Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի ԲԿ-ի նախկին տնօրենի եւ մյուսների գործը տեղափոխվել է ՀԿԳ վարչություն

Հոկտեմբեր 15,2015 11:33

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից նույն կոմիտեի հատկապես կարեւորագույն գործերի քննության գլխավոր վարչություն է տեղափոխվել Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եղբայր Հրաչյա Ներսիսյանի, նրա հարազատների եւ Իջեւանի երաժշտական դպրոցի շվիի նախկին դասատու Էդգար Ամիրյանին առնչվող քրեական գործերի քննությունը: Իրավապահներից տեղեկացանք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28 հոդվածի համաձայն այդ գործերը միավորվել են մեկ վարույթում:

Հրաչյա Ներսիսյանի կողմից յուրացման դեպքի կապակցությամբ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական գործի շրջանակներում անհրաժեշտության է առաջացել խուզարկություն կատարել Իջեւանում գտնվող Հ. Ներսիսյանի բնակարանում: 2015թ. հունիսի 9-ին դատարանի որոշումով Տավուշի մարզային քննչական վարչության քննիչը փորձել է Հ. Ներսիսյանի բնակարանում խուզարկություն կատարել, սակայն մի խումբ անձինք դրան խոչընդոտել են:

Այդ կապակցությամբ Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Գործի բազմակողմանի,լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելը»): Սույն հոդվածով 6 մեղադրվողներն են Հրաչյա Ներսիսյանը, վերջինիս որդին, Հ. Ներսիսյանի եղբայր Վրեժ Ներսիսյանը, վերջինիս երկու որդիները եւ Էդգար Ամիրյանը : Հ. Ներսիսյանի եւ է. Ամիրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 344 հոդվածով 1-ին մասով («Դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը»):

Հավելենք, որ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում շարունակվում է Իջեւանի նախկին քաղաքապետ, անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար Վարուժան Ներսիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308 («Պաշտոնական լիազորությունները չարաշահելը») եւ 314 («Պաշտոնական կեղծիքը») հոդվածներով հարուցված քրեական գործի քննությունը: Այդ քրեական գործը վերաբերում է Իջեւանի շախմատի տան առաջին հարկի տարածքի նախկինում տնօրինմանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031