Լրահոս
Օրվա լրահոսը

Հավաքականի ղեկն ստանձնող գլխավոր մարզիչները չպետք է թրջված թաշկինակի նման արագ-արագ իրար փոխարինեն. «Հրապարակ»

Հոկտեմբեր 15,2015 10:25

Եվրո-2016-ի նախընտրական փուլը մեր հավաքականի համար աննախադեպ կարեւոր ու միգուցե նաեւ շրջադարձային կարող էր հանդիսանալ, քանի որ ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ եզրափակչի ուղեգրի հնարավորություն էր ընձեռվում նաեւ երրորդ տեղը գրաված թիմին (դա ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի ֆուտբոլային նորամուծության արդյունքն էր, որով այսուհետ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին պետք է մասնակցի ոչ թե 16 թիմ, ինչպես մինչ այժմ եղել է, այլ՝ 24), ուստի եզրափակիչում հայտնվելու շանսերը զգալի մեծանում էին։ Իսկ նախորդ երկու նախընտրական մրցափուլերում մեր հավաքականի ցուցադրած խաղը հույս էր ներշնչում, որ եկել է ժամանակը, որ մեր ազգային դրոշը տեսնենք եզրափակչի խաղերին ծածանվելիս։

Այնինչ, ամեն ինչ ընթացավ բոլորովին այլ սցենարով։ Պատասխանատու եւ վճռորոշ պահին թիմի ղեկն ստանձնեց ոչ թե անվանի, իրեն դրսեւորած մարզիչ, այլ գրեթե պատահական, մինչ այժմ իր մարզչական նվաճումներով աչքի չընկած շվեյցարացի Բեռնար Շալանդը։ Դա հերիք չէր, մրցափուլի կեսից նրա վրա բարդելով անհաջող ելույթների պատասխանատվությունը, մեր ֆեդերացիայի այրերը որոշեցին նրանից հրաժարվել ու փոխարինեցին Սարգիս Հովսեփյանով։ Մարզչական այս ռոտացիաներից ակնհայտ երեւում էր, որ ՀՖՖ քաղաքականությունը քավության նոխազներ փնտրելն էր, այլ ոչ թե իրավիճակն առողջացնելը։

Այնպես որ, կարծում եմ, բոլոր այն ֆուտբոլասերները, ովքեր Հայաստան-Ալբանիա խաղից հետո Հանրապետական մարզադաշտում վանկարկում էին՝ «Սաքո, հեռացիր», պետք է որ քաջ գիտակցեին, որ բանը Սաքոյի մեջ չէ…

Արդյունքում այս մրցափուլը մեր ազգային հավաքականի գրեթե քառորդդարյա ելույթների պատմության մեջ ամենաանհաջողը եղավ՝ ընդամենը ձեռք բերած երկու միավոր, որով համարյա թե գնացինք-հավասարվեցինք մալթաներին ու սան-մարինոներին։ Անգամ 1990-ականների սկզբներին, երբ մեր հավաքականը նոր-նոր էր կազմավորվում, իսկ մեր ակնկալիքներն էլ ընդամենը սեփական հարկի տակ եվրոպական ֆուտբոլային աստղերին տեսնելն էր, ու ոչ ոք անգամ չէր երազում լուրջ հավակնությունների մասին, մեր ազգայինը ամենավատ դեպքում 4 միավոր է վաստակել։

Էլի երեւի հույսներս կապենք հաջորդ՝ 2018 թ. աշխարհի առաջնության նախընտրական մրցափուլի հետ. միգուցե այնտեղ ինչ-որ բան ստացվի։ Սակայն դրա համար պետք է սկզբունքային հարցեր լուծվեն։ Հավաքականի ղեկն ստանձնող գլխավոր մարզիչները չպետք է թրջված թաշկինակի նման արագ-արագ իրար փոխարինեն, եւ բոլորը վերջապես պետք է գիտակցեն, որ նախընտրական փուլի խաղերը խաղադրույքներ անելու կամ մրցակցին «նվիրելու» միջոցով գումարներ վաստակելու միջոց չեն։

Լեւոն ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031