Հայաստանի պետական պարտքը ավելանալուն զուգընթաց թանկանում է։ Սա անշուշտ բացասական միտում է, որը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում պարտքի սպասարկման համար։
Համաձայն ֆինանսների նախարարության տվյալների, հոկտեմբերի 1-ի դրությամբ կառավարության ստանձնած վարկային պարտավորությունների միջին տոկոսադրույքը եղել է 4,6 տոկոս։ Այն դեպքում, երբ տարեսկզբին 4,2% էր։
Սա նշանակում է, որ ինը ամսվա ընթացքում պարտքը թանկացել է 0,4 տոկոսով։ Թվում է, թե աճը բարձր չէ։ Սակայն երբ հաշվի ենք առնում պարտքի մեծությունը, ապա 0,4 տոկոսը շոշափելի ծանրություն է։
Պետական պարտքի թանկացումը պայմանավորված է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով։ Որքան պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ նկատմամբ ավելանում է, այնքան նվազում են ավելի շահավետ պայմաններով նոր միջոցներ գտնելու հնարավորությունները։ Պարտքի այդպիսի մակարդակը, հատկապես արտաքին վարկատուների շրջանում որոշակի մտահոգություններ է առաջացնում։ Այլ կերպ ասած, մեծանում է պարտքի վերադարձման ռիսկայնությունը, ինչն էլ ուղղակիորեն ազդում է ներգրավվող նոր միջոցների տոկոսադրույքների վրա։
Այս պայմաններում Հայաստանը ստիպված է երբեմն ներգրավել ավելի թանկ փողեր։ Մի բան, որ ծանրացնում է պետական պարտքը։
Տարվա ընթացքում պարտքի թանկացում է տեղի ունեցել առաջին հերթին արտաքին աղբյուրներից ֆինանսական միջոցների ներգրավման ժամանակ։ Դա վերաբերում է առաջին հերթին եվրոպարտատոմսերին, որոնց վերջին թողարկման ձեռքբերման գինը կազմեց 7,5 տոկոս։
Դրա հետեւանքով զգալիորեն ավելացել է այս հատվածից ներգրավվող միջոցների միջին տոկոսադրույքը. եթե մինչեւ եվրոպարտատոմսերի երկրորդ թողարկումը 6,3 էր, ապա թողարկումից հետո հասել է 6,9 տոկոսի։
Սրանք արտաքին աղբյուրներից Հայաստանի ներգրաված ամենաթանկ գումարներն են։ Դրանք առնվազն 4,6 անգամ գերազանցում են միջազգային ֆինանսական կազմակերպություններից, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամից եւ Համաշխարհային բանկից վերցրած միջոցների գնին։
Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում