2013 թվականի օգոստոսի վերջին, դեռ հայտնի չէր, որ անդամակցում ենք ԵՏՄ-ին, հրապարակվեց մի զեկույց այն մասին, թե տնտեսապես ի՞նչ կշահի Հայաստանը՝ ստորագրելով Եվրամիության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը։ Այս հարցին պատասխանելու համար Եվրահանձնաժողովը հետազոտություն էր պատվիրել նիդեռլանդական հեղինակավոր Ecorys կազմակերպությանը։ Այն գնահատել է ԽՀԱԱԳ ազդեցությունը և 209 էջանոց փաստաթղթով ներկայացրել իր եզրակացությունները։
Այնտեղ վարդագույն հեռանկարներ չէին հրամցված՝ բավականին իրատեսական գնահատականներ էին։ Սակայն, ամեն դեպքում, վատ էլ չէր լինելու։ Օրինակ՝ նշվում էր, որ երկարաժամկետ հեռանկարում ԵՄ ազգային եկամուտը կավելանա 74 միլիոն եվրոյով, իսկ Հայաստանինը՝ կրկնակի շատ՝ 146 միլիոն եվրոյով։ Պարզապես, հաշվի առնելով տնտեսությունների չափերի տարբերությունը՝ տոկոսային առումով դրական էֆեկտը ԵՄ-ի համար չափազանց փոքր ցուցանիշ կկազմեր, իսկ Հայաստանի համար դա կնշանակեր՝ ազգային եկամտի 2.3 տոկոսանոց աճ։ Նշվում էր նաև, որ Հայաստանի ՀՆԱ-ն կարճաժամկետ հեռանկարում կաճի լրացուցիչ 1.1%-ով, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ 2.3%-ով։ Առանձին բաժիններով նշվում էր, թե ինչ կշահենք արդյունաբերության ոլորտում, առևտրի, ծառայությունների, սոցիալական ոլորտներում, և այլն։ Այսինքն՝ մինչև փաստաթղթի ստորագրումը (որն այդպես էլ չստորագրեցինք) եվրոպացիները սեփական ուժերով մեզ համար հաշվարկել էին, թե տնտեսապես ինչ է տալու մեզ Ասոցացման համաձայնագիրը։
Հետո եղավ ԵՏՄ-ին անդամակցելու անսպասելի որոշումը։ Վերը նշված 209 էջանոց տնտեսական ուսումնասիրությանը հակադրեցին ԵՏՄ-ի օգտին խոսող միայն մեկ «փաստարկ»՝ 170 միլիոնանոց շուկա։ Այսինքն՝ տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից մենք ԵՏՄ մտանք փակ աչքերով։ Ասել է թե՝ մտնենք, հետո կերևա՝ ինչ օգուտ կունենանք։ Չէ՞ որ, ի վերջո, 170 միլիոնանոց շուկա է բացվում մեր առջև։
Մտանք։ Արդեն 10-րդ ամիսն է՝ մեջն ենք։ Տնտեսապես ի՞նչ ենք շահել՝ ոչինչ։ Ի՞նչ ենք կորցրել… Այս հարցին պատասխանելու համար բավական է աչքի անցկացնել պաշտոնական վիճակագրության զեկույցները։ Գրեթե բոլոր ուղղություններով (արտաքին առևտրաշրջանառություն, ներդրումներ, մասնավոր փոխանցումներ) ամենաշոշափելի անկումը գրանցվել է հենց ԵՏՄ մեր գործընկերների գծով, առաջին հերթին՝ Ռուսաստանի։ Օրինակ՝ այս տարվա հունվար- օգոստոսին ՀՀ-ից արտահանումն աճել է 0.5%-ով, իսկ ՀՀ-ից Ռուսաստան արտահանումը՝ նվազել 30%– ով։ Կամ, մասնավոր անձանց կողմից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումներն ընդհանուր առմամբ նվազել են 27.7%-ով, իսկ Ռուսաստանից՝ 40%-ով։
Իհարկե, կարելի է ասել, որ այդ անկումները պայմանավորված չեն ԵՏՄ-ի կամ ԵՄ-ի հետ համաձայնագրերի ստորագրումով և օբյեկտիվ պատճառներ ունեն։ Սակայն հարցն այն է, որ մենք փաստացի կապվել ենք մի տարածքի հետ, որտեղից ոչ միայն ռեալ օգուտներ չկան, այլև կոնկրետ վնասներ ենք ստանում։
Այսինքն՝ կարող ենք ասել, որ քաղաքականությունը կերավ այն տնտեսական օգուտները, որ կարող էինք ունենալ ԵՄ-ի հետ Առևտրի համաձայնագիրը ստորագրելու դեպքում։ Ու այսօր մեզ մխիթարում ենք ինչ-որ անհասկանալի քաղաքական փաստաթուղթ ստորագրելով, որը, եթե լուրջ բան լիներ, ապա կունենայինք սեպտեմբերի 3-ի կրկնության պես մի բան։
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում