Լրահոս
Օրվա լրահոսը

Էկոնոմիկայի նախարարությունը ոչինչ չի ձեռնարկում, այնինչ ստեղծված իրավիճակը զգալի չափով նաեւ այս կառույցի վատ աշխատանքի արդյունքն է. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 15,2015 11:12

Կարծես թե արդեն սովորույթ է դառնում այն, որ մեր երկրում պաշտոնյաները գյուղացիների ձայնը լսում են միայն այն դեպքում, երբ նրանք դիմում են ծայրահեղ քայլերի եւ փակում են այս կամ այն մայրուղին։ Խաղողագործների պարբերական բողոքի ակցիաներին երեկ հաջորդեց Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչների ընդվզման դրսեւորումը՝ դարձյալ միջպետական ճանապարհի փակման տեսքով։

Երեկ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչները սմբուկի եւ լոլիկի մթերման ցածր գների եւ վարկային մեծ պարտավորությունների պատճառով փակել էին Երեւան-Արմավիր միջպետական ճանապարհը։ Նրանք պահանջում են լուծել պտուղ-բանջարեղենի մթերման հետ կապված խնդիրները, բանակցել բանկերի եւ վարկային կազմակերպությունների հետ, որպեսզի վերջիններս սառեցնեն վարկերի տոկոսադրույքները, քանի որ այս տարի ընդհանրապես չեն կարողացել բերք իրացնել։ Բողոքող գյուղացիների խոսքերով՝ սմբուկ, լոլիկ մթերող կազմակերպությունները մեկ կիլոգրամի դիմաց առաջարկում են 40 դրամ, ինչը, բնականաբար, գյուղացիների համար անընդունելի գին է։

Երեկ բողոքող գյուղացիների հետ հանդիպման գնացած Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «ԱԳԲԱ կրեդիտ Ագրիկոլ» բանկի Էջմիածնի եւ Արմավիրի մասնաճյուղերի կառավարիչներին, «Նոյան» բնական հյութերի գործարանի տնօրենին եւ մի քանի արշալույսցիների հրավիրել էր մարզպետարան՝ խորհրդակցության։

Օրվա վերջում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ բանկի ներկայացուցիչները խոստացել են բոլորի հետ անհատական աշխատել, անգամ վարկավորման խնդիր կարգավորել։ «Նոյան» գործարանի տնօրենը պատրաստակամություն հայտնեց 1500 տոննա լոլիկ մթերել՝ 40 դրամով։ Իսկ սմբուկի մասով Պռոշյանի գործարանը, նաեւ «Նոյան»-ը, պատրաստ է օրական 5-10 տոննա մթերել՝ 30 դրամով»,-ներկայացրեց մարզպետը։

Թեեւ նշված գինը չափազանց ցածր է, այնուամենայնիվ, գոնե խնդրին ինչ-որ լուծում է, եւ գոնե մարզպետը ինչ-որ քայլեր անում է։ Մինչդեռ մեր Կառավարությունում կան բազմաթիվ օղակներ, որոնց անգործության արդյունքում է այսօր նման պատկեր ստեղծվել։ Ինչպես հայտնի է՝ ավելի քան մեկ ամիս է, ինչ ՀՀ Արմավիրի, Արարատի, Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերի բնակիչները կանգնած են խաղողի մթերման հետ կապված դժվարությունների առաջ։ Մինչ բոլորը շտապում են քարկոծել գյուղատնտեսության նախարարությանը, նկատենք, որ էկոնոմիկայի նախարարությունը նույնպես իր մասով ոչինչ չի ձեռնարկում, այնինչ ստեղծված իրավիճակը զգալի չափով նաեւ այս կառույցի վատ աշխատանքի արդյունքն է։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031