որտեղ մեր հայրենակից բժիշկներն առավոտվանից կազմակերպել էին հիվանդների ընդունելություն: Մանկաբույժ Կարինե Լեփեջյան-Վասիլյանն այդ պահին արդեն 13 երեխայի էր զննել, տվել խորհուրդներ, հատկացրել դեղեր: Ասաց՝ վերջերս ԱՄՆ Ֆրեզնո քաղաքի մոտ 25 բժիշկներ ՀՀ տեղի գլխավոր հյուպատոս Պերճ Աբրահամյանի գլխավորությամբ այցելել են Երևան: Ինքը, ստոմոտոլոգ ամուսինը՝ Վաչե Վասիլյանը և թերապևտ Կարո Խաչիկյանն իրենց հանգստյան օրերին այցելել են Արցախ և որոշել են լինել Քաշաթաղի շրջանում: Կովսականի տեղամասային հիվանդանոցի տնօրեն, բժշկուհի Լուսինե Սարգսյանը տեղեկացրեց, որ բժիշկներն իրենց հետ բերել են նաև սոնագրաֆիայի, և ռենտգեն սարքավորումներ ատամնաբուժական նյութեր ու գործիքներ, դեղորայք: Ստոմոտոլոգ Վաչե Վասիլյանը ծնունդով Բեյրութից է, 1988-ին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: Արդեն 8 տարի է՝ բնակվում է, ինչպես ինքն ասաց, Վիլյամ Սարոյանի, Անդրանիկի, Մոնթեի, այլ նշանավոր հայազգի գործիչների քաղաքում: Այնտեղ ունի սեփական ատամնաբուժական կլինիկա:
Այդ օրը 10-ից ավելի հիվանդների էր ընդունել:
-Հիմնականում երեխաներ են,-ասաց Վաչեն, կա կարիեսի խնդիր. մեծ մասի պատճառն ատամների վատ խնամքն է, սակայն իր տեղն ունի նաև ջուրը:
Բոլոր այցելուներին բժիշկը տրամադրում էր ատամի խոզանակ, մածուկ և տալիս խորհուրդներ:
-Մեծ ուրախությամբ եկանք այստեղ, արդեն երկրորդ օրն է, հիացած եմ տեղի բնակիչներով, իսկական հերոսներ են, որ այս պայմաններում ապրում են ու ստեղծում, դպրոցներ բացում, -ասաց Վաչեն՝ հավելելով, -այստեղից գնալու եմ ավելի լիցքավորված, ավելի հայացած: Խոնարհվում եմ այս ժողովրդի առջև. Հայ ժողովրդի, որ ոչնչից կյանք է ստեղծում:
Թերապևտ Կարո Խաչիկյանը նույնպես ծնվել է Բեյրութում: 1990 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը և տեղափոխվել ԱՄՆ, սկզբում աշխատել է Նյու-Յորքում, մասնագիտացել ներքին օրգաններ հիվանդությունների բնագավառում: 10 տարի աշխատել է Մինեսոտա նահանգում և 8 տարի է, ինչ բնակվում և աշխատում է Ֆրեզնոյում, ունի 2 տղա՝ 15 և 17 տարեկան: «Քայզր» կլինիկայում, որտեղ աշխատում են 60-ից ավելի բժիշկներ, ամբիոնի վարիչ է: Կարոն նույնպես 10-ից ավելի հիվանդների էր ընդունել: Ասաց՝ բոլորին էլ տվել է խորհուրդներ, համապատասխան դեղորայք:
-Լուրջ խնդիրներ չունեին, բայց մշտապես պետք է հետազոտվեն, հատկապես կային այցելուներ, որ ունեն արյան ճնշման խնդիր, դիաբետիկ հիվանդներ են:
5 տարի առաջ է Արցախ այցելել, սակայն եղել է Ստեփանակերտում, իսկ այստեղ առաջին անգամ է:
-ԱՄՆ-ում, Եվրոպայում շատերը չեն պատկերացնի, որ կապրեն այսպիսի պայմաններում, ինչպես մեր հերոս հայրենակիցներն են, -ասաց Կարոն,-մեր այստեղ գալն ինչ-որ տեղ մարդասիրական առաքելություն է, ցավոք ժամանակը քիչ է: Մեր պարտքն է միշտ լինել Արցախի հերոս ժողովրդի կողքին, հատկապես այս օրերին, երբ սահմանում անհանգիստ է: Ամերիկահայ բժիշկներն անվանակոչության միջոցառումից առաջ զրուցեցին նահատակ-հերոսի ծնողների հետ: Հիացած էին նրանց պահվածքից, որ իրենց միակ որդու մարմինն ամփոփել են ազատագրված հայրենի հողում՝ Աղաձորում, և այն դարձել է սրբատեղի, ուխտավայր: Բժիշկներից գոհ էին բնակիչները, բուժկետի աշխատակիցները: Հատկապես ուրախ էր Կովսականի տեղամասային հիվանդանոցի տնօրենը, որ մեր հայրենակիցները բուժհիմնարկին նվիրել են այդքան կարևոր սարքավորումներ: Բացի այդ կայացած բարեկամությունը շատ կարևոր է: Լ. Սարգսյանը տեղեկացրեց, որ հաջորդ օրը բժիշկներն աշխատելու են Կովսականի տեղամասային հիվանդանոցում, որտեղ ավելի շատ այցելուներ կլինեն: Իշխանաձորի գյուղական համայնքի ղեկավար Արսեն Թելունցը կարևորեց բժիշկների այցը տարածք և հայտնեց շնորհակալություն:
Զոհրաբ Ըռքոյան